Լրահոս

11.04.2012 10:26


Զոլյանը ոչնչություն է անվանել, Աշոտյանը Զոլյանին բարեկրթության բոլոր սահմաններն անցնելու համար է մեղարդել

Զոլյանը ոչնչություն է անվանել, Աշոտյանը Զոլյանին բարեկրթության բոլոր սահմաններն անցնելու համար է մեղարդել

Ինչպես հայտնի է, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը կարգապահական տույժի է ենթարկվել ու խիստ նկատողություն ստացել: Նաև նախարարությունը մարտի 20-27–ը կրթական գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացրել և Վ. Բրյուսովի անվան համալսարանում լուրջ խախտումներ հայտնաբերել։

Իր հերթին, Զոլյանն Աշոտյանի հրամանի կապակցությամբ դիմելու է դատարան և ՀՀ վարչապետին:

«Չգիտեմ, թե ինչ նմանատիպ, աչքի ընկնող նվաճումներ ունի Տիգրան Սարգսյանի կառավարությունը, սակայն այդ հրամանի շնորհիվ այն հաստատ կարող է հավակնել Գինեսի գրքում հայտնվելուն: Իսկապես՝ ինչ մտքի տեր պետք է լինել, որպեսզի Եվրախորհրդի Նախարարների խորհրդի կողմից ընտրված Փոքրամասնությունների կամ տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի անդամին խիստ նկատողություն հայտարարել  Կոմիտեի պլենար նիստին մասնակցելու համար: Եվ դա այն դեպքում, երբ համապատասխան Խարտիայում հստակ նշված է, որ կառավարությունը չպիտի միջամտի փորձագետի գործունեությանը: Պարզից էլ պարզ է. դատարանը անվավեր կճանաչի այս անհեթեթ հրամանը, ուստի ես որեւէ անհանգստանալու բան չունեմ: Պարոն Աշոտյանը ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները, նույն հաջողությամբ նա կարող էր հրամայել ինձ գլխատել կամ աքսորել Լուսին: Սակայն այստեղ ես նաեւ դրական բան եմ տեսնում. դատաքննության ընթացքում կհրապարակվի այս որոշմանը նախորդած նամակագրությունը եւ ակներեւ կդառնա պարոն Աշոտյանի մտավոր եւ բարոյական մակարդակը, ինչից թող հետեւություններ անեն նրա գործընկերները կառավարությունում եւ կուսակցությունում: Դիմելու ենք նաեւ վարչապետին, որպեսզի նա նախ՝ վերացնի նշված հրամանը եւ որոշի պարոն Աշոտյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը: Թե չէ՝ ժողովրդի լեզվով ասած՝ հիվանդը չի ամաչում, հիվանդի տերն է ամաչում,–«Առավոտին» ասել է Ս. Զոլյանը,–առհասարակ, ես ղեկավարվում եմ իմ սկզբունքով. նախարարի մասին կամ լավ, կամ ոչինչ՝ հատկապես այն դեպքում, երբ նախարարը ոչնչություն է։ Իսկ ինչքանով դա կարող է վերաբերվել գործող նախարարին, այդ մասին թույլ տվեք չմանրամասնել»։

Անդրադառնալով Զոլյանի այս պահվածքին՝ Արմեն Աշոտյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ընդհանրապես վերջին ամիսներին Ս. Զոլյանը աչքի էր ընկնում իր տարօրինակ պահվածքով: Ցավում եմ, որ իր անհամաձայնությունն հայտնելու արտահայտչամիջոցների մեջ նա անցել է բարեկրթության բոլոր սահմանները»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը