Լրահոս

10.04.2012 10:29


Լևոն Բարսեղյան. «Ովքեր կարծում են, թե ադրբեջանական կամ թուրքական ֆիլմերի ցուցադրությունը Հայաստանում վնասում է մեր ազգային անվտանգությանը, տկարամիտներ են»

Լևոն Բարսեղյան. «Ովքեր կարծում են, թե ադրբեջանական կամ թուրքական ֆիլմերի ցուցադրությունը Հայաստանում վնասում է մեր ազգային անվտանգությանը, տկարամիտներ են»

Ապրիլի 12-ին Գյումրիում նախատեսված ադրբեջանական ֆիլմերի փառատոնի համար իր տարածքն է տրամադրել «Ասպարեզ» ակումբը: Վերջինի նախագահ Լևոն Բարսեղյանը «Ֆեյսբուքի» իր էջում բացատրել է իր այս քայլի դրադապատճառները.

«1. Ասպարեզ ակումբի խոսքի ազատության սրահը 12 տարի շարունակ բոլոր հնարավոր կամեցողներին տրամադրվել է առանց նախնական կամ այլ գրաքննության: Մարդիկ կամեցել են խոսք ասել, բողոքել, գովալ, ֆիլմ ցուցադրել, վարժանք ներկայացնել... և այլն` օր ու ժամ են պայմանավորվել, եւ եկել ասել-արել են: Մեր պարտականությունը արտահայտման պայմաններ տրամադրել ու ԶԼՄ-ներին տեղեկացնելն է եղել այդ մասին: 12 տարում ավելի քան 1000 մամլո ասուլիս և 200 քննարկում է եղել ակումբում, բոլորն անվճար: Ակումբում տեղի ունեցած ասուլիսների և քննարկումների ժամանակ անգամ քննադատել են ակումբը: Ազատ արտահայտման հնարավորության ստեղծումը խոսքի և արտահայտման ազատության պաշտպանությունը ակումբի հիմնադիր սկզբունքն է: 

2. Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը մեկ ամիս առաջ դիմել է ակումբին՝ խնդրելով վրացական և ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության համար տարածք տրամադրել ակումբում, ինչը չենք մերժել այնպես, ինչպես չենք մերժել վերը նշված հազարից ավելի դեպքերում: Երկու շաբաթ առաջ ցուցադրվել են վրացական «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ» և «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ-2» ֆիլմերը: Դիտումներին մասնակցել են 15-20 հոգի, այդքանն են հետաքրքրված եղել: Ապրիլի 12-ին նախատեսվում է ադրբեջանական 4 կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություն, ընդահանուր տևողությունը, ինձ ասացին` մոտ 70 րոպե է: Ակումբը այդ և հարանման ցուցադրություններից/միջոցառումներից որևէ ֆինանսական կամ նյութական եկամուտ չունի և չի ունեցել: 

3. Մի կողմից Հայաստանում գոյություն չունի որևէ օրենք նման ցուցադրությունն արգելելու համար, մյուս կողմից ոչ ակումբը, ոչ էլ ես իրավունք չունենք որոշել այլոց հետաքրքրությունները այդօրինակ ֆիմերի նկատմամբ, իսկ երրորդ կողմից ակումբը չունի և չի էլ կամենում ունենալ պետության և իշխանության քարոզչության ու պրոպագանդային բաժնի առաքելություն ու ֆունկցիաները, որոշելու, թե տեսնես որ ֆիլմը, որ հոդվածը, կամ լուսանկարն է պետական կամ իշխանական շահերի/հեղինակության պաշտպանության շրջանակներում, որոնք են վնասում կամ նպաստում Հայաստանի ազգային կամ իշխանավորի անձնական անվտանգությանը, որոնք են, որ մշակութային արժեք են ներկայացնում կամ ոչ: Նման դատողությունները ակումբի իրավասություններից դուրս են:

Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ադրբեջանական կամ թուրքական ֆիլմերի ցուցադրությունը Հայաստանում վնասում են մեր ազգային անվտանգությանը, տկարամիտներ են, սա իմ անձնական կարծիքն է»,–գրել է «Ասպարեզ» ակումբի նախագահը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը