Խմբագրական

18.05.2009 11:27


«Նախաձեռնողականության» հետևանքները

«Նախաձեռնողականության» հետևանքները

«Եվրատեսիլ-2009» համաեվրոպական մրցույթում Ինգա և Անուշ Արշակյանների ստացած միավորները և զբաղեցրած ցածր հորիզոնականը  ոչ թե տաղանդավոր քույրերին էր վերաբերում, այլ մասնավորապես՝ ՀՀ իշխանությունների արտաքին «նախաձեռնողական» քաղաքականությանը։

            Եվրատեսիլում մեր հիմնական ձայն ապահովողը միշտ էլ Սփյուռքն է եղել, և դա գաղտնիք չէ։ Եվրոպայում սփռված հայությունը (հայաստանաբնակների հետ գործակցելով)՝ այս քվեարկությամբ իր դժգոհությունն արտահայտեց Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության նկատմամբ։ Շատ ափսոս, որ Արշակյան քույրերն ընկան «դռբի» տակ։

             Այլ բան չէր էլ կարելի սպասել։ Երբ Մեծ եղեռնի տարելիցից 2 օր առաջ  հայտարարություն  էր ընդունվում Թուրքիայի արտգործնախարարության հետ, ու գաղտագողի «Ճանապարհային քարտեզ» էր ստորագրվում, երբ իշխանական քարոզչամեքենան պրոթուրքական այնպիսի քարոզ էր իրականացնում, որ չէիր կարողանում զսպել նյարդայնությունդ, երբ հայ-թուրքական հարաբերություններում  Արցախի հարցը դարձել էր մանրադրամ, երբ ռուսական վերջավորություն ունեցող հայկական ազգանուններով պրոֆեսորներ էին ռուսաստաններից բերվում, որպեսզի եթերում քարոզեին, թե Ցեղասպանություն չի եղել ու նաև՝ մենք ենք թուրքերին կոտորել, այդպես էլ պետք է լիներ։ Սփյուռքն իր զայրույթն ու լքվածությունն արտահայտելու ա՛յդ ձևը գտավ։

Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը», փաստորեն, տալիս է իր արդյունքները. Ցեղասպանության միջազգային ճանաչումը գրեթե դադարեցվել է։ Թուրքիան Արցախի մասով արդեն բանակցում է ում հետ ասես, բայց ոչ՝ մեզ (ընդհանրապես, ի՞նչ գործ ունի Թուրքիան Արցախի խնդրի հետ)։ Հիմա էլ Եվրատեսիլում նույնիսկ մեր «բրոնյա» արած ութերորդ տեղից ցած իջանք, ու այստեղ Արշակյանները մեղավոր չեն, քանի որ նրանց ձայնային ու կատարողական վարպետությունը առնվազն չի զիջում Եվրատեսիլի մեր մյուս մասնակիցների համանման տվյալներին։ Քվեարկվում էր ուրիշ բան, և քանի որ Հայաստանի քվեարկությունների համակարգը չի գործում, ուստի հայերն այլ ձև էին գտել։

Ինքս եվրատեսիլային երաժշտության սիրահար չեմ, բայց քանի որ այդտեղ ավելի շատ քաղաքականություն կա, քան երգարվեստ, ուստի նախորդ երեք օրերին դարձել էի ռուսական, հայկական և եվրոպական մի շարք բլոգների քննարկումների ակտիվ հետևող։ Գրեթե բոլոր հայ բլոգերները միմյանց կոչ էին անում ձայն չտալ Հայաստանին։ Հիմնական փաստարկն այն էր, որ հայ-թուրքական հարաբերություններում կան ոչ ցանկալի զարգացումներ, ու որևէ կերպ պետք է անհամաձայնություն հայտնել այդ ամենին։ Հատկապես շեշտվում էր ապրիլի 22-ին տարածված հայտարարության սխալ լինելը։  Շատերն էին ափսոսանքով նշում, որ իրենց որոշումից կտուժի Հայաստանը՝ ի դեմս Ինգայի ու Անուշի, բայց այլ տարբերակ չէին տեսնում՝ «նախաձեռնողականությանը» պատասխան տալու համար։

Իսկ այս ամենն սկսվեց ներքին լեգիտիմության խնդիրներից։ Հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոտիպից մի գիշերվա մեջ անհետացան Սիսն ու Մասիսը, հետո եղավ հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովը, գիշերը ստորագրված «ճանապարհային քարտեզը», թուրքական ինքնամոռաց քարոզը հայկական եթերում, Գյուլ խաղացնելը, Էրդողանի ասածները «կուլ» տալը, Արցախի հարցը հայ-թուրքականում ներառելը, և հետո հերթը հասավ Եվրատեսիլին ներկայացրած հայկական տեսահոլովակից Արցախի խորհրդանիշ-պատկերը հեռացնելուն։ Սա՛ է իշխանության «նախաձեռնողականությունը»։

Ճակատագրի ինչպիսի՞ հեգնանք. նախագահական ընտրություններում դիմացինին թուրքամետության մեջ մեղադրողներն այսօր դարձել են «քոքված» քիրվաներ։ Իշխանական քարոզի ենթատեքստը, մինչև Էրդողանի՝ Բաքվում արած հայտարարությունը, հետևյալն էր. «Հայաստանը չպետք է գերի դառնա Սփյուռքին, Ցեղասպանությունը թող իրենք հետապնդեն, իսկ մենք Թուրքիայի հետ քիրվայություն ենք ուզում անել»։ Այս բանաձևի համար, ի դեպ, նախագահական ընտրությունների ժամանակ քննադատվում էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը հիմա ավելին է, քան իր մրցակիցը։ Իսկ այն, որ ստեղծվել է Սփյուռքի նախարարություն, ձևական բնույթ է կրում և Սփյուռքին «կթելու» ինստիտուցիոնալ միջոց է։ Ուրիշ ոչի՛նչ։

             Ինչ մնում է Ցեղասպանության խնդրին, ապա մեծագույն սխալ է այն դիտարկել որպես բացառապես Սփյուռքի գործունեության ոլորտ։ Ցեղասպանության ճանաչման հարցը պետք է դրվի ՀՀ արտաքին քաղաքականության  օրակարգում, և դա ոչ թե զգացմունքային, այլ իրատեսական մոտեցում է և առնչվում է մեր ազգային անվատանգությանը։ Իմ այս ձևակերպման հիմնավորումներին կանդրադառնամ մի փոքր ուշ՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո, երբ շատ մարդիկ շատ բան վերլուծելու և հասկանալու ժամանակ ու հնարավորություն կունենան։ Հիմա կրքերը մի փոքր բորբոքված են։ Ոմանք  ընկալունակ չեն։ Մի քսան-երեսուն  օրից ամեն ինչ կհանդարտվի, ու բոլորս կնստենք զրույցի։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը