Լրահոս

17.03.2012 18:19


Վարդան Օսկանյանի ելույթը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6–րդ համագումարում

Վարդան Օսկանյանի ելույթը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6–րդ համագումարում

Մայիսի 6-ին մենք ընտրելու ենք Հայաստանի նոր խորհրդարանը: Դա սոսկ խորհդարանական ընտրություն չէ, դա Հայաստանի ապագայի ընտրությունն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական այս ընտրությունների միջոցով ցանկանում է հնարավորինս մեծ պատասխանատվություն վերցնել Հայաստանի հաջորդ հինգ տարիների ապագան կերտելու գործում: Մայիսյան ընտրությունները իրոք Հայաստանի համար լինելու են ճակատագրական: Թույլ տվեք ասել՝ ինչու և ինչպես` կենտրոնանալով մեր ժողովրդի համար կարևորագույն այնպիսի երկու խնդիրների վրա, որոնց լուծումը հետևանքային կլինի մեր առաջ ծառացած գրեթե բոլոր մյուս խնդիրների համար: Այդ խնդիրներն են արտագաղթն ու Լեռնային Ղարաբաղը:

Ազգային վիճակագրական ծառայությունը վերջերս հրապարակեց 2011 թվականին անցկացված մարդահամարի նախնական արդյունքները, ըստ որոնց՝ Հայաստանի բնակչությունը կազմում է 2 միլիոն 871 հազար մարդ: Այսինքն՝ մենք իջել ենք 3 միլիոնի հոգեբանական շեմից, և այլևս չենք կարող ասել, որ 3-միլիոնանոց երկիր ենք, որովհետև չենք: Ակնհայտ է, որ եթե առաջիկա տարիներին Հայաստանում սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյա-հոգեբանական իրավիճակը կտրուկ չփոխվի, ոչ հեռու ապագայում մենք արդեն հատած կլինենք 2,5 միլիոնի շեմը:

Մենք պետք է կանգնեցնենք արտագաղթը: Դա անելու համար պետք է կարողանանք պատասխանել մեկ հարցի՝ ինչու են մարդիկ գնում: Գնում են, որովհետև կորցրել են հույսն ու հավատը երկրի ապագայի նկատմամբ: Գնում են անարդարությունների պատճառով: Գնում են, որովհետև չեն վստահում: Գնում են, որովհետև չեն կարողանում հանապազօրյա հացը վաստակել:

Մի՞թե անկախությունից քսան տարի անց հայրենի պետությունը չի կարող իր ժողովրդին արդար ու արժանապատիվ կյանք ապահովել: Իհարկե՝ կարող է:

Մի՞թե անկախությունից քսան տարի անց հայրենի պետությունը չի կարող իր ժողովրդին հույս ու հավատ տալ երկրի ապագայի նկատմամբ: Իհարկե՝ կարող է:

Դրա համար շատ բան պետք չէ: Պետք չէ նոր սահմանադրություն, պետք չեն նոր օրենքներ: Ընդամենը պետք է քաղաքական կամք, որ իշխանության եկածները կարողանան իրենց անձնական, հատվածական և կուսակցական շահերը մի կողմ դնել և ընդամենը կարողանան բոլորի համար հավասարապես կիրառել Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները:

Դա ենթադրում է, որ տնտեսական ոլորտում պաշտպանվեն ազատ շուկայի հիմնարար սկզբունքները` հավասար հնարավորություններ, ազատ մրցակցություն և սեփականության անձեռնմխելիություն, իսկ քաղաքական ոլորտում՝ ժողովրդավարության հիմնարար սկզբունքները` արդարություն, հանդուրժողականություն, խոսքի և անհատի ազատություն:

Սրանք են լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեության հիմնական ուղղորդիչները հաջորդ հինգ տարիներին:

«Բարգավաճ Հայաստանն»իր տնտեսական քաղաքականության հիմնական թիրախ է դարձնելու տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակի բարձրացումը:

Այս մոտեցմամբ կառավարությունը սոցիալ-տնտեսական յուրաքանչյուր ոլորտ իր առաջնային ֆունկցիոնալ տեսանկյունից արժեվորելուց բացի, դրանք պետք է դիտարկի զուտ տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, քաղաքացու կենսամակարդակի բարձրացման տեսանկյունից:

Այսինքն`

Եթե ենթակառուցվածքների պահպանումը, բարելավումը ու նորերի ստեղծումը անհրաժեշտ է երկրի բնականոն գործունեությունը և անվտանգությունը ապահովելու համար, ապա բյուջետային միջոցներով դրանց նպատակային և շարունակական կառուցումը լրջագույն խթան պետք է լինի Հայաստանի տնտեսական աճի համար:

Եթե բյուջետային եկամուտների հավաքագրումը անհրաժեշտ է հասարակության և պետության կարիքները հոգալու համար, ապա հարկային քաղաքականությունը, հարկադրույքների չափն ու տեսակները, ինչպես նաև հարկահավաքման եղանակը պետք է լինեն այնպիսին, որ նպաստեն տնտեսության աճին և աշխատատեղերի ստեղծմանը:

Եթե պետությունը պարտավոր է սեփական երկրում արժանավայել ապրելու հնարավորություն ապահովել թոշակառուների, հաշմանդամների և վետերանների համար, որոնք միասին վերցրած կազմում են բնակչության մեկ-քառորդը, ապա դա պետք է անի նաև այն վճռականությամբ, որ որքան նրանց գնողունակությունը բարձրանա, այնքան դրանից կշահի երկրի տնտեսությունը:

Եվ այսպես շարունակ՝ բնապահպանության, կրթության, առողջապահության, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում….

Իրոք, հաջորդ հինգ տարիների ընթացքում մենք մեր բոլոր միջոցները` ներքին և արտաքին, պետք է անմնացորդ ներդնենք Հայաստանի տնտեսական հզորացմանը: Մենք ժամանակ չունենք, մենք հետ ենք մնում մյուսներից: Սա է ճանապարհը դեպի սոցիալական արդարություն, կայուն զարգացում, պատշաճ առողջապահություն և կրթություն:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

Իմ գնահատմամբ՝ իշխանության որոշ շրջանակների և մեր հասարակության որոշ շերտերի մոտ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ մտահոգիչ պատկերացումներ են ձևավորվել:

Փոխանակ ղարաբաղյան մեր հաղթանակները և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիվանագիտական ամրագրումը լինեն մեր հավատի, հույսի ու խանդավառության աղբյուրը և երկրի առաջընթացի ու զարգացման հիմնական խթանը, Ադրբեջանի հոխորտանքները, սահմանային ոտնձգությունները և պատերազմի սպառնալիքները դարձել են մեզ կաշկանդելու, հաճախ մարդու իրավունքների ու քաղաքական ազատությունների ասպարեզում մեր անգործությունն արդարացնելու և հետևաբար՝ երկրի առաջընթացն ու ժողովրդավարացումը խանգարող գործոններ:

Մարդիկ ինձ հաճախ ասում են, թե` ունենալով Լեռնային Ղարաբաղի խնդիրը և պատերազմի մշտական սպառնալիքը՝ մենք չենք կարող մեզ թույլ տալ լիակատար ժողովրդավարության, լիակատար իրավունքների ու ազատությունների, լիակատար հանդուրժողականության «շռայլությունը»: Ես կասեի ճիշտ հակառակը:

Որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր,  մենք առավել ևս պետք է ամրապնդենք ժողովրդավարությունը:

Որովհետև մեր գլխին կախված է պատերազմի վտանգը, մենք առավել ևս պետք է ստեղծենք քաղաքական հակակշիռների վրա գործող քաղաքական-պետական համակարգ:

Որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս պետք է ազատ, արդար, մրցունակ և գրավիչ տնտեսություն ստեղծենք:

Որովհետև մեր գլխին կախված է պատերազմի վտանգը, մենք հնարավորինս արագ և անկեղծորեն պետք է ընդունենք մեր ազգային արժեքներին համահունչ եվրոպական արժեհամակարգը և ինտեգրվենք եվրոպական կառույցներին:

Որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք՝ ամբողջ աշխարհի հայերս, առավել միասնական պետք է լինենք՝ միավորելով և առավելագույնս իրացնելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներուժը:

Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվել է: Եթե ոչ ինքնորոշումը՝ որպես այդպիսին, ապա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվել է միջազգային հանրության կողմից: Այս տարիների ընթացքում մենք մի բան միանշանակ ենք դարձրել՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Այսօր մեր խնդիրը պետք է լինի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարթությունից Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման փաստի միջազգային ճանաչմանը հասնելը: Դա անելու կարևորագույն նախապայմաններից մեկն այն է, որ Հայաստանն ու Ղարաբաղը ժողովրդավարացման չափանիշներով համեմատության եզրեր չունենան Ադրբեջանի հետ և այդ չափանիշներով իրական մասը կազմեն եվրոպական մեծ քաղաքակրթության:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վստահ է, որ երկիրը առողջ է և ուժեղ, երբ առողջ են, ուժեղ և ազատ նրա քաղաքացիները: Երբ այս ընտրություններն ավարտված լինեն, մենք բոլորս՝ ընտրողներ, թե ընտրվածներ, պետք է նայենք մեկմեկու և ասենք, որ միասին աշխատանք ունենք անելու, որպեսզի մենք, մեր երեխաները, մեր ծնողները, մեր հարևաններն ու մեր բարեկամները վստահեն իրենց և իրենց երկրի ապագային:

Այս խորագրի վերջին նյութերը