Լրահոս

17.03.2012 18:06


ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթն այդ կուսակցության 6-րդ համագումարում

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթն այդ կուսակցության 6-րդ համագումարում

Մեծարգո պարոն Ծառուկյան, համագումարի հարգելի պատվիրակներ,

Ես կփորձեմ հակիրճ ներկայացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մոտեցումները եվրաինտեգրացիոն գործընթացներին, անդրադառնալով նաեւ խորհրդարանական դիվանագիտության անչափ կարեւոր գործիքին:

Փորձը ցույց է տվել, որ եվրոպական արժեքները աշխատում են, եվրոպական արժեքները կենսունակ են եւ գործում են հատկապես այն երկրներում, որտեղ այդ արժեքները բնական, ոչ արհեստածին արժեքներ են, եւ որտեղ եվրոպական ձգտումը ինքնանպատակ չէ: Այսօր եվրոպական չափանիշները դարձել են այն ուղենիշը, որոնք թույլ են տալիս կողմնորոշվել համակարգային խիստ անհրաժեշտ փոփոխությունների օրակարգում: Մենք հրաշալի գիտակցում ենք, թե ինչ մարտահրավերներ են կանգնած մեր պետության առջեւ, որոնց դիմագրավելու հարցում ժողովրդավարությունն ամենաուժեղ զենքն է` հատկապես հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը եւ տարածաշրջանում առկա հիմնախնդիրները:

Մեր կուսակցության համար եվրոպական ինտեգրումը իրապես կարեւոր գերակայություն է եւ պատահական չէ, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում Եվրոպական շարժման պատվավոր նախագահն է: Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Եվրոպական միջազգային շարժման հերթական համաժողովն առաջին անգամ անցկացվեց Հայաստանում` բավականին հագեցած օրակարգով:

Հարգելի գործըկներկեր, կարծում եմ, կհամաձայնեք, որ եվրաինտեգրման քաղաքականությունը ամենանպաստավոր ուղին է` իրապես ժողովրդավար եւ բարգավաճ երկիր կառուցելու, բաց ու արդարացի հասարակություն ունենալու համար: Եւ այդ ճանապարհին մեզ լրջագույն փորձություն է սպասվում` մայիսյան խորհրդարանական ընտրությունները: Առաջիկա համապետական ընտրությունները եվրոպական արժեքներին մեր հավատարմության լրջագույն փորձաքարն են լինելու: Ուստի, չափազանց կարեւոր է, որ մեր երկրի զարգացման եվրոպական վեկտորը չլինի միայն տեսություն եւ չմնա թղթի վրա:

Ոչ թե իմիտացիոն, այլ իրական ինտեգրացիա. սա պետք է լինի մեր բոլորի ձգտումը: Եւ միայն այս դեպքում մեր երկիրը կկարողանա իր տեղը զբաղեցնել հավասար պետությունների շարքում եւ հարաճուն գլոբալիզացիայի պայմաններում պահպանել իր ինքնությունը:

Մենք պատասխանատում ենք մեր ժողովրդի առջեւ` առաջիկա ընտրություններն անցկացնելու այնպես, որ այդ ընտրությունների արդյունքները վստահելի եւ ընդունելի լինեն հանրության համար: Այլապես, ցանկացած հայտարարություն, անգամ ամենաբարձր ամբիոններից, ՙամենաեվրոպականացված՚ բառապաշարով եւ տերմինալոգիայով, կլինի ընդամենը իմիտացիա, քվազիեվրոպական շղարշ: Մեր երկիրը վաղուց սպառել է ժողովրդավարության մանկական հիվանդություններին հղում անելու ցանկացած լիմիտ: Եւ այս առումով առաջիկա համապետական ընտրությունները երկրի զարգացման ու առաջընթացի առումով իրապես լինելու են բեկումնային:

Եվրոպական արժեքները, որոնց մշտապես հղում է արվում, ոչ այլ ինչ են, քան շատ պարզ հասկացություններ` մարդու իրավունքի հարգում, քաղաքացիական հասարակության լսելի ձայն, ազատ եւ արդար ընտրություն, ընտրողի քվեի հարգում, եւ քաղաքական կամք` իրագործելու այդ ամենը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանձնառու է իր լիազորությունների, իր պատասխանատվության սահմաններում անել հնարավորը` քաղաքացու իրավունքն ու քվեն պաշտպանելու համար:

Հարգելի գործընկերներ, հակիրճ անդրադառնամ նաեւ միջազգային կառույցներում մեր խմբակցության աշխատանքին:

21-րդ դարը քարոզչական պատերազմի դար է, ինչը պահանջում է բոլոր ինստիտուտների, կառույցների համակարգված եւ նախաձեռնող աշխատանք: Մեր խմբակցության պատգամավորները միջազգային տարբեր կառույցներում եւ վեհաժողովներում լուրջ աշխատանք են տանում` պաշտպանելով մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգի գերակա հիմնահարցերը: Ցավոք, հատկապես վերջին շրջանում միջազգային հեղինակավոր կառույցներում ակնհայտ է դառնում երկակի ստանդարտների կիրառումն ու մեր որոշ հարեւանների հաջողվում է ժողովրդավարություն «գնել» նավթով, կամ մեկ այլ արտարժույթով` հետեւողականորեն սուտն ու կեղծիքը վաճառելով որպես իրականություն եւ փաստ: Այդ ամենին հակազդելու ճանապարհը ուժեղ, ժողովրդավար, իր քաղաքացիների իրավունքները հարգող եւ պաշտպանող պետություն կառուցելն է, որի խորհրդարանականի ձայնը շատ ավելի լսելի եւ վստահելի կլինի միջազգային կառույցներում: Քանզի ճշմարտությունը, եթե այն չի պաշտպանվում, կարող է եւ պարտվել: Ուստի այսօր իրապես անհրաժեշտ է առավել արդյունավետ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության լրջագույն եւ ճկուն գործիքը` միջազգային հարթակներում լինելով շատ ավելի նախաձեռնող ե հետեւողական:

Մեծարգոր պարոն Ծառուկյան, հարգելի գործընկերներ, համերաշխությունը, հանդուրժողականությունը, մարդու իրավունքերի հետեւողական պաշտպանությունն է, որ մեր շուրջ համախմբում է տասնյակ հազարավոր մարդկանց: Մեր կուսակցության ծրագրի առաջաբանում ասված է` ՙՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության անդամներին միավորում են ազատության, արդարության համերաշխության եւ հայրենասիրության գաղափարները: Եւ «Բարգավաճ Հայաստանը» վճռական է այս արժեքները պաշտպանելու ու տարածելու հարցում»: Նույնիսկ ամենաբարդ եւ երկար ճանապարհը սկսվում է առաջին քայլից:

Մեր ապագան կախված է մեզանից յուրաքանչյուրից եւ մենք միասին ենք կառուցելու մեր վաղվա օրը` բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանը:

Քաղաքականությունը արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, երբ մարդկային հարաբերություններում գերիշխի կոնֆուցիականության սկզբունքը` «Հարգել այլոց` ինչպես ինքդ քեզ, եւ վարվել նրանց հետ այնպես` ինչպես կցանկանայինք, որ մեզ հետ վարվեին»: «Բարգավաճ Հայաստանն» իր գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվել է ահա այս կարեւոր սկզբունքով` այսօր ունենալով հանրային վստահության ամենամեծ ռեսուրսը: Ինչը հիմք է տալիս ինձ այստեղ եւ հիմա հայտարարելու`

Ես հավատում եմ մեր հաղթանակին:

Այս խորագրի վերջին նյութերը