Լրահոս

17.03.2012 17:19


«Հեռանկար ծրագրերի» համակարգող Էլինար Վարդանյանի ելույթը ԲՀԿ համագումարում

«Հեռանկար ծրագրերի» համակարգող Էլինար Վարդանյանի ելույթը ԲՀԿ համագումարում

«Հարգելի պարոն Նախագահ

Հարգելի կուսակիցներ, հյուրեր

Լուրջ ապագա կառուցել կարող է միայն այն հասարակությունը, որտեղ իրոք մարդու իրավունքները երաշխավորված և պաշտպանված են:

Մեր երկրում մարդու իրավունքները հռչակված են որպես բարձրագույն արժեք, սակայն, մարդու իրավունքների պաշտպանության առումով իրավիճակն այսօր չի կարելի բավարար գնահատել: Սա` այն դեպքում, երբ իրավական դաշտը տալիս է բավարար լծակներ` օրենքով պաշտպանված լինելու և իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելու համար: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես են օրենքները կիրառվում, որքանով են ստեղծվում հավասար հնարավորություններ` իրավունքներից օգտվելու համար, և որքանով են պետական ինստիտուտները պատասխանատու իրենց ոլորտում օրինականության պահպանման համար: Կարևոր է, թե ՀՀ քաղաքացին որքանով է իրեն ներդաշնակ զգում իշխանության հետ, երկրում որքանով է ընկալելի սոցիալական իշխանության արժեքը: Սոցիալական բևեռացման և անվստահության պայմաններում թերևս անհնար է ունենալ մարդու իրավունքների գերակայություն:

Բազմաթիվ կարևոր օրենսդրական ակտեր շարունակում են կրել դեկլարատիվ բնույթ: Մասնավորապես այդպես է աշխատանքային հարաբերությունների ոլորտում: Չկան իրականում գործող արհեստակցական միություններ, որոնք կներկայացնեին աշխատողների շահերը: Հայաստանյան արհմիությունները չունեն առաջադեմ երկրներում նման կառույցներին վերապահվող իրավասություններն ու կարողությունները: Նրանց միակ խնդիրն է դարձել սեփական գոյությունը պահպանելը: Աշխատողները մեծապես կախվածության մեջ են գտնվում գործատուներից: Գործատուից կախվածության մեջ են նաև արհմիությունները: Գործատուն պարզապես կարող է չցանկանալ, որ իր հիմնարկում այլևս արհմիություն լինի: Եվ թեև Արհմիություններն ունեն օրենքով սահմանված` հասարակական հսկողություն իրականացնելու իրավունք, սակայն չունեն դա իրականացնելու իրավական մեխանիզմ:

Նույնն է պատկերը հաշմանդամների իրավունքների պաշտպանության ոլորտում: Տեղաշարժման, լսողության, տեսողության և այլ խնդիրները չպետք է խանգարեն և խոչընդոտ հանդիսանան մարդկանց իրավունքների իրականացմանը: Հատկապես առաջնահերթ են ազատ տեղաշարժման և զբաղվածության խնդիրները: Հասարակական շենքերի անմատչելի լինելու պատճառով բազմաթիվ հաշմանդամներ չեն կարողանում օգտվել անգամ ընտրելու իրավունքից: Տրանսպորտը հարմարեցված չէ անվասայլակների փոխադրման համար, մայթերն ու փողոցները` նույնպես: Այսպիսով, մի իրավունքի կիրառման անհնարինության պատճառով ոտնահարվում են բազմաթիվ այլ իրավունքներ:

Ամիսներ առաջ հաշմանդամների խնդիրներով զբաղվող տասնյակ հասարակական կազմակերպություններ այս հարցերով դիմեցին “Ծառուկյան” հիմնադրամին: Հանդիպմանը ներկա էի նաև ես` որպես մի շարք սոցիալական ծրագրերի համակարգող: Հանդիպման ընքացքում վերջիններիս խնդրանքով հիմնադրամի կողմից տրամադրվեց գումար, և ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ կազմակերպությունները մի շարք ընտրատեղամասերում կկառուցեն թեքահարթակներ: Թեքահարթակներն արդեն պատրաստ են:

Այս դեպքում հարց է ծագում` ինչն է խանգարում, որպեսզի պետության կողմից ապահովվի վերջիններիս ընտրելու իրավունքի իրացումը, որը փաստորեն ոչ այնքան ծախսատար և ժամանակատար գործ է, և ցանկության դեպքում հնարավոր է բոլոր ընտրատեղամասերը մինչև մայիսի 6-ը ապահովել թեքահարթակներով:

 Հարգելի ԲՀԿ-ականներ, պարոն Ծառուկյան

 Իրավական ոլորտում խնդիրները, ցավոք, ամենուր են: Ամենացավալին` չի փոխվում անվստահությունը դատաիրավական համակարգի նկատմամբ:

Բոլոր ոլորտները ներկայացնել անհնար է, սակայն կուզեի հատկապես անդրադառնալ բնապահպանական իրավունքի խախտումներին: ՀՀ Սահմանադրության 33.2 հոդվածը սահմանում է. “Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը”: Մինչդեռ այսօր շրջակա միջավայրի պահպանությունը դարձել է օրվա խնդիր: Առանձին դեպքերում իրավասու մարմիներն ընդունում են որոշումներ` առանց հանրային քննարկումների, որոնք լուրջ սպառնալիք են ստեղծում էկոհամակարգի համար:

Այս պայմաններում չի կարող չուրախացնել տարբեր հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվացումը բնապահպանական ոլորտում:

Սակայն ամենակարևոր իրավունքը, որի ոտնահարման դեպքում սկսվում են ժողովրդավարական պետության մյուս բոլոր խնդիրները, իհարկե ընտրական իրավունքի խախտումն է: Մոտեցող ընտրությունների շեմին կարևոր է հնարավորինս պարզ պատկերացնել, թե ինչ իրավախախտումների ու համակարգային խնդիրների շղթա է սկսվում այն պահին, երբ կեղծվում են քվեները, երբ խախտվում է մարդու` ազատ կամարտահայտման իրավունքը, սեփական ձայնի միջոցով իշխանություն ձևավորելու կարևորագույն իրավունքը: Հենց ընտրելու և ընտրության միջոցով իշխանությանը մասնակցելու իրավունքն է ձևավորում մյուս բոլոր իրավունքների հիմքը: Հատկապես ու առաջին հերթին ա'յդ իրավունքը խախտել, ա'յդ ազատությունը մեզնից խլել չպետք է թույլ տանք մենք` քաղաքացիներս: Մենք չունենք այդ իրավունքը` նման բան մեզ թույլ տալու:

 Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում մարդու իրավունքների և օրինական շահերի ապահովումն ու պաշտպանությունն իրականացվում է միջազգային տարբեր կառույցների զեկույցներում դրական գնահատականի արժանանալու նպատակով: Իրականում դա առաջին հերթին անհրաժեշտ է մեզ, և եթե այս խնդիրը գտնի իր լուծումը, կտեսնենք, թե ինչպես է զեկույցներում բնականորեն բարձրանում մեր վարկանիշը:

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության ծրագիրը վերաբերում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, մեզ բոլորիս: Ու այդ քաղաքացին պետք է լինի հպարտ, ապրի արժանավայել` վստահ լինելով, որ իր թիկունքին միշտ կանգնած է պետությունը:

“Բարգավաճ Հայաստանն” ամեն ինչ անելու է, որ հենց այդպիսի պայմաններ ու հարաբերություններ ձևավորվեն մեր երկրում:

 Շնորհակալություն»

Այս խորագրի վերջին նյութերը