Լրահոս

17.03.2012 16:58


Վահե Հովհաննիսյանի ելույթը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում

Վահե Հովհաննիսյանի ելույթը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում

«Հեռանկար ծրագրեր»-ի տնօրեն, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանի ելույթը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում

«Հարգարժան պարոն նախագահ

Հարգելի ԲՀԿ-ականներ

Հյուրեր

 Կա երկու ձևակերպում, որոնք արդեն հոգնեցրել են հասարակությանը:

Առաջինը “բարեփոխումներ” տերմինն է:

Երկրորդը` “անցումային շրջանի պետություն” հասկացությունը:

 Լինենք անկեղծ.

Այդ հակակրանքը, բացասական վերաբերմունքն անհիմն չեն: Եվ խնդիրը տերմինների մեջ չէ: Խնդիրը դրանց իրականացման ձևի, էֆեկտիվության և ժամկետների մեջ է:

Բարեփոխումներն իրենց մերօրյա տարբերակով երբեմն դառնում են պատուհաս քաղաքացիների ու անգամ պետական համակարգի համար: Մենք արդեն սովորել ենք, որ ցանկացած սխալ քայլ, մինչև վերջ չհաշվարկված որոշում, քաղաքացու վիճակը է’լ ավելի վատացնող օրենք հանրությանը մատուցվում է “անհրաժեշտ բարեփոխումներ” ձևակերպման տակ: Այստեղից է գալիս օբյեկտիվ հակակրանքը:  Այստեղից է սկսվում այն խուլ դիմադրությունը, որը ցուցաբերում է հասարակությունը: Բարեփոխումը չի կարող լինել ի վնաս մարդու:

Ի վերջո, եթե բարեփոխումներ, որպես այդպիսիք, իսկապես տեղի ունենային, մեր պետությունն այսօր կլիներ արդեն կայացման այլ փուլում:

Պետությունը չի կարող մշտապես լինել անցումային շրջանում: Սա արդարացում չէ, սա ախտորոշում չէ: Մեզ հետ անկախություն ձեռք բերած երկներից շատերն այժմ գտնվում են արդեն միանգամայն այլ կարգավիճակում: Անբնական է, երբ 20 տարի շարունակ նույն խնդիրները մնում են օրակարգում: Ուրեմն այդ խնդիրները ճիշտ չեն ձևակերպված, և ճիշտ չեն դրանց լուծման մոտեցումները:

Անհրաժեշտ է էական փոփոխություններ մտցնել պետություն–քաղաքացի հարաբերությունների տրամաբանության մեջ: Այսօր քաղաքացին անպաշտպան է և պետության գործընկերը չէ: Քաղաքացին վախենում է իր ոստիկանից, իր բանակից, իր դատարանից, հարկային, մաքսային մարմիններից, իրեն ծառայություն մատուցող պետական ցանկացած մարմնից: Ու անում է ամեն ինչ` պետության հետ հնարավորինս քիչ առնչվելու համար:

Սա էապես ազդում է պետության ներսում տրամադրությունների ձևավորման վրա: Սա է պայմանավորում այն մթնոլորտը, որում պետք է պետությունը զարգացում արձանագրի: Համաձայնենք, որ սա լավագույն մթնոլորտը չէ: Իշխանությունը չի կարող հենվել քծնանքի, շողոքորթության ու վախի վրա: Սա շատ խաբուսիկ ու արագ քանդվող հենք է:

 Հասարակական- քաղաքական կյանքում և պետական կառավարման համակարգում գնալով ավելի մեծ ու վտանգավոր չափերի է հասնում միաձայնությունն ու միակարծությունը: Սա մեր երազած միասնականությունը չէ. չխաբենք մեզ: Սա սեփական տեսակետները ճնշելու, ենթարկեցնելու , հարմարեցնելու կործանարար ուղին է:

Պետություն-քաղաքացի նոր գործընկերային հարաբերությունների ձևավորումը, վստահ եմ, “Բարգավաճ Հայաստանի” կարևորագույն առաքելություններից մեկը պետք է դառնա: 

 Հաջորդը:

Ակնհայտ է, որ երկրում առկա են կառավարման խնդիրներ: Նվազագույնի է հասցված ստեղծագործ աշխատանքը, ինքնուրույնությունը և պատասխանատվության գործակիցը: Ներքևից վերև բոլորը սպասում են վերադասի հրահանգին: Նման պայմաններում խոսել կառավարման էֆեկտիվության մասին` անլուրջ է: Նախագահը կամ ցանկացած նախարար չի կարող կրել բոլոր խնդիրների պատասխանատվությունը, բայց երբ պետական կառավարման համակարգը գործում է ընդգծված ինքնագրաքննության պայմաններում, որտեղ դատապարտելի են ինքնուրույն քայլերը, ապա չլուծված խնդիրների բեռը ծանրանում է ոլորտային նախարարների և նախագահի ուսերին:

Այս խնդրի հետ ուղղակիորեն կապվում է իշխանության գերկենտրոնացման խնդիրը:

 Անհրաժեշտ է էապես վերանայել Հայաստանում կառավարման այս մոդելը: Եթե կա անհրաժեշտություն, պետք է չվախենալ ու գնալ անգամ սահմանադրական փոփոխությունների ճանապարհով: Մանկապարտեզներից մինչև մարզեր անհրաժեշտ է մեծացնել ինքնուրույնության աստիճանը: Համայնքներին պետք է տալ ավելի մեծ լիազորություններ:

Իշխանության գերկենտրոնացումը ոչ մի լավ բանի չի բերի: Հայաստանը փոքր երկիր է, Հայաստանի քաղաքացին աշխատող է, բայց նրա համար պետք է ստեղծվեն պայմաններ, որ նա իրեն զգա երկրի տերը: Տարբեր օղակների զրկելով ինքնուրույն որոշումներ կայացնելու և իրականացնելու հնարավորությունից` մենք նվազեցնում ենք կառավարման էֆեկտիվությունը, նպաստում ենք քաղաքացու օտարացմանը պետությունից, և չենք խրախուսում ընդունակ, մտածող քաղաքացուն` մտնելու ու բարեփոխելու պետական համակարգը: Դաշտը մնում է միայն հրահանգներ կատարողներին:"

Հարգելի գործընկերներ

 Մենք կանգնած ենք լուրջ փոփոխությունների անհրաժեշտության նախաշեմին: Որպեսզի Հայաստանը առաջիկայում լինի մրցունակ պետություն, որպեսզի մեր երկրի քաղաքացիները չմտածեն արտագաղթելու մասին, որպեսզի մեր երկրի քաղաքացին կարողանա սեփական երկրում կայանալ, բարիք ստեղծել, մենք պետք է գիտակցենք փոփոխությունների անհրաժեշտությունը: Մեզ պետք են անցնցում, անարյուն, խաղաղ, բայց` լուրջ փոփոխություններ:

 Պարոն Ծառուկյան

Այս դահլիճում հավաքված են մարդիկ, որոնցից շատ-շատերի համար պատգամավորական մանդատը կամ որևէ պաշտոն չի կարող ինքնանպատակ լինել: Մենք ունենք մի պետություն, մի հայրենիք ու բազմաթիվ չլուծված խնդիրներ: Մեր բոլորի նպատակը պետք է լինի այդ խնդիրները լուծելը: Պաշտոններն ու մանդատները խիստ երկրորդական են:

Բարգավաճ Հայաստանն ունի բոլոր ռեսուրսները` մյուս քաղաքական ուժերի հետ մեկտեղ իրականացնելու անհրաժեշտ որակական փոփոխությունները մեր երկրում: Կամ մենք դա կանենք, կամ 5 տարի հետո այս դահլիճում հավաքվելով, որևէ մեկին մեղադրելու բարոյական իրավունք չենք ունենա:

Համոզված եմ, որ մենք դա կանենք!

Շնորհակալություն»

Այս խորագրի վերջին նյութերը