Լրահոս

15.03.2012 08:43


Սեդա Օհանյան. «Կամավոր ինքնասպանություն Աթենքում»

Սեդա Օհանյան.  «Կամավոր ինքնասպանություն Աթենքում»

60-70 հազարի հասնող հունահայ համայնքի ՀԲԸՄ  “Գալփաքյան” վարժարանը, ունի շուրջ 60 աշակերտ: Որոնցից շուրջ 20-ը` 4-5 տարեկան կոկոններ ու ծաղիկներ են, այդ շարքում նաև իմ 5 ամյա թոռնիկը:

Պանդխտության դժվարին պայմաններում հայեցի դաստիարակությամբ զավակ մեծացնելը իսկական գոյամարտ է: Իրենց զավակներին հունական պետական անվճար դպրոցներ ճամփելու փոխարեն, հայ ծնողներից ոմանք, ի գին ֆինանսական զոհողությունների, մատաղ սերնդին ծանոթացնելու հայ գրին, գրականությանը, կրոնքին ու պատմությանը նրանց ուղարկում են հայկական վճարովի դպրոցներ: Իսկ վերջին մի քանի տարիների տնտեսական համատարած տագնապն էլ ավելի է ծանրացրել նրանց դրությունը:

Դպրոցը կանգուն պահելու համար տարեկան սպառվում են մի քանի հարյուր հազար եվրո: Հունաստանի իշխանության կողմից նաև հայկական դպրոցներին կատարվում է ֆինանսական հատկացում, որը վերջին տարիների տնտեսական տագնապի հետեւանքով հանդիպում է ձգձգումների և ուշացումների, իսկ շարունակվելու ճակատագիրը մնում է անորոշ: Ամենավերջին ուշացած հատկացումը կատարվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Հունաստան այցի ժամանակ` նրա կատարած միջամտությունից հետո: Որոշ տեղեկությունների համաձայն ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը նույնպես տարեկան մեծ նպաստ է հատկացնում Աթենքի “Գալփաքյան” վարժարանի ֆինանսական բացը փակելու համար:

Ինչպես հայտնի է, հսկայական գումար է ծախսվում թվով շուրջ 60 աշակերտի համար և ստացվում է այն միամիտ տպավորությունը, որ աշակերտները գտնվում են կազմակերպված միջավայրում  և կրթական առումով գոհացուցիչ պայմաններում:

Սակայն իրականում այլ է պատկերը.

Շուրջ 15-20 աշակերտով սկսված առաջին դասարանը, ամեն տարի կորցնում է աշակետրներ և հինգերորդ և վեցերորդ դասարաններում արդեն ունենում միմիայն 4, 5, կամ առավելագույնը 6 աշակերտ: Ծնողները հիասթափված վիճակից  և մանավանդ վարժարանի տնօրեն, ՀԲԸՄ ատենապետ Տիգրան Ապասյանի ցուցաբերած ամբարտավան և անտարբեր վերաբերմունքից, վարժարանից հանում են զավակներին և ուղարկում հունական դպրոցներ:

Դժվար է հավատալ և պատկերացնել, որ 21-րդ դարում, մայրաքաղաք Աթենքի 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները, 4-5 առարկաները սովորեն միատեղ` նույն դասարանում: Նույն ողբերգական դրության մեջ են գտնվում դպրոցի 3-րդ և 4-րդ դասարանները:

Կարծես թե հետևողականորեն ամեն ինչ կարտարվում է քայքայելու և փակման առաջնորդելու դպրոցը: Նախկին տարիներում օգտագործված հայերենի և պատմության դասագրքերը, պարոն Ապասյանի կարգադրությամբ ֆոտո-պատճենահանված, գունատ և գծված (խզմզված) վիճակում, երեխաներին վաճառվում է 20 եվրո, երբ դպրոցի Ծնողական խորհուրդը կատարվածի դեմ որպես բողոքի արտահայտություն, կազմակերպեց և Ճուհարյանի կողմից Հալեբում տպագրված օրիգինալ գեղեցիկ գրքերը, պոստային ծախսով միասին, աշակետներին տրամադրեց ընդամենը 8 եվրոյով:

2011-2012 կրթական տարվա երկրորդ ամսում, երբ առաջին տարի դպրոց հաճախած փոքրիկները նոր էին հասցրել ընտելանալու դպրոցի երկար տարիների ուսուցիչ` մանկապարտիզպանուհի Անահիտ Կյուլումյանի հետ, անհասկանալի պատճառներով նա թոշակի ուղարկվեց, փոխարինվելով` մի դաշնակահարուհու հետ:

Կրթական տարվա 6-րդ ամսվա սեմին Ծնողական խորհրդի բոլոր բանավոր և արդեն մի տասնյակի հասնող գրավոր դիմում բողոքները, խորհրդակցելու և լսելի դարձնելու համար իրենց ձայնը, անտեսման և արհամարհանքի է արժանացել պրն. Ապասյանի կողմից, անհավատալիորեն, չկայացնելով նույնիսկ մեկ հանդիպում:

Նման անելանելի կացության դեմ հանդիման գտնվելով, իրենց զավակների կրթական և բարոյահոգեբանական ճակատագրով մտահոգ ծնողները, նամակներ են ուղղել ՀԲԸՄ-ի ԱՄՆ-ի Կետրոնական վարչությանը, ՀՀ Կրթության նախարարությանը, ՀՀ Սփյուռքի նախարարությանը և Աթենքում ՀՀ դեսպանությանը, հայեցելով նրանց իրավական կամ բարոյական միջամտությունը: Ոչ մեկ արդյունք և անձագանք այդ կառույցների կողմից մինչ օրս չի ստացվել:

Կատարվողը հիշեցնում է, հանճարեղ Շահան Շահնուրի Սփյուռք` “ Նահանջ առանց երգի” գրությունը, երբ ականատես ենք, որ կրթական և մանկավարժական գիտելիքներից հեռու մարդիկ, փաստորեն չեն գիտակցում, որ տրամադրվող հսկայական միջոցներով կարելի է ունենալ գեղեցիկ և ծաղկուն դպրոց և որ օրենքով “… ծնողները և նրանց ներկայացուցիչները, նույնպես հանդիսանում են ուսումնադաստիրակչական գործընթացի մասնակիցներ` հատկապես նախադպրոցական կրթության պրոցեսում”:

ՀԲԸՄ «Գալփաքյան» վարժարանի

Ծնողական խորհրդի նախագահ

Սեդա Օհանյան

Մանկավարժ

Այս խորագրի վերջին նյութերը