Հարցազրույց

15.05.2009 17:23


Սամվել Բաբայան.

Սամվել Բաբայան.

Հարցազրույց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի հետ

- Պարո՛ն Բաբայան, հայ-թուրքական հարաբերություններում հայկական կողմի «առանց նախապայմանների» բանաձևին Թուրքիան մշտապես հակադարձում է Ղարաբաղով պայմանավորված նախապայմաններ։ Օրերս Բաքվում այդ մասին կրկին հայտարարեց Թուրքիայի վարչապետ Էրդողանը։ Մեր կողմից սրան պատասխան չի տրվում։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը։

- Մերոնք արձագանքում են, բայց այդ արձագանքը համարժեք չէ։ Չգիտեմ, թե ինչու՞ է այդպես։ Կարող եմ միայն ենթադրել։ Եթե կան ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ, ես տեղյակ չեմ: Բայց գործողությունների մեջ ես տեսնում եմ, որ Թուրքիան, այնուամենայնիվ, նախապայման է առաջ քաշել, և հայկական կողմը հաշվի է նստում այդ նախապայմանի հետ: ՀՀ իշխանություններն ամեն գնով ուզում են սահմանը բացել, որպեսզի արդյունքներ ցույց տան։ Հիմա ամեն ինչ կուլ են տալիս, բայց դա տարբերակ չէ։

 Սահմանը Թուրքիան է փակել։ Եթե նրանք համաձայն են առանց նախապայմանների բանակցություններ վարել և հարաբերություններ կարգավորել, ապա պետք է փոխեն իրենց պահվածքը, բացեն սահմանը ու նոր նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Հայկական կողմը, Թուրքիայի նախապայմանների պնդման  իրավիճակում բանակցություններ վարելով, փաստորեն, հետ է կանգնում իր իսկ հռչակած՝ առանց նախապայմանների սկզբունքից: Գիտակցվա՞ծ է սա տեղի ունենում, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա։

- Նախագահ Սերժ Սարգսյանի պրահյան հանդիպումներից հետո և՛ համանախագահող կողմը, և՛ Թուրքիայի վարչապետը ոչ այնքան ցանկալի հայտարարություններ արեցին Ղարաբաղի վերաբերյալ։ Նշանակո՞ւմ է արդյոք դա, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվելու է ոչ ի նպաստ մեզ։

- Ղարաբաղյան հակամարտության հայանպաստ լուծումը կախված է միմիայն մեր բոլորի միասնական դիրքորոշումից: Միայն այդ դեպքում ոչ մի համանախագահող երկիր, ոչ մի Թուրքիա չի կարող կարգավորման գործընթացը տանել ի վնաս մեր շահերի: Մեծ հաշվով,  ինձ համար կարևոր է ոչ թե այն, թե ինչ են հայտարարում այս կամ այն երկրի ներկայացուցիչները, այլ՝ թե ինչ են մտածում ու անում Հայաստանի ու Արցախի իշխանությունները: Ահա թե ինչու, ես մշտապես հայտարարել եմ և շարունակում եմ պնդել, որ Արցախի հարցում հարկավոր է ձևավորել միասնական դիրքորոշում՝ խարսխված մասնագիտական եզրակացությունների վրա: Արցախի հարցն ամբողջ Հայաստանի անվտանգության հարցն է, ու պետք չէ մեր հայրենիքի երկու կտորներն իրարից տարանջատել։ Առանց էն էլ՝ փոքր բան է։

Տարածք հանձնելով՝ երջանիկ չես լինի։ Մենք պետք է հասկանանք, թե այս կամ այն տարածքի հանձնումը որքանո՞վ է ազդելու մեր բանակի մարտունակության, շարժողունակության վրա, ջրային պաշարների անվտանգության վրա, կամ, ի վերջո, ի՞նչ բնական պաշարներ կան այդ տարածքներում։ Երբ մենք կունենանք միասնական դիրքորոշում, կհասկանանք, թե ո՞րն է հայկական կողմի զիջումների առավելագույն սահմանը (եթե գնում ենք փոխզիջման ճանապարհով), ամեն մեկի հայտարարությունից ազգովին իրար չենք խառնվի, միմյանց դավաճանության մեջ չենք կասկածի կամ ազգային խնդիրները ներքաղաքական պայքարի առարկա չենք դարձնի։ Որոշ քաղաքական գործիչներ էլ, իրար հերթ չտալով, այս կամ այն դեսպանատանը զիջումների պատրաստակամության շռայլ խոստումներ չեն տա՝ դրսի ուժերի աջակցության ակնկալիքով:

Իսկ ընդհանրապես, եթե Ալիևն անընդհատ պնդում է, թե ոչ մի զիջում չի լինի, ապա այդ դեպքում մենք շտապելու բան չունենք։ Հո չե՞նք աղաչելու, թե՝ լա՛վ, էլի, գոնե Սյունիքը մեզ թողեք։ Մենք մերը վերցրել ենք։ Կռվով։ Այո՛, հիմա խաղաղություն ենք ուզում, բայց ոչ անարժանապատիվ խաղաղություն, երբ քեզ ասում են, թե  շորերդ էլ հանիր վրայիցդ։ Իսկ նրանք, ովքեր Ալիևի հայտարարություններից են իրար խառնվում ու շտապում են, իրականում, անգիտակցաբար, պատերազմ են քարոզում։ Ես՝ որպես զինվորական, դա կարող եմ հարյուր տոկոսով պնդել։ Այդ պատերազմ քարոզողները պիտի տեղ չունենան մեր քաղաքական կյանքում։ Պատերազմ չի լինում այն դեպքում, երբ դու ուժեղ ես։ Իսկ եթե դիրքերդ հանձնես, հակառակորդն անմիջապես վրա կտա։ Ու հետո պիտի մտածենք, թե Վարդենիսը, Իջևանն ու Սյունիքը ո՞նց պահենք։ Արցախն այսօր մեր ընդհանուր հայրենիքի այդ շրջաններն է պահում։ Թե ինչու՞ ոմանք սա չեն գիտակցում, դժվարանում եմ պատասխանել։

- Դուք մշտապես նշում եք, որ Ղարաբաղյան խնդիրը լուծվելու է Ստեփանակերտում։ Քիչ առաջ ասում էիք, թե պետք չէ Հայաստանն ու Արցախն իրարից տարանջատել։ Այդ դեպքում, ինչո՞ւ եք տարանջատում Երևանն ու Ստեփանակերտը, և արդյոք  եթե Երևանը որոշում կայացնի, և այդ որոշումը ընդունելի չլինի, ապա Ստեփանակերտը պետք է դե՞մ դուրս գա։ Ինչպե՞ս։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ պաշտոնական Ստեփանակերտն այժմ որևէ կերպ չի հակադրվում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը՝ չնայած նկատվող վտանգներին։

- Իմ ասածը տարանջատել չէ: Պարզապես, արդեն շուրջ երկու տասնամյակ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և այդ իրողության հետ, ուզում ենք, թե ոչ, պետք է հաշվի նստել։ Հատկապես, երբ Լեռնային Ղարաբաղի՝ որպես առանձին պետության գոյությունը համապատասխանում է մեր ազգային շահերին։ Թե ինչո՞ւ՝  նպատակահարմար չեմ գտնում հրապարակավ քննարկել:

Ինչ վերաբերում է Ստեփանակերտի՝ Երևանին դեմ դուրս գալուն, ապա արցախահայությունը որևէ ձևով չի հակադրվի Երևանին, քանի դեռ իր անվտանգությանը որևէ բան չի սպառնում: Իրական սպառնալիքի դեպքում, չկասկածեք, դիմադրություն անպայման կլինի։ Այդ մասին են վկայում պատմությունը և ներկա իրողությունները:

Հաճախ Ստեփանակերտին հանիրավի մեղադրում են, թե ինչո՞ւ է ամեն ինչում համաձայնում Երևանի հետ: Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ պետք է աներ: Նույնն է, թե մեղադրես Սյունիքի ղեկավարությանը, թե ինչո՞ւ չեն հակադրվում և վարում այլ քաղաքականություն: Դա աբսուրդ է: Ուրեմն, թե՛ Սյունիքը, թե՛ Արցախը, թե՛ մնացած ողջ Հայաստանը կենթարկվեն, քանի դեռ իրենց գոյությանն սպառնալիք չեն տեսնում:

- Եթե դեպքերն Արցախի շուրջ զարգանան ոչ ցանկալի հունով, ո՞րն է լինելու Ձեր մոտեցումը։

- Ցանկալին կամ ոչ ցանկալին առայժմ, ցավոք սրտի, մնում է սուբյեկտիվ ընկալման շրջանակներում: Ոմանց համար ցանկալի է, որ Արցախը հանրաքվեի միջոցով ձեռք բերի անկախություն և Հայաստանի հետ կապված լինի միջանցքով: Դա նրանք համարում են կատարյալ տարբերակ: Անձամբ ինձ համար, միանշանակ, միայն միջանցքով Արցախի կապվածությունն անընդունելի է: Կան նաև այլ տարածքներ, որոնք ունեն ռազմավարական նշանակություն, և դրանց հանձնումը նույնպես անընդունելի եմ համարում: Ահա թե ինչու եմ մշտապես շեշտում մասնագիտական եզրակացությունների կարևորության մասին: Եթե արցախահայությունն իր համաձայնությունը չի տա այժմ առաջարկվող տարբերակին, որը, որքանով որ տեղյակ եմ, ենթադրում է Լաչինի ու Քելբաջարի հանձնում, բնականաբար, ես կլինեմ ժողովրդի կողքին:

Բայց լավ կլիներ, եթե հանձնելուց քիչ խոսեինք։ Հո կրակը չե՞նք ընկել հաղթելու ձեռքը։ Էդ ո՞ր ազգն է հող հանձնելով երջանկացել։ Թուրքը հիմա մեզ Կարսը կտա՞։ Կտա՞ն մեզ Շահումյանն ու Նախիջևանը: Չեն տա։ Կռվով կամ մեր թուլության պատճառով են վերցրել։ Բա էսօր ո՞նց ենք ասում, թե՝ հարգելի՛ թուրքեր, եկե՛ք առանց նախապայմանների խոսենք։ Էդ նրանից է, որ Թուրքիան պետություն է։ Մենք հլա պետություն չենք դարձել։ Այսօր ում հարցնում ես, զիջումից է խոսում։ Կռվի տարիներին ադրբեջանցիները խնդրում էին մեզ՝ մի քանի օրով կրակը դադարեցնել։ Իսկ  հիմա տեսնում են, որ պետություն չենք դարձել, ասում են՝ դե, բերե՛ք՝ ինչ ունեք։

- Հաշվի առնելով Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ փոխզիջում ասվածը մի տեսակ անիմաստ է դառնում։ Որքանո՞վ են պատերազմական գործողությունները հնարավոր։

- Քանի դեռ պատերազմական գործողությունները չեն վերսկսվել, անկախ այս կամ այն գործչի հայտարարություններից՝ փոխզիջումն անիմաստ չի կարող դառնալ: Այն վերջնականապես կիմաստազրկվի միայն ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Այսօր պատերազմի վերսկսման վտանգն իրական չեմ համարում։ Մյուս կողմից՝ դա չի նշանակում, թե նման վտանգ ընդհանրապես գոյություն չունի:  Մենք միշտ պատրաստ պետք է լինենք դեպքերի զարգացման վատթարագույն սցենարին:

- Հաշվի առնելով ներկայիս բարոյահոգեբանական գործոնները՝ չե՞ք կարծում, որ հնարավոր պատերազմի դեպքում մենք շահեկան վիճակում չենք հայտնվի։ 

- Նախ, եթե պատերազմը վերսկսվի, ապա միանգամից կարելի է հայտարարել, որ հայկական կողմը տանուլ է տվել բանակաշինության ողջ գործընթացը: Այսինքն, մեր ռազմական գերատեսչության կողմից կատարած կամ չկատարած քայլերը հակառակորդին հիմք են տվել համեմատվելու, և այդ համեմատության մեջ նա իր ուժերը գնահատել է գերազանցող ու անցել հարձակման: Ահա թե ինչու, մշտապես կրկնում եմ, որ հնարավոր պատերազմը կարող է կանխել միմիայն պրոֆեսիոնալ բանակը: Սա պետք է լինի մեր պետության առաջնահերթ խնդիրը: Հասկանում եմ, որ դա միանգամից անելը դժվար է, բայց գոնե Արցախում կանգնած զորքը բարեփոխելը այլևս ժամանակի հրամայականն է:

Պատերազմի ժամանակ բարոյահոգեբանական գործոնները, անշուշտ, մեծ դեր են կատարում, բայց շատ բան կախված է լինելու հրամանատարական կազմից: Մեկ փոքրիկ պարտությունը կարող է վերջնականապես բարոյազրկել բանակը, իսկ փոքրիկ հաջողությունը՝ այդ նույն բանակը դարձնել անպարտելի:

- Ներքաղաքական կյանքում ո՞րն է լինելու Ձեր դերակատարումը։

- Ես համոզմունք ունեմ, որ քաղաքական դաշտի առողջացումը հնարավոր է միայն կուսակցությունների միավորման ու խոշորացման ճանապարհով: Այստեղ եմ տեսնում իմ դերակատարությունը, և այդ խնդրի լուծմանն են միտված իմ բոլոր ջանքերը: Ինչպես հայտնի է, ունենք որոշ հաջողություններ, բայց այդ ամենը դեռևս բավարար համարել չեմ կարող:

 Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը