Լրահոս

10.03.2012 11:14


Տեղի կունենա Մաշտոցի պուրակի հանրային տարածքի ու սեփականության պաշտպանության առաջին դատը

Տեղի կունենա Մաշտոցի պուրակի հանրային տարածքի ու սեփականության պաշտպանության առաջին դատը

«Քաղաքացիական անկախ ու արդար դատարանի առաջին հրապարակային դատական նիստը տեղի կունենա մարտի 13-ին, ժամը 13.00-ին Երևանի Մաշտոցի պուրակում: Առաջին գործը Մաշտոցի պուրակի հանրային տարածքի ու սեփականության պաշտպանության դատն է, որտեղ հանրությունը հանդես է գալու ընդդեմ քաղաքային իշխանությունների: Մինչ վճռի հրապարակումը դատարանի որոշումով Մաշտոցի պուրակի գույքը կալանքի տակ է առնվում»,-այսօր նման հայտարարությամբ հանդես են եկել Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակիցները: Հայտարարության մեջ ասվում է.  «Արդեն 27 օր է, ինչ մենք` ՀՀ քաղաքացիներս ու բնակիչներս, կենսագործում ենք մեր Սահմանադրական իրավունքներն ու պարտականությունները և լինելով այս հանրային տարածքի ու սեփականության տերը, մեր քաղաքի և պետության տերը` պահանջել ենք մեր ծառայողներից` քաղաքային և այլ մարմինների ներկայացուցիչներից, կատարել իրենց Սահմանադրական գործառույթներն ու պարտականությունները, որի համար էլ վճարվում են հանրության կողմից: Մեր հստակ ու օրինական պահանջին նրանք արդեն ինչքան ժամանակ է որևէ հստակ և իրավական պատասխան չեն տալիս, այլ խուսափում են, փորձում են խճճել կամ երկարաձգել գործընթացը: Փաստելով նրանց անգործությունը` մենք կյանքի ենք կոչում «Քաղաքացիական անկախ ու արդար դատարան», որը կոչված է քննելու հանրային ունեցվածքի ու ազգային հարստության զավթման, կողոպտման, մասնավորեցման հիմնախնդիրը մեր պետությունում: Քաղաքացիական անկախ և արդար դատարանի գործընթացների հիմքում դրվելու են ՀՀ Սահմանադրական իրավունքները, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Բոլոր դատավարությունները լինելու են թափանցիկ, բաց և հրապարակային: Կատարվելու է օնլայն հեռարձակում: Բոլորի մուտքն ազատ է ու մասնակցությունը` խրախուսելի: Դատական առաջին նիստի ժամանակ կներկայացվի դատավարության ընթացակարգը և պատիժները: Դատարանի ընդունած որոշումներն անբեկանելի են ու ենթակա են անհապաղ իրականացման: 


Բոլոր քաղաքացիներն ու բնակիչները, կազմակերպությունները, միությունները և այլ տեսակի կառույցները, որոնց հանրային սեփականությունը կամ ունեցվածքը խլվել կամ կողոպտվել է, կարող են դիմել Քաղաքացիական անկախ ու արդար դատարանին այստեղ` Մաշտոցի պուրակում, տրամադրել տեղեկատվությունը և հայց ներկայացնել դատարան գործը քննելու համար: Բոլոր այն քաղաքացիները, բնակիչները, որոնց մասնավոր սեփականությունը խլվել է «հանրային շահի համար», նույնպես կարող են դիմել մեզ` արդարացի, ժողովրդական և անկախ որոշում ստանալու համար: Կոչ ենք անում բոլոր գյուղերի, քաղաքների, մարզերի քաղաքացիներին ու բնակիչներին` Քաջարանից մինչև Թեղուտ, Մաշտոցի պուրակից մինչև Դալմայի այգիներ, միանալ մեր քաղաքացիական անկախ ու արդար հրապարակային դատավարություններին` իրենց իրավունքների և մեր բոլորիս քաղաքացիական պետության կերտմանն ի խնդիր»:

Այս խորագրի վերջին նյութերը