Լրահոս

02.03.2012 12:00


Բացվում է «Նարեկացի» արվեստի միության միջոցառումների գարնանային ութերորդ շրջանը

Մարտի 2-ին՝ ժամը 14:00-ին, մեծ համերգով և ցուցահանդեսով կբացվի «Նարեկացի» արվեստի միության միջոցառումների գարնանային ութերորդ շրջանը:

Համախմբելով բազմաթիվ ականավոր երաժիշտների, գեղանկարիչների և լուսանկարիչների՝ «Գարնանամուտն ութերորդ»-ը կազդարարի նաև «Նարեկացի»-ի այս տարվա խիստ հագեցած ժամանակացույցի մեկնարկը, որի 35 շարքերի շրջանակում արդեն նախատեսված են 90 համերգ, վարպետության դաս, ցուցահանդես, ընծայում, հանդիպում արվեստի ականավոր գործիչների հետ և այլ միջոցառումներ:

 

Այս իմաստով խորհրդանշական է մարտի 2-ի մեկնարկային համերգ-ցուցահանդեսը, քանզի մեկ խորագրի ներքո մեկտեղելով բազմաոճ ու բազմաժանր ծրագիր՝ այն արտացոլում է «Նարեկացի» արվեստի միության գործունեության ուղղվածությունների յուրօրիանակ բազմազանությունը:

 

Այսպես, «Գարնանամուտն ութերորդ»-ը կուղեկցվի յուրօրինակ մի ցուցահանդեսով, որ ներկայացնում է հայ կերպարվեստի և լուսանկարչության մերօրյա ամենաակնառու ստեղծագործողների աշխատանքները. Հակոբ Հակոբյան, Ռոբերտ Էլիբեկյան, Արտո Չաքմաքչյան, Սարգիս Համալբաշյան. Արարատ Սարգսյան, Զավեն Սարգսյան, Վարդան Պետրոսյան, Արթուր Մանուչարյան, Տիգրան Մատուլյան, Սուրեն Մանվելյան, Անատոլի Ավետյան, Հակոբ Հովհաննիսյան: Միջոցառմանն ընդառաջ՝ հիշատակված բոլոր արվեստագետներն էլ ցուցադրվող իրենց աշխատանքները նվիրել են «Նարեկացի» արվեստի միությանը՝ ի գնահատանքն Միության ծավալած գործունեության:

 

Նույնքան տպավորիչ է մեկնարկային    միջոցառման համերգային բաժինը, որի

բեմն այդ օրը կհյուրընկալի երաժշտական արվեստի տարբեր ժանրերում ստեղծագործող ինքնատիպ, խոսք և ասելիք ունեցող երաժիշտների ինքնօրինակ մի

աստղաբույլ:  Հեղինակային կատարումներով հանդես կգան Ռուբեն Հախվերդյանը, Վահան Արծրունին, Վարդան Գալստյանը, դաշնամուրի ջազային իմպրովիզացիաներով՝ Վահագն Հայրապետյանը և Ստեփան Շաքարյանը, դաշնամուրի դասական կատարումներով՝ Լևոն Իսկենյանը և Լևոն Կարապետյանը, իսկ վոկալ ելույթով՝ անզուգական սոպրանո  Հասմիկ Բաղդասարյանը:

 

Այս մեկնարկով կազդարարվի «Նարեկացի»-ի գարնանային միջոցառումների շրջանի բացումը, որի շրջանակներում արդեն նախատեսված են վարպետության 10 դաս ականավոր կոմպոզիտորների և երաժիշտների հետ, ժողովրդական և ազգագրական արվեստի 10 համերգ, հազվադեպ կատարվող կամերային երաժշտական գործերի 10 համերգ, ազգագրական պարի ու դրանց պատմությունը ներկայացնող 10 բաց դաս, մարզերում բնակվող արվեստագետների 2 ցուցահանդես, հաշմանդամություն ունեցող ստեղծագործողների 2 համերգ և 1 ցուցահանդես, մանկական ճանաչողական անիմացիաների 5 ցուցադրություն, տաղանդավոր երեխաների 3 համերգ, սկսնակ կատարողների 3 համերգ: Ընթացիկ այս միջոցառումներից զատ՝ նախատեսված են բազմաթիվ հատուկ ծրագրեր, որոնց թվում՝ լեհական  կինոյի տարվա մեկնարկը մարտ ամսվա վերջին, որ «Նարեկացի»-ն իրականացնում է Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ համատեղ:

Այս խորագրի վերջին նյութերը