Լրահոս

01.03.2012 17:18


Վահան Հովհաննիսյան. «Ինչ–որ քաղաքական շրջանակ որոշել է ամե՛ն գնով ու հենց ա՛յս տեսքով ընդունել տալ օրենքը»

Վահան Հովհաննիսյան. «Ինչ–որ քաղաքական շրջանակ որոշել է ամե՛ն գնով ու հենց ա՛յս տեսքով ընդունել տալ օրենքը»

Անդրադառնալով այսօր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի աղմուկ հանած քվեարկությանը՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «7օր»–ին ասել է.

–Ես այնպես եմ հասկանում, որ ինչ–որ քաղաքական շրջանակ, որը չի կարելի ասել, որ խորհրդարանում է, որոշել է ամե՛ն գնով ու հենց ա՛յս տեսքով ընդունել տալ օրենքը։ Որովհետև նույնիսկ խորհրդարանում ներկայացված իշխանության ներկայացուցիչներից շատերը՝ հատկապես իրավաբանները, թե՛ դեմ արտահայտվեցին այդ օրինագծին, թե՛ առնվազն շատ ընդունելի և ճիշտ համարեցին մեր մի շարք առաջարկությունները։

Վահան Հովհաննիսյանը մանրամասնել է, որ խոսքը երկու առաջարկի մասին է՝ բանակը չօգտագործելը և արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո ԱԺ–ի նիստ հրավիրելը։

–Անհասկանալի է, թե դա ի՞նչ ֆունկցիա ունի, որովհետև եթե խոսում ենք արտահերթ նիստ՝ 1/3–ով հրավիրելու մասին, այդ հնարավորությունը խորհրդարանը միշտ էլ ունի։ Այստեղ պետք չէ ինչ–որ հատուկ նիստ նախատեսել։ Պարզվում է նաև, որ այդ հատուկ նիստը ո՛չ օրակարգ ունի, ո՛չ հստակ ֆունկցիա, ո՛չ էլ նույնիսկ քվորումի անհրաժեշտություն։ Նշանակում է, որ սահմանադրական կարգի սպառնալիքի առկայությունը և չափը որոշվում է միանձնյա նախագահի կամ նախագահի շրջապատի կողմից։ Եվ ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը որևէ դերակատարություն չունի այդ որոշման հնարավոր սխալներն ու շեղումները շտկելու կամ բալանսավորելու իմաստով։

«7օր»–ի դիտարկմանը՝ ՀՀԿ–ն հայտարարում է, թե խորհրդարանական ընտրությունները չկեղծելու քաղաքական որոշում է կայացրել, բայց տեսնելով ԱԺ կանոնակարգ օրենքի խախտմամբ օրինագծի անցկացումը՝ կարելի՞ է հավատալ ՀՀԿ–ի այդ խոստմանը, Վահան Հովհաննիսյանն ասել է.

–Չէ՛, չի կարելի, մի՛ էլ հավատացեք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը