Լրահոս

29.02.2012 12:01


Սինգապուրի նախագահն ու ՀՀ ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր

Սինգապուրի նախագահն ու ՀՀ  ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ  հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր

Պաշտոնական այցելությամբ Սինգապուրում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին փետրվարի 28-ին ընդունեց Սինգապուրի Հանրապետության  նախագահ Թոնի Թան Կեն Յամը:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Սինգապուրի ղեկավարը նշեց. «Հայերը խոր հետք են թողել մեր երկրի պատմության մեջ և մեծ ներդրում ունեցել պետության զարգացման գործում, ինչի վառ վկայությունն է այն հանգամանքը, որ Սինգապուրի ազգային խորհրդանիշ հանդիսացող օրխիդեա ծաղիկը անվակոչված է ծագումով հայ սինգապուրցի Վանդա Ժոակիմի անվամբ:  Երկրում առաջին եկեղեցին դեռ 19-րդ դարում կառուցել են հենց քրիստոնյա հայերը»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Սինգապուրի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները:  Նախարար Նալբանդյանը նշեց, որ 2009թ. Սինգապուրի ավագ նախարար Լի Կվան Յուի այցելությունը Հայաստան նոր էջ բացեց երկու երկրների հարաբերություններում, և վստահություն հայտնեց, որ նախագահ Թոնի Թան Կեն Յամի հրավերով ՀՀ նախագահի պետական այցելությունը Սինգապուր նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև բարեկամական փոխգործակցության զարգացմանը:

Սինգապուրի նախագահը խնդրեց նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել, որ Սինգապուրում ուրախությամբ և ամենայն ջերմությամբ են սպասում երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում Հայաստանի ղեկավարի առաջին այցելությանը:

Սինգապուրի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկեցին երկկողմ  հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները, ներդրումային ոլորտում փոխգործակցությունը, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի հարցերի շուրջը:

Նույն օրը տեղի ունեցան Էդվարդ Նալբանդյանի և Սինգապուրի ԱԳ նախարար Կ Շանմուգամի միջև բանակցությունները, որոնց օրակարգում էին ՀՀ նախագահի Սինգապուր  այցելության նախապատրաստական աշխատանքները, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Նախարար Շանմուգամն ընդգծեց, որ դիվանագիտական հարաբերությունների քսանամյակի տարում բարեկամ Հայաստանի նախագահի առաջին այցելությունը Սինգապուր խորհրդանշական է, և այն նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:

Հայաստանի և Սինգապուրի արտաքին գործերի նախարարները հանգամանալից անդրադարձան իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանն առնչվող հարցերի,  պայմանավորվեցին առաջիկայում ստորագրման պատրաստել մի շարք փաստաթղթեր:

Սինգապուրի ԱԳ նախարարը ևս մեծապես կարևորեց սինգապուրահայ համայնքի դերակատարությունը իր երկրի զարգացման գործում: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Սինգապուրում հայկական մշակութային ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքի համար: 

Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային կարևորության խնդիրների՝ ասիական տարածաշրջանի հիմնահարցերի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև ԱՍԵԱՆ-ի շրջանակներում իրականացվող համագործակցությանը: 

Նախարար Նալբանդյանը սինգապուրցի գործընկերոջը ներկայացրեց կովկասյան տարածաշրջանում անվտանգության և համագործակցության հաստատման նպատակով Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Քննարկումները շարունակվեցին ՀՀ ԱԳ նախարարի պատվին Սինգապուրի արտգործնախարարի կողմից տրված պաշտոնական ընթրիքի ընթացքում:

Սինգապուրում Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև 1835թ. հիմնադրված Հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Սինգապուրահայերը նախարար Նալբանդյանին տեղեկացրեցին իրենց գործունեության ոլորտների, հայապահպանության և Սինգապուրում հայկական մշակութային ժառանգության պահպանման մասին:   

Ավարտելով այցելությունը Սինգապուր՝ Էդվարդ Նալբանդյանը նույն օրը ուղևորվեց Երևան:

Այս խորագրի վերջին նյութերը