Լրահոս

28.02.2012 19:29


Երեխաների իրավունքներին նվիրված ազգային պատանեկան համաժողովը օրենսդիր և գործադիր մարմիններին կներկայացնի փոփոխությունների առաջարկներ

Այսօր տեղի ունեցավ Երեխաների իրավունքներին և մասնակցությանը նվիրված ազգային պատանեկան համաժողովը, որը նպատակ ուներ մշակել և խմբավորել երեխաների առաջարկություններն իրենց մասնակցության և իրավունքների պաշտպանության վերաբերյալ` դրանք հետագայում ազգային օրենսդիր և գործադիր մարմիններին ներկայացնելու նպատակով:

Համաժողովին մասնակից երեխաները ներգրավված են «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» (ՏՆՀԵՄ) ծրագրի շրջանակներում կազմակերպված «Երեխան երեխայի համար» (ԵԵՀ) խմբերում:

Միացյալ Ազգերի Կազմակերպության Երեխայի իրավունքների հանձնաժողովի 2008թ. զեկույցում (A/63/41) նշված է, որ հաճախ երեխաների կարծիքներն անտեսվում են և հաշվի չեն առնվում: Հասարակական այն մտածելակերպը, որ երեխաների տեսակետները կարևոր չեն, մինչ օրս էլ լայնորեն տարածված է Հարավային Կովկասում: Դա երեխաների շրջանում առաջացնում է անտարբերություն ու հուսահատություն, ինչի արդյունքում ունենում ենք պասիվ և մեկուսացված երիտասարդներ, այլ ոչ թե իրենց երկրների ժողովրդավարացմանն իրենց մասնակցությամբ նպաստող ակտիվ քաղաքացիներ: Տեսակետներ ձևավորելու և արտահայտելու գործնական հնարավորությունների պակասը հանգեցնում են երեխաների` որպես իրավունքի կրողների սահմանափակ ինքնընկալմանն ու նրանց մասնակցային կարողությունների թերզարգացմանը:

ՏՆՀԵՄ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի երեխաների կարողությունների զարգացմանը, որպեսզի նրանք առաջատար դեր խաղան տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակներում իրենց իրավունքների պաշտպանության գործում:

Ծրագրի շրջանակներում երեխաներն ունեցել են լուրջ նվաճումներ: Խթանվել են երեխաների` համայնքային, մարզային և պետական իշխանությունների հետ աշխատելու միջոցով հիմնախնդիրներ վերլուծելու և դրանց լուծումներ տալու հմտությունները: Մեծահասակների օգնությամբ երեխաները նախաձեռնել և կյանքի են կոչել 80 բազմաբնույթ ծրագրեր՝ երեխաների իրավունքներին վերաբերող տարբեր ոլորտներում։ Այս ծրագրերի իրականացման ընթացքում երեխաները ուսումնասիրել և առաջ են քաշել տվյալ դաշտը կարգավորող օրենսդրական հարցերի շուրջ մի շարք առաջարկներ։ Ծրագրի այս փուլում` համաժողովի ընթացքում, երեխաները քննարկեցին իրենց խնդիրներն ու ծրագրերը, փորձագետների օգնությամբ հստակեցրեցին և վերջնական տեսքի բերեցին իրենց առաջարկները, որոնք շուտով կներկայացվեն ՀՀ կառավարություն և Ազգային ժողով: Երեխաների առանձնացրած հիմնախնդիրները վերաբերում են երեխայի մասնակցությանը, պաշտպանությանը, կրթությանը, ազատ ժամանցին, առողջությանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Այս խորագրի վերջին նյութերը