Լրահոս

27.02.2012 18:00


2011թ. լավագույն դատավորները

2011թ. լավագույն դատավորները

Փետրվարի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով:

Ընդհանուր ժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը: Արման Մկրտումյանը, ներկայացնելով վիճակագրական տվյալները և ամփոփելով նախորդ տարվա կատարված աշխատանքները, իր խոսքում մասնավորապես նշեց. «Եթե բնութագրենք 2011 թվականը մեկ նախադասությամբ, ապա այն կարելի է արձանագրել որպես բավականին ծանրաբեռնված, սակայն արդյունավետ»: Վճռաբեկ դատարանի նախագահը նշեց նաև, որ դրական տեղաշարժեր են գրանցվել դատական համակարգի բոլոր ոլորտներում՝ վարչական, քաղաքացիական և քրեական: Դրանք առավել ակնառու են հատկապես քրեական ոլորտում: Մեջբերելով վիճակագրական տվյալներ` վճռաբեկ դատարանի նախագահն ընդհանուր ժողովին հայտնեց, որ 2011թ. ընթացքում կտրուկ աճել է լրիվ կամ մասնակի արդարացումների քանակը: Եթե 2009 թվականի ընթացքում Հայաստանի դատարանների կողմից արդարացվել է ընդամենը 25 անձ, ապա 2011թ-ին լրիվ կամ մասնակի արդարացումներ գրանցվել են 77 անձի նկատմամբ:

Բացման խոսքի ավարտին Արման Մկրտումյանը փաստեց. «Ընդհանրապես, վերջին շրջանում դատական իշխանության վերաբերյալ դատախազների և փաստաբանների կողմից հնչեցրած դժգոհությունների մասնագիտական վերլուծությունը հանգեցնում է մի հետևության, որ մենք գտնվում ենք անկախ դատական համակարգի կայացման ճանապարհին»:

Անցնելով ժողովի օրակարգի առաջին հարցին, ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս մրցանակներ շնորհվեցին «Տարվա լավագույն դատավոր» և «Տարվա լավագույն դատարան» անվանակարգերում: Հիշեցնենք, որ նշված մրցանակների շնորհման սկիզբը դրվել է դեռևս 2009թ-ին, որի նպատակն է խրախուսել դատավորների մասնագիտական գործունեությունը:

Այս նպատակով Դատարանների նախագահների խորհուրդն իր 2011թ. փետրվարի 15-ի որոշմամբ ձևավորել է հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նաև ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների և վերաքննիչ դատարանների նախագահները:

Հարկ է նշել, որ մրցանակաբաշխության նպատակով ընդունվել են հատուկ չափորոշիչներ, որոնց բավարարման դեպքում միայն դատավորները կարող են արժանանալ «Տարվա լավագույն դատավոր» մրցանակին:

Այդ չափորոշիչներից են օրինակ՝ դատավորների կողմից քննվող գործերի քանակը, բողոքարկված և բեկանված կամ փոփոխված գործերի քանակը, դատավորների մասնակցությունը վերապատրաստումներին, կարգապահությունը, դատավորների վարքագիծը և հեղինակությունը, գործընկերների վերաբերմունքը, դատավորի դեմ ներկայացված հիմնավոր դիմում-բողոքները, ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական և ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովներում վարույթների հարուցումը, դրանց ընթացքը և մի շարք կարևոր այլ  չափանիշներ:

Այսպիսով, 2011թ. տարվա լավագույն դատավորներ են ճանաչվել ՀՀ վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանը, քրեական գործեր քննող դատավորներից` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Քաղաքացիական գործեր քննող դատավորներից «Տարվա լավագույն դատավոր□ անվանակարգին արժանացան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը և Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը:

«Տարվա լավագույն դատարան» անվանակարգին արժանացան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները:

Ժողովի օրակարգի հաջորդ հարցի քննարկման ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը մատնանշեց հաշվետու տարում գրանցված մի շարք թերություններ, մասնավորապես, դատավորների կողմից դատական նիստերին ուշացումով ներկայանալու, դատական ակտերը կողմերին ուշացումներով հանձնելու, գործերի քննության ձգձգումները, և մի շարք այլ խնդիրների շուրջ հանձնարարվեց լինել զգոն և խուսափել ցանկացած խախտումից:

Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը