Լրահոս

27.02.2012 16:35


Փետրվարին ապօրինի գործունեության մի շարք դեպքեր են բացահայտվել Երևանում և մարզերում

Փետրվարին ապօրինի գործունեության մի շարք դեպքեր են բացահայտվել Երևանում և մարզերում

Կեղծված ալկոհոլային խմիչքներ, ապօրինի ատամնաբուժարաններ և ստվերում գործող արտադրամասեր. պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները փետրվարին անօրինական ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր են բացահայտել Երևանում և մարզերում: Այսպես, ստացված տեղեկությունների հիման վրա, խոշոր հարկ վճարողների նկատմամբ հսկողություն իրականացնող օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժնի աշխատակիցները Երևանի «Վերնիսաժ» տոնավաճառում բացահայտել են առանց ակցիզային դրոշմանիշների ալկոհոլային խմիչքների իրացման հերթական փորձը: Պարզվել է, որ անօրինական ձեռներեցության հեղինակը Երևանի բնակչուհի Ժաննա Քեսոյանն է, ով իրացրել է 230 հազար դրամի ապրանք, իսկ հայտնաբերված առանց ակցիզային դրոշմանիշների խմիչքների ընդհանուր գումարը կազմել է 430 հազար դրամ: Օպերատիվ-հետախուզական մյուս միջոցառումների արդյունքում օրերս հայտնաբերվել է նաև Երևանի բնակիչ Հակոբ Սնդոյանին պատկանող մետաղապլաստե դռների և պատուհանների ապօրինի արտադրամաս: Պարզվել է նաև, որ Երևանի մեկ այլ բնակիչ էլ` Սամվել Նալբանդյանը, սեփական տան բակում գտնվող առանձին շինությունում փետրվարի 1-ից առանց պետական գրանցման զբաղվում էր ռետինե կաղապարների պատրաստմամբ: Իսկ Սարգիս Հովհաննիսյանն էլ, չունենալով ձեռնարկատիրական գործունեության իրավունք, սեփական ավտոտնակում տնտեսական ապրանքներ և շինանյութ էր պահեստավորում` այն պարբերաբար իրացնելով Երևանի Վարդանանց փողոցում: Մյուս դեպքերով էլ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներին հաջողվել է ատամանբույժներ հայտնաբերել, ովքեր, ի դեպ, գործել են ոչ միայն առանց պետական գրանցման, այլև` առանց համապատասխան լիցենզիայի: Այսպես, Նոր Արեշում սեփական առանձնատանը Արմեն Կարապետյանն ատամանբուժական ծառայություն էր մատուցում 2011 թվականի մարտից, իսկ Արտակ Ղամբարյանը 2009-ից Էրեբունիում գտնվող բնակելի շենքերից մեկի նկուղն էր սեփական ատամնաբուժարան դարձրել: Անօրինական բժշկական գործունեությունից զերծ չեն մնացել նաև մարզերում: ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները Արարատի մարզի Ավշար և Տափերական գյուղերում հայտնաբերել  են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող դեղատուն և ատամնաբուժարան, որոնք շուրջ 2 ամիս նույնպես գործել են առանց պետական գրացման և համապատասխան լիցենզիայի: Իսկ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում Արթուր Մովսիսյանն ապօրինի գործող փայտամշակման արհեստանոցում փորձել է մրգերի համար նախատեսված փայտե արկղեր պատրաստել: Սևան քաղաքում էլ օրերս կանխվել է տարբեր ապրանքանիշի շուրջ 40 շիշ կեղծված օղու իրացման դեպք: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սևանի բնակիչ Վարդան Միրաքյանին հաջողվել է  6 ամսվա ընթացքում կեղծված օղիներ իրացնել:

Ներկայացված բոլոր դեպքերով էլ պետությանը պատճառած վնասի չափը ճշտվում է:

                                               ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը