Լրահոս

27.02.2012 10:43


Իրազեկում հարկ վճարողներին, ուսուցում` ՊԵԿ աշխատակիցներին

Իրազեկում հարկ վճարողներին, ուսուցում` ՊԵԿ աշխատակիցներին

Ժամանակին և պարբերաբար իրազեկում. առաջնորդվելով այս սկզբունքով` Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկային և մաքսային ոլորտների բարեփոխումներին, օրենսդրական և վարչարարական վերջին փոփոխություններին հարկ վճարողների իրազեկման հանդիպումները, անհրաժեշտության դեպքում նաև կրկնելով քննարկումները: Այդպիսի հանդիպումներ արդեն իսկ տեղի են ունեցել Կենտրոնի, Արաբկիրի, Նոր Նորքի, Էրեբունու, Շենգավիթի և Մաշտոցի հարկային տեսչություններում, որոնց արդյունավետությունն առաջինը հենց հասցեատերերն են գնահատում. իրենք` հարկատուները: «Ես շատ եմ կարևորում իրազեկման այս հանդիպումները. այդպես մենք կարողանում ենք ծանոթանալ նոր փոփոխություններին, սպառիչ պատասխան ստանալ մեզ հուզող հարցերի վերաբերյալ, ինչն էլ օգնում է պատշաճ կազմակերպել գործունությունը և զերծ մնալ սխալներից»,-նշել է Վերժինե Մկրտումյանը: Իսկ Նաիրա Անդրեասյանի խոսքերով, կատարված բարեփոխումների արդյունքում այժմ ավելի է հեշտացել հարկատուների աշխատանքը:

Հարկ վճարողների իրազեկվածության բարձրացմանը զուգահեռ կոմիտեն կարևորում է նաև համակարգի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունը: Այդ նպատակով ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում մեկնարկել  են սեմինար-պարապմունքներ, որոնց ընթացքում Երևանի հարկային և մարզերի տարածքային հարկային տեսչությունների աշխատակիցներն ուսումնասիրում են օրենսդրական վերջին փոփոխությունները, դրանցով պայմանավորված նորամուծությունները: Ըստ Թալինի ՏՀՏ տեղեկատվության և վերլուծությունների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանի, ԱԺ-ի կողմից ընդունված օրենքներին թեպետ տեսչության աշխատակիցները ծանոթացել են, սակայն երբեմն լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն է լինում. «Հարցեր են առաջանում, կան տարընթերցումներ, իսկ նմանատիպ սեմինարները հնարավորություն են տալիս մանրամասն ուսումնասիրել փոխությունները»: ՊԵԿ աշխատակից Արմինե Ասրյանի կարծիքով, նման միջոցառումները չափազանց կարևոր են հատկապես հարկ վճարողների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների համար:

Ի դեպ, ՊԵԿ-ում մեկնարկած բարեփոխումները հասարակական լայն հնչեղություն են ստանում. նորամուծություններով հետաքրքված են նաև կինոգործիչները: Հենց նրանց` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ` հանդիպում, անմիջական քննարկում է տեղի ունեցել ՊԵԿ ղեկավարության հետ: Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը ներկայացրել է վերջին 3 տարիների բարեփոխումները և այն ուղենիշը, որով ՊԵԿ-ը շարունակելու է գործունեությունը: Բաց` հասարակության բոլոր շերտերի առաջ, գործարար միջավայրի հետ կառուցողական երկխոսության ամրապնդում. այսպիսով, կարելի է արձանագրել, որ նմանատիպ հանդիպումները ևս մեկ քայլ են` ուղղված  գործարար միջավայրի բարելավմանը:

Այս խորագրի վերջին նյութերը