Լրահոս

24.02.2012 09:47


Հայ երգիչները բոյկոտում են Բաքվում կայանալիք «Եվրատեսիլը»

Հայ երգիչները բոյկոտում են Բաքվում կայանալիք «Եվրատեսիլը»

Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ–2012» երգի մրցույթի կապակցությամբ հայ երգիչները Եվրոպական հեռարձակողների միությանը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը հայտարարություն են ներկայացրել, որում ասված է.

«Փետրվարի 23-ին, Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում, ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակոցից զոհվել է ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը: Եվ սա այն պարագայում, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միջնորդ երկրները բազմիցս կոչ են արել հակամարտող կողմերին հետ քաշել դիպուկահարներին շփման գծից:

Հայկական կողմը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է այդ քայլին: Ադրբեջանը, ինչպես տեսնում ենք, ոչ միայն չի ընդունում այդ առաջարկը, այլև ցանկացած առիթ օգտագործում է հայի արյուն հեղելու համար: Այս պարագայում մենք՝ ներքոստորագրյալներս, հրապարակավ հայտարարում ենք, որ լրջագույն վերապահում ունենք` կապված Բաքվում կայանալիք Եվրատեսիլին Հայաստանի մասնակցության հետ:

Հայաստանի երգիչները տարիներ շարունակ մասնակցել են Եվրոպական հեռարձակողների միության կազմակերպած «Եվրատեսիլ» երգի բոլոր, այդ թվում` նաև մանկական մրցույթներին:

Սակայն այս տարվա «Եվրատեսիլ-2012»-ն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացնելու հեռանկարը հարուցեց շատ երկրների հասարակական կազմակերպությունների, քաղաքական գործիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների սուր քննադատությունն ու դժգոհությունը:

Մենք հայտարարում ենք, որ հրաժարվում ենք մասնակցել Բաքվում անցկացվող մրցույթին:

Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը հայտնի է հայերի զանգվածային ջարդերով ու կոտորածներով, մի երկրում, որտեղ հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակի, մի երկրում, ուր մուտքն արգելված է ազգությամբ հայ որևէ մեկի համար, եթե նույնիսկ նա այլ երկրի քաղաքացի է, ինչին ականատես ենք լինում գրեթե յուրաքանչյուր ամիս:

Որքան էլ ադրբեջանական իշխանություններն ասեն, թե իբր երաշխավորում են մասնակիցների անվտանգությունը, այնուամենայնիվ ակնհայտ է, որ 2004թ. ՆԱՏՕ-ի կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ Բուդապեշտի հյուրանոցում գիշերը ադրբեջանցի մարդասապան սպայի ձեռքով անկողնում քնած պահին կացնահարված Գուրգեն Մարգարյանի ճակատագրին կարող է արժանանալ ազգությամբ հայ յուրաքանչյուր երգիչ կամ պատվիրակության որևէ անդամ:

Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Մինգեչաուրում և Մարաղայում կազմակերպեց զանգվածային ջարդեր և կոտորածներ, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր: Մի երկրում, որը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա, փորձեց բռնի ուժով հայաթափել Ղարաբաղը և մեր քույրերին ու եղբայրներին դուրս մղել իրենց պատմական հայրենիքից: Արցախի մեր քույրերի և եղբայրների հերոսական ինքնապաշտպանության շնորհիվ նրանց զինված ուժերը դուրս մղվեցին Արցախից, սակայն այսօր էլ շարունակում են հայերին կոտորելու սպառնալիքները: Եվ այդ ամենը կատարվում է նախագահի և իշխանության տարբեր մարմինների մակարդակով, որոնք տարիներ շարունակ իրենց քաղաքացիներին դաստիարակում են ռևանշիզմիև  հայատյացության ոգով:

Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը հրաժարվել այդ երկիր մասնակից ուղարկելուց և միաժամանակ հայտարարում, որ մենք այժմ էլ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլ-2012–ին», եթե Եվրոպական հեռարձակողների միությունը որոշի մրցույթը տեղափոխել ցանկացած այլ երկիր, որտեղ կտիրի համերաշխության և հավասար մրցակցության այն մթնոլորտը, ինչն առկա էր անցած տարի Հայաստանում անցկացված մանկական «Եվրատեսիլ»-ի օրերին, որին, ի դեպ, չմասնակցեց Ադրբեջանը: Հայտնում ենք նաև, որ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլ»-ի բոլոր հետագա մրցույթներին»:

Այս խորագրի վերջին նյութերը