Լրահոս

23.02.2012 12:19


Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Բակո Սահակյանի ուղերձը

Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Բակո Սահակյանի ուղերձը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:
 «Սիրելի հայրենակիցներ,
 Հարգարժան գեներալներ, սպաներ, զինվորներ,
Թանկագին վետերաններ,
 Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: 
Այսօր տոն է ոչ միայն հայրենի երկրի սահմանները պաշտպանող զինվորականի, այլ մեր ողջ ժողովրդի համար:  Տարիներ շարունակ արցախցին տոնում էր փետրվարի 23-ը, սակայն ԼՂՀ անկախ պետականության հռչակումից հետո այն մեզ համար ձեռք է բերել նոր իմաստ ու բովանդակություն: Արցախյան ազատամարտի տարիներին կին թե տղամարդ, ծեր թե պատանի` բոլորը մեկ մարդու պես կանգնել էին հայրենիքի պաշտպանության դիրքերում, բոլորին իրավացիորեն կարելի էր կոչել հայրենիքի պաշտպան: Ուստի այս հիշարժան տոնի կապակցությամբ շնորհավորանքի ու երախտագիտության ջերմ խոսքեր եմ հղում համայն հայությանը` Արցախում, Հայաստանում թե Սփյուռքում,  Զինված ուժերի ողջ անձնակազմին, եւ նախ եւ առաջ նրանց հարազատներին, ովքեր այսօր մեզ հետ չեն, բայց մեր սրտերում են, սերունդների հիշողության մեջ: Հավերժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն այսօր էլ հուսալիորեն պաշտպանում է երկրի անկախությունն ու անվտանգությունը, մեր ազգային շահերն ու բացառիկ արժեքները, որոնք երբեք եւ ոչ մի դեպքում չեն կարող լինել սակարկության առարկա: Մեր բանակը հզոր է ու մարտունակ եւ պատրաստ յուրաքանչյուր պահի իրականացնել առաջադրված ցանկացած խնդիր: Մենք այսուհետ էլ կանենք հնարավորը, որպեսզի նա լավագույնս կատարի հայրենիքի պաշտպանի իր սուրբ առաքելությունը, անառիկ պահի Արցախի Հանրապետության սահմանները, միշտ լինի ուժեղ ու հաղթական:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ` մեր հայրենիքի պաշտպանունակության շարունակական ամրապնդման ճանապարհին»: 

Այս խորագրի վերջին նյութերը