Լրահոս

23.02.2012 10:01


Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական ղեկավար Վոլքեր Կաուդերին

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական ղեկավար Վոլքեր Կաուդերին

«Ինձ հայտնի է դարձել, որ ձեր խորհրդարանական խմբակցությունը` Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում մեր գործընկերը, շուտով հայտարարություն է ընդունելու կամ առնվազն մտադիր է քննարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծ: 

Քաղաքական խոսքի ազատությունը անչափ կարևոր է, սակայն ճշմարտությունը գերագույն արժեք է: 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) oրինական ճանապարհով ստեղծվեց 1991թ.` լիովին համապատասխանելով այդ ժամանակ գերակա խորհրդային օրենսդրությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, որոնք արտահայտված են ինքնիշխան պետությունների ձևավորմանը և ճանաչմանն առնչվող Մոնտեվիդեոյի կոնվենցիայում:

Ոչ մեկը՝ ոչ ձեր պետությունը և ոչ էլ մեր, հիմք չունի սահմանափակելու այլոց՝ հնամյա թե նորաստեղծ, ազատության և ինքնորոշման հիմնարար իրավունքը: Սա հատկապես ճշմարիտ է Լեռնային Ղարաբաղի պարագայում, որի ժողովուրդն այն նույն ժամանակ, երբ փլուզվում էր ձեր մայրաքաղաքը երկար բաժանած Մեծ Պատը, վերացրեց Ստալինյան «բաժանիր և տիրիր» ժառանգությունը` սկզբնավորեց սահմանադրականության, ազատության ու անկախության հիրավի հաջողված փնտրտուք և պաշտպանեց իր հայրենակալվածքը խորհրդային, այնուհետ ադրբեջանական անհաջող հարձակումներից:

Հետպատերազմյան Գերմանիան, ի տես նախորդ վարչակարգի կողմից մարդկության դեմ գործած հանցանքներին առերեսվելու, փոխհատուցելու և հաղթահարելու իր բացառիկ փորձառության և դրա արդյունքում ձեռք բերված իրավունքների, ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության վերականգնման համաշխարհային առաջնորդության, պետք է լինի առաջինը, որ կճանաչի ձևավորվող պետական միավորների օրինական ստեղծումն ու տարածքային ամբողջականությունը և պատմական անարդարությունների ուշացած ուղղումը: Թե ներպետական, թե միջազգային հարաբերություններում օրենքի կամ ավելի ստույգ՝ իրավունքների գերակայությունը գործում է ընդդեմ sui generiժամանակավրեպ թեզի արհեստական և հատվածական կիրառման: 

Ավելին, Գերմանիայի երբեմնի մեղսակցությունը Հայոց ցեղասպանությանն ու Մեծ Հայրենազրկմանը, ինչի մասին պատշաճ վկայում են ձեր սեփական դիվանագիտական և ռազմական պահոցները, հավելյալ հիմք է պաշտոնապես ճանաչելու Հոլոքոստին նախորդած այդ անօրինակ ոճիրը և Թուրքիայի Հանրապետության հետ մեկտեղ ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր` ժխտողականության այս ամոթալի դարաշրջանը փակելու, Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածի բռնազավթման անդրադառնալու և հայ ժողովրդին իրավազոր առնչակցությունը իր հայրենիքի հետ վերականգնելու համար:

Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական, ոչ շինծու կարգավորումը Հայաստանի համար վճռորոշ նշանակություն ունի, սակայն ոչ երբեք պատմական հիշողության, արդի իրավունքների և մարդկային արժանապատվության հաշվին: Il faut assumer l’histoire.

Բոլոր պետությունների և բոլոր կուսակցությունների թվում հատկապես դուք պետք է լավագույնս ընկալեք արժեքների, խղճի և հրապարակային քաղաքականության այս հրամայականը»: 

Այս խորագրի վերջին նյութերը