Լրահոս

21.02.2012 12:35


Դատապարտյալի ինքնասպանության պատասխանատվությունը դնում են Արդարադատության նախարարության վրա

Դատապարտյալի ինքնասպանության պատասխանատվությունը դնում են Արդարադատության նախարարության վրա

ՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հայտարարությունը.

«2012թ. փետրվարի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվական կենտրոնից հայտնել են, որ փետրվարի 18-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, մահացել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող 1960թ. ծնված դատապարտյալ Հովհաննես Դոխոլյանը: Ըստ նախնական վարկածի՝ Դոխոլյանը հոսանքահարվելով ինքնասպան է եղել, իսկ մինչ ինքնասպան լինելը թողել է գրություն, հայտնելով, որ ինքը զզվել է ապրելուց: Ի դեպ, Հ. Դոխոլյանը վերջին 7 ամիսների ընթացքում կատարել էր ինքնասպանության ևս 2 փորձ, որոնք բարեբախտաբար կանխվել էին:

Հ. Դոխոլյանի առողջական վիճակի վերաբերյալ դիտորդների խումբը երեք հրատապ հաշվետվություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն (2011թ. հունիսի 9-ին, հուլիսի 22-ին և դեկտեմբերի 22-ին)՝ հայտնելով, որ նա տառապում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություններով, և դիմել էր պատժից ազատման խնդրանքով: Բոլոր երեք հրատապ հաշվետվություններին ՀՀ արդարադատության նախարարությունից ստացվել են 4 (11.07.2011թ., 27.07.2011թ., 16.08.2011թ., 26.12.2011թ.) և ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունից` 1 պատասխան (29.07.2011թ.) գրություն, որոնցով հայտնվում է, որ Հովհաննես Դոխոլյանի վերաբերյալ քրեակատարողական ծառայության Բժշկական աշխատանքային հանձնաժողովի կողմից կայացված որոշումները ներկայացված են միջգերատեսչական բժշկական հանձնաժողովին և ներկայումս գտնվում են ուսումնասիրության փուլում (29.07.11թ., և 16.08.11թ. պատասխան գրություններ), իսկ 26.12.2011թ. գրությամբ հայտնվում էր, որ իրականացվել են դատապարտյալին ծանր հիվանդության պատճառով պատժից ազատման վերաբերյալ լայնածավալ ուսումնասիրություններ և մշակվել են տվյալ ոլորտը կանոնակարգող համապատասխան իրավական ակտերի նախագծեր:

Այսինքն՝ դատապարտյալին պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդության առկայության դեպքում միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգի բացակայության հետևանքով առնվազն 7 ամիս հարցին լուծում չի տրվել: Ավելին, 2011թ. ընթացքում հասարակական դիտորդների խումբը տարածել է մամլո հաղորդագրություն (11.07.11թ., 06.08.11թ., 09.09.11թ., 02.11.11թ., 30.12.11թ.), որով իր մտահոգությունն է հայտնել Հ. Դոխոլյանի նկատմամբ ցուցաբերված անտարբերության մասին, դատապարտել է նման գործելաոճը և գնահատել է որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում: 

Այսպիսով՝ դիտորդների խումբը արձանագրում է, որ դատապարտյալ Հ. Դոխոլյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարությունը ցուցաբերել է երկարատև անտարբեր վերաբերմունք, ձևական մոտեցում, որը հանգեցրել է դատապարտյալի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և կյանքի իրավունքի խախտման: Դիտորդների խումբը գտնում է, որ դատապարտյալի կողմից ինքնասպանության դիմելու հարցում ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ արդարադատության նախարարությունը: 

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ դիտորդների խումբը պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություններ ունեցող այլ դատապարտյալների հարցին ևս անդրադարձել է և պահանջում է շուտափույթ քննարկել ու վերջնական լուծում տալ նրանց ազատման հարցին»:

Այս խորագրի վերջին նյութերը