Լրահոս

03.02.2012 12:05


Դպրոցի նախկին տնօրենը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, յուրացում  եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության, նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երեւան քաղաքի «Մ. Ճամպազյանի անվան թիվ 79 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ա. Սարգսյանը, իր պաշտոնեական դիրքը եւ դպրոցի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2008-2009 եւ 2009-2010թթ. ուստարվա ֆինանսական հաշվետվություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու միջոցով  կեղծել է 2008 եւ 2009թթ. ուսումնական տարիների  9-րդ եւ 10-րդ դասարանների փաստացի կոմպլեկտավորման  ցուցանիշները. փաստացի առկա աշակերտների թիվն ավել է ներկայացրել` հավելագրելով ընդհանուր առմամբ թվով 52 աշակերտների: Արդյունքում` Ա. Սարգսյանը ՀՀ պետական բյուջեից ստացել է դպրոցում փաստացի սովորող աշակերտների թվի համեմատ ավել ֆինանսավորում 4 683 000 դրամի չափով:

Բացի այդ, Ա. Սարգսյանը 2008թ-ի հունիսին դպրոցի 9-րդ դասարանն ավարտող աշակերտների փաստացի թվից ավելի քանակությամբ հիմնական կրթության վկայականներ քաղաքապետարանից ստանալու և դպրոցում ընդհանրապես ուսում չստացած քաղաքացիներին հանձնելու համար պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող 2007-2008 ուսումնական տարվա «Հիմնական և ավագդպրոցի շրջանավարտների վկայականների ստացման ակտերում» ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, դրանք ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները բաշխող հանձնաժողովի անդամներին:

 

Չներկայացնելով  ավարտական 9-րդ դասարանների դասամատյանները և տվյալ դասարանների դպրոցական քննությունները հանձնած աշակերտների վերաբերյալ տվյալները հավաստող դպրոցի մանկավարժական խորհրդի որոշման քաղվածքը` 2008թ-ի հունիսի 19-ին քաղաքապետարանի կրթության վարչությունից անհիմն ստացել է հավելագրված աշակերտների թվաքանակին համապատասխան թվով 49 հիմնական կրթության վկայականների և թվով 2 միջնակարգ կրթության ատեստատների, իսկ 2009թ-ի հունիսի 26-ին նույն եղանակով անհիմն ստացել է թվով 3 հիմնականկրթության վկայականների դատարկ ձևաթղթեր: Այնուհետեւ նշված ձևաթղթերում, ինչպես 2008թ., այնպես էլ 2009թ., անձամբ և դպրոցիաշխատակիցների օժանդակությամբ, ըստ նախաքննության տվյալների, կեղծել, լրացրել է դպրոցում իրականում չսովորած աշակերտների տվյալները` պատրաստելով կեղծ վկայականներ և ատեստատներ եւ իրացրել:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն  Ա. Սարգսյանը,  խախտելով դպրոցի կանոնադրության պահանջները, առանց դպրոցի կառավարման խորհրդի որոշումների, իրեն վստահված ու իր կառավարմանը հանձնված  «Մ.Ճամպազյանի անվան թիվ 79 միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ-ին պատկանող դրամական միջոցներից  իր իսկ հրամաններով 2008թ. հունվարից մինչև 2009 թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում հաստատված աշխատավարձի դրույքաչափից յուրաքանչյուր ամիս իրեն ավել է վճարել ընդհանուր 2.468.000 ՀՀ դրամ գումար, որից էլ յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր 1.900.360 ՀՀ դրամը` պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս:

Ա. Սարգսյանը Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից դպրոցին նվիրաբերված գումարներով դպրոցի դասասենյակներից մեկը որպես համակարգչային սենյակ ձևավորելու, վերանորոգելու նպատակով «Սեար-գրուպ» ՍՊ ընկերությունից 2009 թ. սեպտեմբերի 25-ին ձեռք է բերել 1.153.800 ՀՀ դրամի տարբեր տեսակի շինարարական ապրանքներ:

Նախաքննությամբ, սակայն, բավարար հիմքեր են ձեռք բերվել առ այն, որ իր վստահությանը հանձնված այդ ապրանքանյութական արժեքները տնօրենը սահմանված կարգով չի մուտքագրել դպրոցի պահեստ և 2009թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին յուրացման եղանակով հափշտակելով` օգտագործել է իր` նոր գնված բնակարանում վերանորոգում կատարելու համար: Այսպիսով` Ա. Սարգսյանը  2008-2009 թթ. պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր առանձնապես խոշոր չափի` 3.054.160 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: Քրեական գործով դատաքննությունը նշանակված է 2012թ. փետրվարի 17-ին:

Նշենք, որ քրեական գործի քննության ընթացքում պարզվել է նաեւ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը մի շարք թերություններ, ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու դեպքեր է հայտնաբերել Երեւան եւ Աբովյան քաղաքների մի քանի այլ դպրոցներում եւս, որոնց ուղղությամբ ոստիկանությունում նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը