Քաղաքական

15.05.2026 18:29


Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների

Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների

Աշխարհն այսօր նշում է Ընտանիքի միջազգային օրը։ Սա, իմ կարծիքով, մարդկության համար ամենակարևոր և խորհրդանշական օրերից մեկն է։ Հայաստանի համար ընտանիքը` որպես ինստիտուտ, վերջին տարիներին ավելի մեծ կարևորություն է ձեռք բերել։

Երբ պետությունը, երկիրը, ազգը հարվածներ են ստանում` պատերազմի ու ծանր կորուստների տեսքով, ընտանիքը դառնում է մեր ամրությունը և ուժը պահպանող առանցքը։ Երբ հանրային համերաշխությունը խաթարված է, երբ կարևորագույն արժեքները վտանգված են, ընտանիքը դառնում է մեր հասարակության համար արժեքային ամենամեծ հենարանը։ Այս դժվար ժամանակներում հենց ընտանիքն է մեր հասարակության հենման ամենաամուր կետը։

Ու ես շատ կուզեի, որ մենք կարողանայինք որպես հասարակություն դառնալ ամուր ընտանիքի պես։ Ներողամիտ, հանդուրժող, սիրող, օգնող - ընտանիքի անդամների պես վերաբերվենք մեր հայաստանյան հասարակության բոլոր անդամներին։ Ի վերջո, այնքան փոքր է մեր երկիրը, որ դա ամենևին դժվար չէ անել, եթե լինի քաղաքական կամք և գիտակցում։

Ընտանիքի հանդեպ հոգածությունը պիտի դրսևորվի նաև հատկապես նախընտրական շրջանում, երբ քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցները շատ փխրուն վիճակում են։ Ես ինքս վաղուց որոշում եմ կայացրել, որը երբեք չեմ խախտում` չթիրախավորել քաղաքական մրցակիցների ընտանիքի անդամներին, հատկապես եթե նրանք ներգրավված չեն քաղաքական կոնկրետ գործընթացներում։ Ես չեմ շեղվելու այս որոշումից և զերծ եմ պահելու մեր նախընտրական արշավը բոլոր նման դրսևորումներից։

Դրա փոխարեն, ես ուզում եմ, որ մեր բոլորի քարոզչության հիմքում լինի հանդուրժողականությունը և քաղաքակիրթ բանավեճը, ինչպես նաև փոխադարձ հոգատարությունը` մի մեծ ընտանիքի պես։ Մեր երկիրը այս ընտրություններով շարժվում է դեպի դրական փոփոխություններ, մենք պիտի մեր մեծ ընտանիքը` մեր հասարակությունը, առողջ և կայուն առաջնորդենք դեպի այդ նոր, լուսավոր շրջանը։

Խաղաղություն և բարգավաճում բոլոր ընտանիքներին։

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառույանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը