Քաղաքական

06.01.2026 09:57


Փաշինյանն արդեն պարտվել է եկեղեցուն. Ստեփան Դանիելյան

Փաշինյանն արդեն պարտվել է եկեղեցուն. Ստեփան Դանիելյան

Նիկոլ Փաշինյանի գործողությունները տրամաբանության կամ ռացիոնալ քաղաքական հաշվարկի դաշտում դիտարկելն անհնար է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի` անդրադառնալով Փաշինյանի և 10 եպիսկոպոսների հայտարարությանը։

Դանիելյանի խոսքով՝ անգամ, եթե տեսականորեն ընդունենք, որ Փաշինյանը նպատակ ունի իրականացնել եկեղեցական բարեփոխումներ, գործողությունների հաջորդականությունը լիովին հակասում է այդ նպատակին։ Քաղաքագետը հիշեցրեց՝ Փաշինյանը ձևավորել է շուրջ տասը եպիսկոպոսներից բաղկացած խումբ, որոնք, ըստ տրամաբանության, պետք է ներկայացվեին որպես բարեփոխումների կրողներ։

«Եթե մարդը բարեփոխում է ուզում, ինքը պետք է էդ մարդկանց բարձրացներ, ներկայացներ որպես գաղափարական հենարան։ Փոխարենը՝ ցուցադրաբար նվաստացնում է․ աթոռ չի դնում իրենց առաջ, կանգնած են ստորագրում։ Սա բարեփոխում չէ, սա նվաստացման գործողություն է»,-ընդգծեց Դանիելյանը։

Նրա համոզմամբ՝ այս գործողությունները որևէ բովանդակային նպատակ չեն հետապնդում։ Դրանք ուղղված են մեկ բանի՝ ցույց տալու, որ իշխանությունն ունի նվաստացնելու, ճնշելու և պարտադրելու կարողություն։

«Նա ուզում է ցույց տալ, որ կարող է հասնել իր ուզածին, բայց չի կարող հասնել իր նպատակին։ Եթե իրականում նպատակ լիներ բարեփոխում իրականացնել, գործընթացը պետք է սկսվեր ոչ թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով, այլ հենց բարեփոխումների օրակարգով։ Տեխնոլոգիական առումով ամեն ինչ արվել է հակառակ հերթականությամբ` սկզբում դրվել է կաթողիկոսի հրաժարականի հարցը։ Սա արդեն պարտություն է։ Եվ այդ պարտությունը Փաշինյանը չի ուզում ընդունել»,-նշեց Դանիելյանը։

Քաղաքագետի կարծիքով `Փաշինյանին սկսած գործընթացը արդյունք չի կարող ունենալ, իսկ ակտիվությունը նա արհեստական է որակեց։

«Փաշինյանը հայտնվել է քաղաքական թակարդում և փորձում է մինչև հունիս ցուցադրել ակտիվություն, սակայն առանց արդյունքի այդ ակտիվությունը երկար չի կարող պահպանվել։ Սա կեղծ ակտիվություն է, և իշխանությունը փաստացի պարտվել է եկեղեցու դեմ պայքարում»,-ավելացրեց նա։

Դանիելյանը, անդրադառնալով հայտարարության այն ձևակերպմանը, ըստ որի Հայ Առաքելական եկեղեցին հիմնադրել են Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ թագավորը, շեշտեց, որ սա լուրջ դավանաբանական խեղում է։

«Քրիստոնեական աստվածաբանությամբ եկեղեցին Հիսուսի մարմինն է։ Գրիգոր Լուսավորիչը եկեղեցի չի ստեղծել, նա իրականացրել է Հիսուսի կամքը։ Դավանաբանական խախտումների շարքին են պատկանում նաև այն պնդումները, թե ժողովուրդը պետք է ընտրի կաթողիկոսին կամ որ ամուսնացած քահանան կարող է դառնալ փոխանորդ։ Դրանք ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու, այլև ընդհանրապես քրիստոնեական ավանդույթի դեմ են»,-ավելացրեց Ստեփան Դանիելյանը։

Քաղաքագետը հիշեցրեց, որ հայկական եկեղեցին համարվում է ամենաժողովրդական եկեղեցիներից մեկը, քանի որ ժողովրդի ընտրյալները մասնակցում են կաթողիկոսի ընտրությանը։ Նրա համոզմամբ՝ Փաշինյանի մոտեցումը նոր չէ, քանի որ 2018 թվականին էլ հայտարարում էր, թե դատարանները պետք է ենթարկվեն ժողովրդին, սակայն դատավորները միայն օրենքին պետք է ենթարկվեն։

«Նա փորձում է ժողովրդի միջոցով վերահսկել իշխանության բոլոր ոլորտները և վերջին ինստիտուտը՝ եկեղեցին։ Բայց քանի որ այլևս ժողովրդի վստահությունը չի վայելում, չի կարողանում անգամ ամբոխ հավաքել։ Սա ցույց է տալիս, որ նա արդեն վերջացած է»,-ասաց քաղաքագետը։

Այս խորագրի վերջին նյութերը