Խմբագրական

31.12.2011 21:30


Սպասվում է բեկումնային տարի

Սպասվում է բեկումնային տարի

Առիթ ունեցել եմ նշելու, որ 2011ը տնտեսաքաղաքական առումով լճացման տարի էր։ Մեր երկրի տնտեսությունը դեռ ուշքի չի եկել 2009ին ստացած ներքին ու արտաքին հարվածներից և տիգրանսարգսյանական «բարեշրջումներից»։ ՀՀ քաղաքացիների մի փոքր մասը, ցավոք, չդիմացավ ու լքեց հայրենիքը, իսկ մեծ մասը, ի հեճուկս վարչապետի, մնացել է և դիմադրում է՝ չցանկանալով հայտնվել «Հայկական աշխարհում»։

Ամփոփելով անցած տարվա ընթացքում իշխանության վարած քաղաքականության արդյունքները՝ արժե հիշել, թե ինչ էին խոստացել Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաջորդ տարին ընտրական է, և 2012ն ամփոփելիս մենք ցանկացած պարագայում գործ ենք ունենալու նոր իշխանության հետ, ուստի ճիշտ կլինի, որ այժմ ամբողջությամբ անդրադառնանք 2007ի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված այս իշխանության քառամյա կառավարման շրջանին։

Խոստումներ և իրականություն

Հայաստանը դարձնել նանոտեխնոլոգիաների երկիր, Դիլիջանը՝ միջազգային ֆինանսական կենտրոն, Ջերմուկը՝ միջազգային առողջարանական կենտրոն, Գյումրին՝ մեգաքաղաք (ծովի մասին էլ չեմ խոսում)։ Սրանք նյուվասյուկիստական խոստումների ոչ ամբողջական ցանկն է, որը ներկայացվել էր իշխանության կողմից երեք–չորս տարի առաջ։ Խոստումներն այդ, բնականաբար, մնացին թղթի վրա։

Իշխանությունը խոստացել էր նաև, որ «ֆուտբոլային» դիվանագիտության միջոցով՝ 1. բացելու է հայ–թուրքական ներկա սահմանը և 2. դիվանագիտական հարաբերություններ է հաստատելու Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ խնդիրը չի լուծվել։ Ճիշտ հակառակը՝ «նախաձեռնողականության» արդյունքում է՛լ ավելի են վատացել հարաբերությունները Թուրքիայի հետ։

Նախագահն ու վարչապետը առարկայական և թվերով չափելի խոստումներ էլ էին տվել՝ կապված տնտեսական կյանքի բարելավման հետ։

Այսպես, Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության ծրագրում նշված է.

«2008-2012 թվականներին կառավարությունն ակնկալում է՝

– համախառն ներքին արդյունքի տարեկան 8-10 տոկոս իրական աճ,

– ներդրումների տարեկան ծավալների առնվազն 10 տոկոս աճ,

– աղքատության էական հաղթահարում՝ արդյունքում ապահովելով 11,2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատության և 1,6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ,

– ոչ գյուղատնտեսական զբաղվածության 10 տոկոս աճ»։

Ինչպես հայտնի է, այս խոստումներից ու ծրագրային կետերից ոչ մեկը չի կատարվել։ 2009ին մենք ունեցանք աշխարհում երկրորդ ամենամեծ անկումը (-14,4 %) Ուկրաինայից հետո, և դա այն դեպքում, երբ վարչապետը պարբերաբար հայտարարում էր, թե միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, ու մենք դեռ մի բան էլ կօգտվենք այդ ճգնաժամից, քանի որ կապիտալը անկայուն տեղերից կհոսի կայուն Հայաստան։

Իրականությունն այն է, որ վերջին տարիներին ՀՀ տնտեսությունը հայտնվել է ինֆլյացիոն ճնշումների տակ, եռապատկվել է աղքատների քանակը, ավելացել է գործազուրկների թիվը, զգալիորեն մեծացել է արտաքին պարտքը, ներդրումները ոչ միայն չեն աճել, այլև առկա է երկրից կապիտալի արտահոսք։ Այս ամենի մասին վկայում է նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կոնկրետ խոստումներին ու դրանց կատարմանը, ապա ունենք նույն պատկերը, ինչն առկա է Տիգրան Սարգսյանի պարագայում։

«Եվ այսպես, ես ուզում եմ, որ Հայաստանում գործարար հետաքրքրություններ ունեցող ու ապագայի ծրագրեր մշակող արտերկրյա և հայրենի բոլոր գործարարները, մեր քաղաքացիներն ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցները մեկ անգամ ևս տեղեկացված լինեն, որ .

Ա. Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել,

Բ. Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան–Հայաստան երկաթուղի կառուցվել, և

Գ. Առաջիկա ամիսների ընթացքում համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու։

Հարցնում եք՝ կկարողանա՞նք, պատասխանում եմ, որ կկարողանանք»,– ասել էր Սերժ Սարգսյանը ԱԺ–ին ուղղված 2008–ի հոկտեմբերի 2–ի իր ուղերձում։

Թե որքանով կարողացան՝ կարելի է դատել արդյունքներով։ Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են։

Փոփոխություններին ընդառաջ

2012ը ընտրական տարի է։ ԱԺ ընտրությունները բացառիկ կարևորություն ունեն, քանի որ հնարավորություն կա էականորեն փոխել իրավիճակը, ձևավորել նոր իշխանություն, որը կգնա լայնամասշտաբ բարեփոխումների։

Մենք այլընտրանք չունենք, քան թույլ չտալ «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցում, քանզի այն հետ կշպրտի մեզ՝ Հայաստանը դարձնելով տարածաշրջանային անհուսալի հետնապահ՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով հանդերձ։ «Սառը» պատերազմի մեջ գտնվող պետության համար պարզապես աններելի շռայլություն կլինի թուրքմենբաշիական կամ քադաֆիական համակարգ ստեղծելն ու Ս. Սարգսյանի գլխավորած անարդյունավետ իշխանությունը պահելը։

Հայտնի խոսք կա. եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզանով։ Իշխանությունները ցույց տվեցին, որ եթե երկրի ապագայով մտահոգ մարդիկ չզբաղվեն քաղաքականությամբ, ապա ՀՀ–ն պարզապես չի դիմանա այս կուրսին ու կփլվի։

Եթե սերժսարգսյանական նեղ թիմին հաջողվի վերարտադրվել, ապա կձևավորվի միահեծան համակարգ, ինչը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը։ Իսկ եթե հաջողվի մրցակցային ընտրություններ պարտադրել ու ձևավորել հասարակության քաղաքական տրամադրություններն արտացոլող խճանկարային խորհրդարան, ապա համոզված եմ, որ իրական նախադրյալներ կստեղծվեն տնտեսաքաղաքական համակարգը որակապես նոր մակարդակի բարձրացնելու և Հայաստանն այս վիճակից դուրս բերելու համար։

2012–ն, ըստ այդմ, բեկումնային տարի է լինելու, իսկ ԱԺ ընտրություններն՝ աննախադեպ։ Պետք է տեղում չնստել, այլ ընդառաջ գնալ հաղթանակին, և այն կլինի։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Հարգելի՛ ընթերցողներ, մոտ երեք տարի է, ինչ իմ ղեկավարությամբ գործում է «7 օր» լրատվավերլուծական կայքէջը։ Մեր գործունեությունը բոլորիդ աչքի առաջ է։ Մեր աշխատանքի լավագույն գնահատականը համարում եմ ընթերցողների և համակիրների կայուն աճը։

Իմ խմբագրականներում պարբերաբար անդրադարձել եմ ՀՀ իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականության մեջ առկա բացթողումներին, խայտառակ ձախողումներին և մարտնչող դիլետանտիզմին։ Դրանից զատ արել եմ նաև բազում առաջարկներ։

«7 օրի» ստեղծման օրվանից (2009–ի մարտի 17) մինչև օրս գրվել է 200ից ավել խմբագրական հոդված, որոնցից յուրաքանչյուրի տակ պատրաստ եմ այսօր էլ ստորագրել։ Այսինքն՝ սկզբունքներիս ու գաղափարներիս երբեք չեմ դավաճանել, շատերի նման օր ու մեջ կարծիք չեմ փոխել, դաշտից–դաշտ չեմ տեղափոխվել և ոմանց նման քաղաքական թափառաշրջիկությամբ չեմ զբաղվել։ Անձանց նկատմամբ վերաբերմունքս ցույց եմ տվել բացառապես գաղափարական վեկտորը հաշվի առնելով։ Գաղափարական հակառակորդներիս նկատմամբ եղել եմ ու կլինեմ կոշտ և անզիջում։ Իմ միակ կոմպրոմիսն ընդամենը մարտավարական առումով կարող է լինել, առանց որի պարզապես անհնար է ռազմավարական նպատակներին հասնելը։

Ինչպես վերջերս տեղի ունեցած մամլո ասուլիսում էի նշել՝ ակտիվորեն զբաղվելու եմ քաղաքականությամբ։ Չնայած քաղաքական ուղղվածության լրատվամիջոցի ղեկավարը ենթադրվում է, որ այսպես, թե այնպես քաղաքականության մեջ է, բայց հիմա եկել է ժամանակը դադարեցնել կամ առավելագույնս պասիվացնել լրագրողական ու հրապարակախոսական աշխատանքներս «7 օրում» և իմ ստեղծած մեկ այլ կազմակերպության՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտում առկա մարդկային ու մասնագիտական ռեսուրսներով ներգրավվել քաղաքականության մեջ՝ մասնավորապես ընտրական գործընթացներում։

Ինչ վերաբերում է «7 օրին», ապա այն կշարունակի իր գործունեությունը նույն տեմպով, նույն գծով և նույն ոճով. այդ առումով բան չի փոխվել ու չի փոխվելու։

Հատուկ ընդգծեմ, որ եթե ձևի առումով աշխատանքիս բնույթը տարեսկզբից կփոխվի, ապա բովանդակային առումով այն կմնա նույնը՝ նպաստել ազգային–դեմոկրատական փոփոխություններին և Նոր Հայաստանի կառուցմանը։

Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Այժմ եկել է քարերը հավաքելու ժամանակը։

Հ.Գ.–2։ Շնորհավորում եմ բոլորիս՝ Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։ Խաղաղություն՝ Հայաստանին ու Արցախին, ուժ և միասնություն՝ մեր ժողովրդին, հաղթանակ՝ ՀՀ քաղաքացուն։

Այս խորագրի վերջին նյութերը