Հարցազրույց

16.12.2011 13:43


Գուրգեն Հովհաննիսյան

Գուրգեն Հովհաննիսյան

Հարցազրույց աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանի հետ

–2012–ը լարվա՞ծ տարի է լինելու։

–Այն մտքի պոտենցիալի ուժի տարի է լինելու։ 2012–ի ամենաբարդ շրջանը լինելու է մարտի 20–ից դեկտեմբերի 21–ն ընկած ժամանակահատվածը։ Նոյեմբերի 23–ին բարդ է լինելու հատկապես ֆինանսական և քաղաքական առումով, օգոստոսի 15–ին քաղաքական լարվածություններ կլինեն։

–Ձեր նշած ժամանակահատվածները կա՛մ խորհրդարանական ընտրությունների հետընտրական շրջանի հետ են համընկնում, կա՛մ էլ՝ նախագահական ընտրությունների նախընտրական շրջանի։ Կարելի՞ է ենթադրել, որ քաղաքական լուրջ խմորումներ կլինեն, որոնք անգամ արտահերթ նախագահական ընտրությունների հանգեցնեն։

–Որևէ սենսացիոն, որևէ տարօրինակ փոփոխություններ Հայաստանի համար չեմ նկատում։ Դա կապված է նաև մեր նշանի հետ՝ Հայաստանն ընդհանրապես գտնվում է երկվորյակի նշանի ներքո, իսկ 2012թ. մեկնարկում է խեցգետնի նշանով՝ հայկական տոմարի համաձայն։ Խեցգետինը երկվորյակի տատանողական վիճակը կայունացնում է։ Իսկ այդ դեպքում կայունանում են և՛ հասարակական–քաղաքական վիճակը, և՛ անհատական, մարդկային հոգեկան վճակները։

–Այդ դեպքում, քաղաքական լարվածություն ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։

–Երբ ես ասում եմ՝ քաղաքական վիճակի վերադասավորում, հիմնականում նկատի ունեմ քաղաքական գործիչներին։ Սովորական վերադասավորումներ են լինելու։

–Այսինքն՝ պաշտոնանկություններ, պաշտոնյաների փոփոխություննե՞ր։

–Դրանք էլ կարող են լինել, սակայն այն երկրի կայունության վրա չի ազդի։

–Հետևաբար՝ արտահերթ նախագահական ընտրություններ չե՛ն լինի։

–Ամենայն հավանականությամբ՝ ո՛չ։ Բայց դա չի նշանակում, որ բացառում եմ արտահերթ ընտրությունները։ Կոնկրետ օգոտստոսի 15–ին մենք ունենք Սատուրնի և Մարսի բարդ միացում։ Սա բերում է լարվածություն, ճնշվածություն։ Քաղաքական գործիչների ընտրությունից է կախված. եթե նրանք ընտրեն այս ուղին և ոչ թե այն, ապա կարող է ամեն ինչ ընթանալ այլ կերպ։ Սակայն, հաշվի առնելով խեցգետնի գլոբալ ազդեցությունը՝ ինձ հուշում է, որ ամեն ինչ կընթանա ավելի հարթ։

–2012թ. մայիսին խորհրդարանական ընտրություններ են լինելու։ Աստղաբանության տեսանկյունից՝ այդ ընտրությունների ժամանակ ինչ–որ բարդություններ կլինե՞ն։

–Ըստ իս՝ սովորական հայկական ընտրություններ կլինեն, ինչպիսին մենք առիթ ենք ունեցել տեսնելու տարիներ շարունակ։ Եթե հայ ազգը կարողանա ավելի բարձ հոգեմենտալ դաշտ տեղափոխվել, դա իր բնական հետևանքը կունենա՝ մեր առօրյան էլ կփոխվի։

–Ի՞նչ պետք է անի հասարակությունն այդ փոփոխությանը հասնելու համար։

–Լուծումները բոլորս գիտենք։ Երեք երաժիշտի անուն տամ, ասեք, թե նրանցից ո՞վ է ավելի տաղանդավոր՝ Բախ, Մայքլ Ջեքսոն, Թաթուլ։ Վերջին անգամ Բախ քչերն են լսել, իսկ Թաթուլ ուզած–չուզած լսում են՝ փողոցում քայլելիս անկախ քո կամքից ռաբիզ ես լսում, հեռուստատեսությամբ ավելի շատ փոփ երաժշտություն է, քան կլասիկ։ Բայց բոլորը գիտեն, որ Բախը մեծ երաժիշտ է, թեև նրան չեն լսում։ Նույնն էլ ա՛յս պարագայում է։ Հիմա մեր իրավիճակը հիշեցնում է միջնադարը։

–Առաջին հերթին ՀՀ քաղաքացիների մտածելակերպում պիտի փոփոխություն լինի, հետո նո՞ր քաղաքական դաշտում։

–Իհարկե՛։ Անիմաստ է, երբ մարդիկ մտածում են, որ քաղաքական որևէ վերադասավորում իրենց առօրյան կփոխի։ Մարդիկ պետք է փորձեն իրենց կյանքն ավելի բովանդակալից դարձնել։ 2012թ. յուրահատկությունը հենց այն է, որ աստղերը կստիպե՛ն այդպես վարվել։ Մինչև հիմա ասում էին կամ համոզում էին՝ այսպիսին եղեք։ Այս դեպքում արդեն կստիպեն փոխել հայացքները, վերադառնալ դեպի մշակույթ, արվեստ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը