Գյումրին (նախկին Ալեքսանդրապոլը) դարեր շարունակ եղել է ոչ միայն արհեստների ու արվեստների կենտրոն, այլև տարածաշրջանի կրթական կարևորագույն հանգույցներից մեկը։ Այդ պատահական չէ, որ դեռ 19-րդ դարում այստեղ կրթության մակարդակը աչքի էր ընկնում ողջ Կովկասում։ Հայ մեծ գրող և մանկավարժ Ղազարոս Աղայանն իր ժամանակին գրել է. «Ամբողջ Կովկասում ոչ մի դպրոց չկար, որ Ալեքսանդրապոլի դպրոցների բարեկարգությունն ունենար…»։
Մինչև խորհրդային կարգերի հաստատումը, Ալեքսանդրապոլը քաղաքային կյանքի, մշակույթի և կրթության առումով զգալիորեն գերազանցում էր նույնիսկ այն ժամանակվա նահանգային կենտրոն Երևանին։ Եվ պատահական չէ, որ Հայաստանի պետական համալսարանը բացվեց հենց այստեղ։
1919 թ. մայիսի 16-ին Հայաստանի առաջին Հանրապետության նախարարների խորհուրդը համալսարան հիմնելու որոշում է ընդունում։ Սակայն Հայաստանում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակը որոշման իրագործումը մի քանի ամսով հետաձգում է։
Միայն 1920 թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի առեւտրային դպրոցի շենքում մեծ շուքով բացվում է Հայաստանի համալսարանը։ Այդ տարիներին առեւտրային դպրոցի եռահարկ հսկայական շենքը երկրում եղած միակ կառույցներից էր, որ կարող էր լիարժեք բավարարել նորաստեղծ համալսարանի պահանջները։ Հաշվի առնելով Երեւանում համապատասխան պայմանների (հատկապես շենքային) բացակայությունը՝ հանրապետության նախարարների խորհուրդը որոշում է համալսարանը ժամանակավորապես բացել Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։
Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ արտասահմանյան հյուրեր։ Դասընթացները սկսվում են 1920 թ. փետրվարի 1-ին, նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի դասախոսությամբ։
Համալսարանը Ալեքսանդրապոլում գործել է ընդամենը չորս ամիս։ 1920 թ. սեպտեմբերին Թուրքիան կրկին հարձակվում է Հայաստանի վրա, եւ պատերազմական իրավիճակում համալսարանի գործունեությունը դադարեցվում է։ Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ միայն մեկ՝ պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող եւ 32 դասախոս։ Առաջին ռեկտորն էր Յուրի Ղամբարյանը։ Հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու էին հրավիրվել արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական եւ գիտական փորձ ունեցող անվանի մասնագետներ՝ Հակոբ Մանանդյան, Մանուկ Աբեղյան, Ստեփան Մալխասյանց եւ այլք։
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երեւանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով 1920 թ. դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվում է Երեւանի ժողովրդական համալսարան։ Նորաբաց բուհի ռեկտոր է դառնում հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը։
Իսկ 1920 թ. դեկտեմբերի 19-ին՝ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից երկու շաբաթ անց, սովետական իշխանությունները որոշում են առեւտրական ուսումնարանի շենքում բացել Ժողովրդական համալսարան եւ այն անվանակոչել Ստեփան Շահումյանի անունով։ Այդ ընթացքում՝ 1920 թ. նոյեմբերից մինչեւ 1921 թ. ապրիլը, Ալեքսանդրապոլը գտնվում էր թուրքական ռազմական օկուպացիայի ներքո։
Ահա թե ինչպես է Ժողովրդական համալսարանի բացումը ներկայացնում այդ ժամանակ հրատարակված թերթերից մեկը.
Ալեքսանդրապոլում Ժողովրդական համալսարանի բացումը
Կիրակի, դեկտեմբերի 19-ին, առավոտյան ժամը 11-ին տեղի ունեցավ Ժողովրդական համալսարանի բացումը Առեւտրական դպրոցի շենքում։ Ժողովրդական համալսարանը նվիրված է Ս. Շահումյանի անվանը։ Դահլիճը լի էր հասարակությամբ։ Չնայած եղանակի անբարենպաստ պայմաններին՝ հասարակության տրամադրությունը բարձր էր, թերեւս՝ գոհ։
Ժողովը բացեց հանրային կրթության կոմիսար ընկ. Ն. Զավարյանը, որը համառոտ ուրվագծեց համալսարանի բացման նշանակությունը եւ Շահումյանի հերոսական գործունեությունն ու մահը։
Ժամը 6-ից հետո սկսվեց ցերեկույթ, որը կազմված էր բավական խնամքով։ Զուգընթաց նվագում էր երաժշտախումբը։
Համալսարանի բացումից հետո քաղաքային թատրոնում տեղի ունեցավ ներկայացում բանվորների համար։
Հայաստանի համալսարանի ծնունդը Գյումրիում