Խմբագրական

27.03.2009 17:39


Մի էլեկտորալ դավաճանության պատմություն

Մի էլեկտորալ դավաճանության պատմություն

Երբ 2007 թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Արթուր Բաղդասարյանին դավաճան անվանեց (Արթուր Բաղդասարյանին «բռնացրել» էին՝ բրիտանական դեսպանատան աշխատակցի հետ ներքաղաքական «կեղտոտ սպիտակեղենի» մասին զրուցելիս), շատերը մտածում էին, որ դա զուտ հակառակորդ քաղաքական ուժին ոչնչացնելու նպատակ է հետապնդում։ Իսկ այդ օրերին Արթուր Բաղդասարյանն ընդդիմադիր էր իշխանություններին այնպես, ինչպես միմյանց ընդդիմադիր են լինում գործող և նախկին սիրուհիները։ «Մեկ անգամ դավաճանողը՝ կդավաճանի նաև երկրորդ, երրորդ անգամ»,- միայն իրեն հատուկ ոճով ասել էր Ռ.Քոչարյանը։

Ընդդիմադիր էլեկտորատը Քոչարյանի այդ խոսքերը լսեց ու էլ ավելի սիրեց Արթուրին։ Նրա վարկանիշն աճում էր օր օրի։ Եվ դա բնական էր։ Չէ՞ որ ՕԵԿ-ն ու իր առաջնորդը տեղական նշանակության Սահակաշվիլի էին խաղում։ Իսկ այն ժամանակ Սահակաշվիլին դեռ «մոդա» էր։

ԱԺ ընտրություններն ավարտվեցին ու սկսվեցին նախագահական ընտրությունները։ Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան պայքարի արանքում Արթուր Բաղդասարյանն իր «նիշան» էր գտել։ Նա խոսում էր փոքր ու միջին բիզնեսի շահերից, պարզեցված հարկից, փոքր ու միջին բիզնեսի հարկային արտոնություններից։ Միջին բուրժուազիայի այն շերտը, որը գործող և նախկին իշխանության կռիվն իրենը չէր համարում՝ իր ձայնը տվեց Արթուր Բաղդասարյանին, քանի որ մինչև այդ Արթուր Բաղդասարյանն ու իր թիմը, թեկուզև պոպուլիզմի մեջ մեղադրվելով, անընդհատ պաշտպանել էին մանր ու միջին ձեռներեցության շահերը և շոշափելի դրական արդյունքների հասել այդ գործում։

2008 թ.-ի լարված մթնոլորտում, ընտրողների մի մեծ մասը (պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 270 հազար) իր ձայնը տվեց Արթուր Բաղդասարյանին՝ հանուն այն ծրագրերի, որոնք օդ ու ջրի պես անհրաժեշտ էին՝ սերժսարգսյանական իշխանության հարկային ջարդերից տուժած շերտի համար։

Բայց տեղի ունեցավ աննախադեպ դավաճանություն. Արթուր Բաղդասարյանն անցավ այն ուժի կողմը, որը 2007 թ.-ից սկսած, գիտակցաբար կամ անգիտակցաբար, ոչնչացնում է բիզնեսի մի շերիտի, որի շահերի պաշտպանության կոչերով էր Ա. Բաղդասարյանը նախագահականի ժամանակ ձայներ հավաքել։

Իսկ աննախադեպ էր անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղար Արթուր Բաղդասարյանի քայլը ոչ՛ այն պատճառով, որ անկախ Հայաստանի պատմության մեջ իրենից առաջ որևէ մեկը ճամբար չէր փոխել։ Անշուշտ Արթուրն առաջին ճամբարափոխը չէր ու վերջինը չի լինելու։ Պարզապես մյուսներից նա տարբերվում է նրանով, որ նրանք փոխել են ճամբարը, իրենց տերերին ու քանի որ հստակ էլեկտորատ չեն ունեցել՝ ճամբարափոխությունը դարձել է զուտ քաղաքական ու լրագրողական շրջանակների հետաքրքրության առարկա։ Բաղդասարյանի պարագան այլ է։ Նա դավաճանեց իր էլեկտորատին։ Այսինքն՝ Արթուր Բաղդասարյանը դավաճան է ոչ թե այն պատճառով, որ անցավ Սերժ Սարգսյանի կողմը։ Ամենևին։ Արթուր Բաղդասարյանը դավաճան չէ նաև այն առումով, որ այսօր դարձել է իշխանավոր։ Վերջիվերջո, բոլոր քաղաքական ուժերն էլ ձգտում են իշխանության և ՕԵԿ-ը բացառություն չէր կարող լինել։ Արթուր Բաղդասարյանը դավաճան չէ նաև այն առումով, որ ընտրություններից հետո չմիացավ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Դա էլ է հնարավոր ինչ-որ ձևով հիմնավորել։ Բաղդասարյանը կարող էր նույնիսկ որևէ կողմի չմիանալ ու այսօր բավական հետաքրքիր դիրքեր ունենալ։ Բայց ոչ մի կերպ հնարավոր չէ հիմնավորել այն, որ մարդը քարոզարշավն անցկացնում է մի կարգախոսով, իսկ հետո միանում այն ուժին, որը ճիշտ հակառակ քաղաքականությունն է վարում։ Այսօր ՕԵԿ-ականներն ինքնամոռաց դակում են Տիգրան Սարգսյանի կառավարության ներկայացրած բոլոր այն օրինագծերը, որոնք ուղղված են օրինացականների երբեմնի էլեկտորատը եղած փոքր ու միջին բիզնեսի դեմ։ Արթուր Բաղդասարյանը դավաճանել է իր էլեկտորատին և դա ամենամեծ դավաճանությունն է։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Վերջին նախագահական ընտրությունները ճակատագրական եղան շատերի համար։ Լևոն Տեր-Պետրոսյանն այնպիսի «սանիտարական մաքրում» իրականացրեց քաղաքական դաշտում, որ Սերժ Սարգսյանն ստիպված էր պայթեցնել իր բոլոր ականները։ Նույնիսկ անկախ պատգամավոր կոչվածները «մեյդան» հանվեցին։ Ափսոս էին տղաները...

Այս խորագրի վերջին նյութերը