Խմբագրական

01.04.2009 16:54


Ուրուգվայի փորձը

Ուրուգվայի փորձը

Հայաստանյան  քաղաքական դաշտում, պետական կառավարման համակարգում և փորձագիտական շրջանակներում   բավական շատ  գործիչներ կան, որոնց  կարելի  է  ապրիլի 1-ին շնորհավորել՝  հիմարների պրոֆեսիոնալ  տոնի կապակցությամբ։

Մարդկանց  էությունը միշտ  էլ ավելի  հստակ բացահայտվում է  արտակարգ իրավիճակների ժամանակ։ Տնտեսական ճգնաժամն էլ  արտակարգ իրավիճակ է, և  այժմ մենք տեսնում ենք, թե ով ով է։

Ինձ   միշտ  զարմացրել  են  այն  մասնագետներն  ու  պաշտոնյաները, ովքեր   էնտուզիազմով  խոսում են դրսում  տեղի ունեցող  տնտեսական գործընթացների մասին, բայց  երբ նրանց փորձում ես  բերել  հայաստանյան իրականություն՝ մի տեսակ  «նեղվում» են։ Հայաստանը նրանց համար շատ փոքր  է թվում։ Իրենք  Շվեդիայի կամ  վատագույն դեպքում  Թայվանի  տնտեսական կյանքի մասին են ուզում խոսել։ «Իսկ դուք  գիտե՞ք, թե  Սինգապուրում  ինչպես  են  լուծել  այսինչ  կամ այնինչ տնտեսական հարցը»,- դեմքի խորաթափանց արտահայտությամբ  և հայտնի մուլտֆիլմի հերոսի («Թաիթիի» մասին խոսել սիրող) նման սկսում են վրա տալ «վունդերկինդները»։ Սակայն ծիծաղելին այն է,  որ իրականում այդ մարդիկ չգիտեն նաև իրենց  սիրած  Մալայզիայում կամ Սինգապուրում ինչպիսի՞  մոդելներ  են գործել, բայց դա  էական չէ պրոֆեսիոնալ հիմարների համար։ Կարևորը էֆեկտն է։ «Մի  քանի  անգլերեն տերմին,  մի քանի երկրի անուն  և  վերջ», - մտածում  են  համաշխարհային տնտեսագիտական  մտքի  «տիտանները»։

Հետաքրքրականն այն է,  որ  այդ մարդիկ երբեմն  օտարերկրյա  փորձը ներկայացնում են  այն օտարերկրացիներին, ովքեր հենց այդ օտար երկրից եկած մասնագետներն  են   ու  անկեղծորեն չեն  հասկանում, թե հայ «մասնագետները» ինչու՞ են  ձգտում  իրենց պատմել այն, ինչը որ օտարերկրացիներն  ավելի լավ գիտեն ու  զգում են, որ դիմացինը մակերեսային պատկերացումներ  ունի  այդ ամենի մասին։

Երբ մեր    տնաբույծ  «գլոբալիստները» ԱՄՆ-ում  կամ  եվրոպական երկրներում   մի քանի սեմինարի  են մասնակցում, մի քաի օր «դիսկաշըն» են  անում՝  իրենց թվում է, թե վերջ։ Հետո,  երբ նրանք  վերադառնում են՝  մեր  ժողովուրդն ու մեր երկիրն այնքան  մանր  ու  ճղճիմ  են թվում այդ մարդկանց աչքերին, որ  ստիպված  (դարդից) Հայաստանին  ինչ-որ  միջազգային կարգավիճակներ  են   ուզում   շնորհել, որպեսզի մի կերպ  փոխհատուցեն  իրենց այստեղ գտնվելու նվաստացուցիչ հանգամանքը։

Անդրանիկ  Թևանյան

Հ.Գ։ Ընթերցողի մոտ  կարող է հարց  առաջանալ, թե ի՞նչ  կապ  ուներ  այս հոդվածի վերնագիրը բուն նյութի հետ։ Ասեմ,  որ ոչ մի կապ չկա,  այնպես ինչպես մեր տնտեսագիտական մտքի «տիտանների» ասածները կապ չունեն  հայաստանյան  իրականության հետ։

Այս խորագրի վերջին նյութերը