Խմբագրական

10.12.2011 11:07


Ո՞վ կհաղթի

Ո՞վ կհաղթի

Անկախ Հայաստանում ընտրությունները գաղափարական ու կոնֆլիկտային բնույթ են կրել բացառապես նախագահական ընտրությունների ժամանակ, իսկ խորհրդարանական ընտրությունները հասարակության կողմից դիտարկվել են որպես ավելի ցածր մակարդակի և «հարց չլուծող» քաղաքական գործընթացներ։ Պատահական չէ, որ լարվածություն մշտապես արձանագրվել է նախագահական, այլ ոչ թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ 2012-ին, սակայն, այդ ավանդույթը կխախտվի։

Գալիք  ԱԺ ընտրությունները կանցնեն գաղափարական ու թիմային լուրջ բախումների պայմաններում, քանզի, ի տարբերություն նախորդների, կան մի քանի ուշագրավ առանձնահատկություններ։

Առանձնահատկություն 1–ին

Հետսովետական շրջանում տեղի ունեցած սեփականաշնորհման գործընթացից հետո մասնավոր սեփականությանը և հատկապես խոշոր բիզնեսին իշխանության վերին օղակից երբեք չեն սպառնացել։

Սեփականության վերաբաշխման կամ, այլ խոսքերով, կուլակաթափման կոչեր հետանկախական շրջանում հնչել են տարատեսակ ընդդիմությունների կողմից, բայց ոչ ներսից՝ իշխանական բուրգի գագաթ հանդիսացող նախագահական նստավայրից։ Այժմ ոչ ստանդարտ իրավիճակ է. մասնավոր սեփականատերերի ցանկի վերանայման խնդիր է դրել գործադիր իշխանությունը։ Ասել է թե՝ կլանաօլիգարխիկ համակարգի մի մասը հիմա դուրս է եկել մյուս մասի դեմ՝ համակարգն ամբողջությամբ վերցնելու մտադրությամբ։

Այս մասին ես գրել եմ մոտ երեք տարի առաջ՝ «7 օրի» ստեղծման օրվանից, բայց այն ժամանակ շատերը չէին ընկալում ասածներս։ Հիմա արդեն գրեթե բոլորին է ակնհայտ (Բաղրամյան 26–ի «բնակիչները»  չեն էլ թաքցնում դա), որ նախագահ դառնալուն պես Սերժ Սարգսյանը խնդիր է դրել «մեկ օլիգարխի» տնտեսական համակարգ կառուցել, սակայն, որոշակի դիմադրության հանդիպելով և անհրաժեշտ ուժ չունենալով, հետաձգել է իր ծրագրերի իրականացումը կամ մասամբ է կյանքի կոչել դրանք։

Առաջիկա ընտրությունների արդյունքում վերարտադրվելու դեպքում Սարգսյանին այլևս ոչինչ չի խանգարի «Հայկական թուրքմենբաշի» դառնալու և մեզանում նեոբոլշևիկյան քաղաքականություն վարելու համար։ Սա շատ լավ հասկանում է խոշոր բուրժուազիան և կենաց–մահու կռիվ է տալու։ Ընդ որում՝ մասնավոր սեփականության պաշտպանության հարցում խոշոր բիզնեսի բնական դաշնակիցը կդառնան փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, ինչը նույնպես նոր երևույթ է, քանզի խոշորը միշտ իշխանության հետ է եղել, իսկ փոքր ու մասամբ նաև միջին բուրժուազիան, այլ տարբերակ չունենալով, տվյալ պահի  ընդդիմադիր ուժի մեջ է տեսել իր շահերը սպասարկողին՝ առաջնորդվելով «ընդդեմ» կոդով։

Այժմ մասնավոր սեփականատերերի բոլոր երեք շերտերն ունեն ընդհանուր հակառակորդ, երեքի շահերը նույն հարթության մեջ են և համահունչ են հանրային շահի հետ, հետևաբար, 2012–ին նախագահական նստավայրին լուրջ դիմադրություն է ցույց տրվելու, որի արդյունքում կունենանք կա՛մ բելգրադյան, կա՛մ արաբական գարուն։ Նախագահական ընտրությունների արդյունքները, հետևաբար, կանխորոշվելու են ԱԺ ընտրությունների արդյունքներով։

Առանձնահատկություն 2–րդ

Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով՝ կարող ենք վստահաբար պնդել, որ երբեք իշխանությունն այսքան պառակտված չի եղել ինչպես այժմ։

Եթե նախկինում ուժային, վարչական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական և այլ տիպի ռեսուրսների գերակշիռ մասը մեկ միասնական բուրգի մեջ էին ու սպասարկում էին համակարգի ընդհանուր շահը, ապա այժմ խոշոր ռեսուրսակիրների միասնականություն չկա, քանի որ համակարգն էլ կառուցվածքային առումով արդեն չկա. Ռոբերտ Քոչարյանից մնացածը ճաքեր է տվել, բայց նորը չի սարքվել։

Բացի այդ՝ երբեք խոշոր բուրժուազիան իշխանական տիրույթից և վերահսկելիությունից դուրս հանդես չի եկել (2003–ին Գուրգեն Արսենյանի գլխավորած ՄԱԿ–ը, իսկ 2007–ին «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարան մտան իշխանության համար անվտանգ հայեցակարգով և այսպես ասած՝ իշխանության «դաբրոյով»), իսկ այժմ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է, որ առանձին է մասնակցելու ընտրություններին և չի պատրաստվում իշխանական բուրգի ստվերում մնալ, ինչը նշանակում է, որ Ս. Սարգսյանի ունեցած ռեսուրսին գրեթե համարժեք ռեսուրս է գործի մեջ դրվելու, բայց արդեն ինքնուրույն։ Սա նշանակում է նաև, որ ընտրակեղծիքների դեմ պայքարում հասարակության մեծամասնությունն առաջին անգամ «իշխանության ներսից մարդ» է ունենալու (հիշե՛ք. ՀՀ–ում իշխանության մուտքը ներսի կողմից է)։

Իջևանի ընտրությունները շատ լավ ցույց տվեցին, թե ինչ արդյունքներ են ստացվում, երբ «ներսի մարդն» է տեր կանգնում ընտրողների ձայներին։

Առանձնահատկություն 3–րդ

Անցումային շրջանին բնորոշ մի շարք գործոնների պատճառով պետական կառավարման համակարգին անկայունությունը և անորոշությունը մշտապես սպառնացել են դրսից՝ հակաիշխանական հատվածից։

Բնական է, որ պահպանողական տրամադրված բյուրոկրատիան մշտապես նպաստել է իշխանության վերարտադրմանը, որպեսզի խուսափի անկայունությունից և անորոշությունից։ Այժմ այդ անկայունության և անորոշության աղբյուրը դարձել է նախագահական նստավայրը, ինչը քաղաքագիտական առումով  նոնսենս է, քանի որ երկրի ղեկավարները, որպես կանոն, ձգտում են կայունության, այլ ոչ թե քաոսի։

Իշխանական բոլոր օղակները հիմա տեսնում են, որ երիտսերժականների ձեռքերով նախագահը միմյանց դեմ է հանում պետական կառույցներին, նպաստում ներգերատեսչական բախումներին և իրականացնում «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունը, ինչը հակացուցված է պետական մարմիններին։ Դրա հետևանքով է, որ նախարարն իր տեղակալին չի վստահում, տարին մեկ Երևանի քաղաքապետ է փոխվում, մի պաշտոնյան մարդ է ծեծում, բայց իր անմիջական ղեկավարին են հեռացնում՝ իրեն թողնելով տեղում, մյուսը հայտարարվում է անընդունելի և անհանդուրժելի, իսկ մեկ ուրիշը կին է ծեծում ու մնում իր պաշտոնին,  պաշտպանության նախարարությունը լարված է գլխավոր շտաբի դեմ ու հակառակը, ԱԺ–ում զոռով են քվորում ապահովում, բյուջեն մի կերպ են անցկացնում և այլն։

Սարգսյանի վարած քաղաքականության հետևանք է, մասնավորապես, բանակում տիրող վիճակը։ Ուժային կառույցներն ընդհանրապես զբաղված են իրար տակ փորելով ու նախագահականի լարած խարդավանքները վերծանելով, քան իրենց բուն գործով։ Դրա համար էլ, օրինակ, հանցավորության աճ կա, որովհետև Ալիկ Սարգսյանից կամ Վլադիմիր Գասպարյանից նախևառաջ պահանջվում է ոչ թե օպերատիվ իրավիճակը հսկողության տակ պահել, այլ քաղաքական գործիք դառնալ՝ հեղափոխությունն օրորոցում խեղդելու կամ սրա–նրա գրպանը «պլան» գցելու պատրաստակամությամբ։

Այսպիսով, պետական բյուրոկրատիան, Սարգսյանի ու իր փեսայի «թեթև» ձեռքով, հայտնվել է կաթվածահար վիճակում և ի՛նքն է շահագրգռված ներկա վիճակի փոփոխությամբ, իսկ թե ինչ է տեղի ունենում երբ բյուրոկրատիան է աջակցում թավշյա կամ կոշտ հեղափոխությանը՝ բացատրելու կարիք, կարծում եմ, չկա։

Ի դեպ, Սարգսյանը հիմա եթե ուզենա էլ՝ միևնույն է չի կարող և չի հասցնի հետ պտտեցնել այս ամենը։ Քաղաքականության թամաշայացումն ու իրարամերժ քայլերի համախումբն իրենցն արդեն արել են։ «Լյուդովիկոս 16–ին» այլևս ոչինչ չի փրկի։ Աննուշկան վաղու՜ց թափել է ձեթը...

Առանձնահատկություն 4–րդ

Արդեն իսկ ակնհայտ է, որ ՀՀ երեք նախագահներն այս կամ այն կերպ մասնակցելու են համապետական ընտրություններին։ Նման բան երբեք չի եղել, որ գործող ու նախկին նախագահները խորհրդարանական ընտրությունների ժամանակ «բաց դաշտում» իրար դեմ դուրս գան, իսկ այժմ միանգամից երեքը կմտնեն խաղի մեջ՝ փիլիսոփա Հոբսի նկարագրած «բոլորը բոլորի դեմ» տարբերակով։

Գաղտնիք չէ, որ առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ ցուցակը. Կոնգրեսն այլ թեկնածու չունի և հայտնի պատճառներով՝ չի կարող ունենալ։

Ամենայն հավանականությամբ ՀՀԿ–ի ցուցակի առաջին համարում կտեսնենք Սերժ Սարգսյանին։

Թե ի՞նչ ձևով Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ընտրական գործընթացներում՝ դեռ չի հայտարարվել, բայց որ նա խաղի մեջ է՝ կասկած չկա։

Առանձնահատկություն 5–րդ

Ինչպես արդեն հոդվածի նախաբանում էի նշել, գալիք ընտրությունները գաղափարական ու աշխարհայացքային պայքարի են վերածվելու։

Սերժ Սարգսյանն իր քայլերով ցույց տվեց, որ դավանում է նեոբոլշևիկյան գաղափարախոսություն, որն արտաքին քաղաքական ոլորտում դրսևորվեց տխրահռչակ «ֆուտբոլային»՝ քիրվայական դիվանագիտությամբ, իսկ ներքին կյանքում՝ ֆինանսատնտեսական հոսքերը մեկի (իր) ձեռքում կենտրոնացնելու ձգտմամբ։

Հասկանալի է, որ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականությանը դեմ են մեր հասարակության բոլոր այն շրջանակները, որոնք մտահոգված են երկրի անվտանգության խնդիրներով։ Նրանք լավ կռիվ են տալու իշխանության դեմ։

Ինչ վերաբերում է իշխանության վարած տնտեսական քաղաքականությանը, ապա դրան դեմ են ոչ միան մանր ու միջին, այլ նաև խոշոր բուրժուազիայի ներկայացուցիչները, քանի որ բոլորն էլ տուժել են կամ կտուժեն «Հայկական աշխարհի» կառուցումից։ Ոմանք արտագաղթել են, իսկ ոմանք դեռ դիմադրում են՝ «Հայկական աշխարհի» բնակիչ չդառնալու համար։

Վերջին երեք տարիների ընթացքում փոքրի ու միջինի հարցերը, մեծ հաշվով, լուծել է վարչապետը։ Սերժ Սարգսյանի այժմյան թիրախը խոշոր բիզնեսը կամ խոշոր սեփականատերերն են։ Վերջիններիս իշխանական քարոզչամեքենան «օլիգարխներ» է անվանում ու փորձ անում լյումպեն–պրոլետարիատի աջակցությամբ սեփականաշնորհել նրանց ունեցվածքը՝ թաքնվելով ռուս բոլշևիկների սիրած «գործարանը՝ բանվորներին, հողը՝ գյուղացուն» դեմագոգիկ կարգախոսը հիշեցնող «տանիքի» տակ, ինչը նշանակում է ունեզուրկ զանգվածին օգտագորել «կուլակների» դեմ, խլել նրանց սեփականությունն ու հետո «քցել» բոլորին։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ վստահաբար կարելի է պնդել, որ սպասվող համապետական ընտրությունների ժամանակ իրական պայքարն ընթանալու է ոչ թե  «փողոցային» ընդդիմության՝ ՀԱԿ առաջնորդի ու Սերժ Սարգսյանի (նրանց միջև, ի դեպ, գաղափարական ու տեսակային տարբերություններն աննշան են), այլ  Սարգսյանի գլխավորած նեոբոլշևիկյան թիմի (չշփոթել ՀՀԿ–ի հետ) և մասնավոր սեփականության ինստիտուտի ու շուկայական հարաբերությունների պաշտպանության կողմնակից ազգային–դեմոկրատական կամ, որ գրեթե նույնն է, բուրժուադեմոկրատական ուժերի միջև։

Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ–ը, ինչպես արդեն հասկանում եք, ֆոնային դերակատարում է ունենալու սպասվող զարգացումներում և օգտագործվելու է հիմնական մրցակից ուժերից որևէ մեկի կողմից։ Իր քաղաքագիտական վերլուծությամբ ՀՀ առաջին նախագահը հայտ ներկայացրեց սերժանպաստ «երկխոսական» տիրույթից հակառակ տիրույթ տեղափոխվելու համար։ Թե ինչ կստացվի այս ամենից՝ դեռ պարզ չէ։ Միայն նկատենք, որ Տեր–Պետրոսյանը շանս կունենա քաղաքական գործընթացից դուրս չմնալու եթե հրապարակավ խոստովանի, որ սխալվել է Ղարաբաղի և հայ–թուրքական հարաբերությունների հարցում և որ հրաժարվում է քիրվայական գաղափարախոսությունից՝ ընդունելով դրա հակապետական բնույթը և աներկիմաստ դատապարտելով «ֆուտբոլային» դիվանագիտությունը։ Կկատարի՞ այս քայլերը ՀԱԿ առաջնորդը, թե՞ ոչ։ Դժվարանում եմ կանխատեսել։

. . .

Ահա սրանք էին այն հիմնական առանձնահատկությունները, որոնք տարբերում են 2012ի ԱԺ ընտրությունները մյուսներից։

Եթե հաղթեց Սերժ Սարգսյանի գաղափարական գիծը, ապա կպարտվի Հայաստանը, որն այդ պայմաններում չի դիմանա ներքին ու արտաքին մարտահրավերներին ու կփլուզվի այնպես, ինչպես փլուզվեց ՀՀԿ «ճկուն» ղեկավարի հոգևոր հայրենիքը՝  բոլշևիկյան ՍՍՀՄ–ը՝ «կավե ոտքերով հսկան»։ Բայց քանի որ Հայաստանը դատապարտված է հաղթանակի, ուստի՝ Սերժ Սարգսյանի ծրագրերը չեն իրականանա։ Ցանկալի է, որ դա լինի առանց ցնցումների։ Այդպես լավ կլինի և՛ Հայաստանի, և՛ Ս. Սարգսյանի համար։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը