Քաղաքական

04.05.2024 09:53


Հայաստանում տեղի ունեցողի պատճառը Փաշինյանի դավաճանական քաղաքականությունն է. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ)

Հայաստանում տեղի ունեցողի պատճառը Փաշինյանի դավաճանական քաղաքականությունն է. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ)

Alpha News-ի ուղիղ եթերում Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովն անդրադարձել է Հայաստանում բողոքի ցույցերին, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։

Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցողի պատճառը Փաշինյանի և նրա թիմի դավաճանական քաղաքականությունն է։

«Փաշինյանը երկար ժամանակ վարել է այդ քաղաքականությունը՝ սկսած 2018 թվականից, և Հայաստանում բնակչության ինչ-որ հատված, ցավոք, ըմբռնումով է վերաբերվել դրան։ Իսկ Հայաստանից դուրս, այդ թվում ՝ Ռուսաստանում, այդ քաղաքականությանը վերաբերվում էին ոչ թե ըմբռնումով, այլ ձևացնում էին, թե ոչինչ չի կատարվում։

Հիմա արդեն վերջնուղի է դուրս եկել: Այս մարդը (Փաշինյանը) վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում գնում է ամեն ինչի, ինչի կարելի է գնալ։ Նա կասկածի տակ է դրել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, հանձնում է Տավուշի գյուղերը։ Նա փորձում է փոխել Հայաստանի Սահմանադրությունն այնպես, ինչպես իրեն ասում է թուրք-ադրբեջանական տանդեմը, այսինքն՝ երկրներ, որոնք կցանկանային ոչնչացնել հայոց պետականությունը։ Այսինքն՝ այդ մարդը (Փաշինյանը) վա-բանկ գնաց։

Ես ուշադրություն դարձրի, որ նա գնաց վա-բանկ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ հանդիպումից հետո, ով թուրքամետ քաղաքական գործիչ է: Ռիչարդ Մուրը Մեծ Բրիտանիայի դեսպանն էր Թուրքիայում, հիանալի տիրապետում է թուրքերենին։ Եվ երբ Թուրքիայի հետ բարդ հարաբերություններ ունեցող պետության ղեկավարը հանդիպում է Բրիտանիայի հատուկ ծառայության ղեկավարի հետ, որն իր բոլոր գործողություններն իրականացնում է թուրքական հատուկ ծառայության հետ համատեղ, հարց է առաջանում՝ ի՞նչ է կատարվում։ Ցանկացած այլ երկրում միայն մեկ նման հանդիպման ժամանակ իմպիչմենտի հարց կդրվեր»,-նշել է Բաղդասարովը։

Թեև, ըստ քաղաքագետի, այս ամենը համապատասխան արձագանք է ստանում հայ բնակչության կողմից, բայց հաշվի առնելով ներկայիս ընդդիմության առանձնահատկությունը՝ ոչ մի կերպ չի հաջողվում համախմբել և առաջնորդել ժողովրդին։

«Այս պայմաններում հանդես է եկել Հայ Առաքելական եկեղեցին, ինչը բնական է, որովհետև պատմականորեն Հայ Առաքելական Եկեղեցին միշտ եղել է հայ ժողովրդի, հայ ինքնության ողնաշարը: Ես կարծում եմ, որ հետագայում եկեղեցին պետք է իր վրա վերցնի նախաձեռնությունը, եկեղեցին պետք է իր հետևից տանի ժողովրդին»,-հավելել է Բաղդասարովը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե սահմանների լեգիտիմությունը փրկություն կլինի Հայաստանի համար, փորձագետը զգուշացրել է, որ Ադրբեջանը Տավուշի գյուղերով չի սահմանափակվի։

«Այդ սահմանների ճանաչումից հետո վաղը հակառակորդը պահանջելու է մյուս սահմանների ճանաչում և այդպես շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև Հայաստանը վերածվի «Արևմտյան Ադրբեջանի»: Նորմալ մարդը պարտությունից հետո կվերլուծեր իրավիճակը և կստեղծեր հզոր բանակ։ Բայց Փաշինյանը ոչինչ չի արել, իր խելքով բանակի մասին խոսելն անիմաստ է, նա շատ խորամանկ ու ծախու մարդ է»,-ընդգծել է Բաղդասարովը։

Մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ Փաշինյանը հրաժարվել է գնալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, քաղաքագետը նշել է՝ դա Մոսկվայում բացասաբար կընկալվի։

«Դա այն է, ինչ պետք է մեր թշնամուն, այդ թվում ՝ Թուրքիային։ Բայց Ռուսաստանում պետք է իմանան, որ դա հայ ժողովրդի որոշումը չէ, դա Փաշինյանի որոշումն է»,-նշել է Բաղդասարովը։

Սեմյոն Բաղդասարովը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, Իրանի և Իսրայելի հակամարտությանը և արաբական աշխարհի հետ Թեհրանի հարաբերություններին:

Այս խորագրի վերջին նյութերը