Խմբագրական

19.11.2011 23:17


«Կաղ բադի» համախտանիշ

«Կաղ բադի» համախտանիշ

Նախագահ դառնալուց ի վեր Սերժ Սարգսյանն իր առջև փոխբացառող նպատակներ է դնում ու փորձում հասնել դրանց իրագործմանը։ Արդյունքներն իրենց սպասեցնել չեն տալիս՝ տնտեսությունը հետընթացի մեջ է,  արտաքին «նախաձեռնողական» դիվանագիտությունից մնացել է միայն էժանագին շոուն՝ չհաշված այն վնասները, որոնք ունեցանք, դե իսկ պետական կառավարման համակարգը հայտնվել է կաթվածահար վիճակում։ Տպավորությունն այնպիսին է կարծես Հայաստանը կանգ է առել։

Նեոբոլշևիկյան համախտանիշ

Ս. Սարգսյանը մի կողմից ուզում է «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել, ինչը ենթադրում է իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի ղեկավար կազմի մեծամասնության ու բուրժուազիայի ունեզրկում, բայց մյուս կողմից էլ՝ Ս. Սարգսյանն ուզում է վերարտադրվել նույն այդ սուբյեկտների օգնությամբ։ Ասել է թե՝ Սարգսյանն ուզում է օգտագործել ու դրանից հետո «քցել» «թիմակիցներին», որոնք ներկայացված են խորհրդարանում և ՀՀԿ–ում, իսկ ում էլ չի կարողանում հնազանդեցնել՝ գործի է դնում ծախու մամուլը։ Այս մասով Սարգսյանի «մեսիջները», որոնք նա փոխանցում է «թիմակիցներին» հետևյալն են. հարգելի՛ «թիմակիցներ», ես ձեզ ուզում եմ կուլակաթափ անել և ամբողջը ձեռքս հավաքել, բայց հիմա ուժս չի պատում և չեմ կարողանում, ուստի՝ օգնե՛ք ինձ՝ ձեզ վարկաբեկելու գնով դիրքերս ամրապնդել, որպեսզի կարողանամ վերարտադրվել ու հետագայում ձեզ վերացնել։

Հետևե՛ք Բաղրամյան 26–ի վերահսկողության տակ գտնվող «ընդդիմադիր» լրատվամիջոցների գործունեությանն ու առավել մանրամասն տեղեկություններ կստանաք նախագահական նստավայրի ծրագրերից։

Ինչ վերաբերում է հանրությանն ուղղված «մեսիջին», ապա Սարգսյանի ասածը հանգում է այս մտքին. հարգելի՛ ժողովուրդ, դուք վատ եք ապրում, քանզի ԱԺ–ում գործարարներ կան, իսկ երկրում՝ խոշոր սեփականատերեր, հետևաբար եթե մեզ հաջողվի նրանց դեմ պայքարել և Հայաստանում  հարուստներ չլինեն կամ, ավելի ճիշտ, լինի ընդամենը մեկ հարուստ ընտանիք, ապա առկա վիճակը կփոխվի. ճիշտ է, դուք դրանից հետո լավ չեք ապրի, բայց փոխարենը վատ կապրեն նաև նրանք, ովքեր այսօր լավ են ապրում, և այդպիսով «Հայկական աշխարհում» կհաստատվի արդարություն, իսկ ովքեր կդիմադրեն ու կփորձեն հեղափոխություն անել՝ վարչապետի օժանդակությամբ կդառնան արտագաղթող։

Սրանք են այն հիմնական «մեսիջները», որոնք Սերժ Սարգսյանն ու իր երիտթիմը «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցների օգնությամբ փոխանցում են «թիմակիցներին» ու հանրությանը։ Ասել է թե՝ մենք գործ ունենք «Գործարանը՝ բանվորներին, իսկ հողը՝ գյուղացուն» տխրահռչակ կարգախոսի փոխակերպված դրսևորման և համայնավարներին հատուկ քաղաքականության հետ։ Եթե այս ամենին ավելացնում ենք նաև այն, որ վարչապետը հայտարարում է, թե մենք հարուստների եկամուտները վերաբաշխելու ենք հօգուտ աղքատների, ապա սարգսյանական թիմի նեոբոլշևիկյան էությունն ամբողջական է դառնում։

Ստալինյան համախտանիշ

ՀՀԿ «ճկուն» ղեկավարը մի կողմից վարչապետ Տիգրան Սարգսյանին գործիք դարձրած հարձակվում է բիզնեսի բոլոր շերտերի վրա և «մեծ բյուջեի» քաղաքականության կիրառմամբ կյանքի է կոչում նեոբոլշևիկյան իր ծրագիրը, բայց մյուս կողմից էլ ելույթ է ունենում գործարարների կազմակերպած ժողովում և հայտարարում. «Անշուշտ, բիզնեսին հարկավոր են քաղաքական կայունություն և կայուն տնտեսական միջավայր. մենք մեր քայլերով երկուսն էլ ապահովելու ենք: Տնտեսական կայունության առումով ավելի առաջ ենք գնալու` ապահովելով ոչ միայն գնաճի մակարդակի ու ֆինանսական համակարգի կայունությունը, այլև տարեցտարի կրճատելու ենք պետբյուջեի դեֆիցիտ-համախառն ներքին արդյունք հարաբերակցության մակարդակը: Վերջինս ավելացնելու է ամրության մեր պաշարը և 2012 թվականի բյուջեի նախագիծն այդ մասին է խոսում»։

Հաշվի առնելով ներկայում ձևավորված հայաստանյան բիզնես–մթնոլորտը, հասարակական լայն զանգվածների մոտ գործարարության հանդեպ պետական քարոզչության մակարդակով ատելության սերմանումը և գործարարին «տրոցկիստ» հռչակելու քայլերը՝ կարելի է ասել, որ ՀՀ նախագահի այդ ելույթը դասական դեմագոգիայի ու ցինիզմի դրսևորում էր։

Բանն այն է, որ մարդիկ կքած են հարկերի տակ ու հաջորդ տարի է՛լ ավելի է մեծանալու նրանց հարկային բեռը, իսկ ահա Սարգսյանն ուղիղ նայում է տնտեսվարողների աչքերի մեջ ու հայտարարում, թե 2012 թվականի բյուջեի նախագիծն ավելացնելու է մեր ամրության պաշարը։ Փաստորեն, ըստ նախագահի, բիզնեսից յոթ կաշի քերթելն ավելացնելու է մեր ամրության պաշարը։ Մնում է միայն ճշտել, թե «մեր» ասելով ու՞մ նկատի ուներ Ս. Սարգսյանը։

Բիզնեսին հարկերով խեղդելն ու միևնույն ժամանակ նրանց տնտեսական կայուն միջավայր խոստանալը նույնն է, թե Ստալինը հանդիպեր բռնադատվածների ընտանիքների անդամներին ու ասեր, թե քաղկալանավորների համար ստեղծված աքսորավայրերը և այնտեղ գնդակահարված մարդկանց քանակի աճն ավելացրել են մեր երկրի ամրության պաշարը։ Ի դեպ, «ժողովուրդների հայրը» հենց այդպես էլ վարվում էր։

Ագահության համախտանիշ

Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից պարզ է դառնում, որ նա դեմ է օլիգարխի համարում ունեցող դեմքերին, բայց դեմ չէ առկա կլանաօլիգարխիկ համակարգին՝ պայմանով, որ երկրում պետք է լինի մեկ օլիգարխ, որի դերում համեստորեն պատրաստ է ինքը լինել։ Սարգսյանի պատկերացրած սոցիալական արդարության դոկտրինն, ըստ այդմ, իրենից ներկայացնում է «Բոլորը (բացի «վոժդից», իհարկե) պետք է հավասարապես վատ ապրեն» բանաձևը, որից էլ բխում է  ծայրահեղ աղքատների, լյումպեն–պրոլետարիատի և իրեն լիբերալ համարող, սակայն իրականում «ուղղափառ» մարքսիստ հանդիսացող լյումպեն–մտավորականության ականջը շոյող «Ո՛չ հարուստներին» կոչը։

Այլ կերպ ասած՝ իշխանության վերին օղակը ձգտում է «աննախադեպ» ընտրությունների միջոցով վերարտադրվել և Հայաստանում  նեոբոլշևիկյան հեղափոխություն անել, բայց դա հնարավոր չէ, քանզի ֆորմալ առումով բուրժուազիայի վրա հենվելով հնարավոր չէ նույն այդ բուրժուազիայի կուլակաթափման ծրագիրն իրագործել, մանավանադ որ լյումպեն–պրոլետարիատի առաջնորդն արդեն երես է թեքել քեզանից և առաջնորդվում է «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» առողջ կարգախոսով։

«Կաղ բադի» և պարտության համախտանիշ

Քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ խճճվելով սեփական որոշումների մեջ, չկարողանալով հասնել դրված նպատակներին և գերի դառնալով ագահությանը՝ Սերժ Սարգսյանն իր շրջապատի հետ միասին հայտնվել է ցայտնոտի մեջ և վերածվել «կաղ բադի»։ Վերջին շրջանի գիշերային որոշումները ասվածի վառ ապացույցն են։ Դա ոչ թե ուժեղ, այլ թույլ իշխանության վարքագիծ է՝ համեմված «կաղ բադ» ղեկավարներին հատուկ համախտանիշով։

Ս. Սարգսյանի ուզածը «որակական հեղափոխությունն» է, բայց այդ «որակի» տակ նա հասկանում է բուրժուական հնարավորություններից օգտվող «մեկ մարդու» տնտեսաքաղաքական համակարգ՝ առանց բուրժուական դասակարգի։ Նկատենք, սակայն, որ այդպիսի բան բնության մեջ չի լինում։ Քաղաքականությունն իր կանոններն ունի։ Իսկ եթե որևէ մեկին նավթի ու այլ բնական պաշարների օգնությամբ հաջողվում էլ է «որակական հեղափոխություն» անել և ժամանակավորապես «մեկ մարդու տնտեսություն» ստեղծել, ապա ամեն ինչ այդ մեկ մարդու համար ավարտվում է բանջարեղենի համար նախատեսված սառնարանում հայտնվելով, ինչը մեզ մոտ թույլ տալ չի կարելի, քանի որ մեր երկիրը պետք է զերծ պահել ցնցումներից. անվտանգության հարց կա։

Ես անկեղծորեն չեմ ուզում, որպեսզի Ս. Սարգսյանն ընկնի Քադաֆիի օրը, որովհետև այդ դեպքում Հայաստանը կընկնի Լիբիայի օրը՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Մեր պետության ապագայով մտահոգ բոլոր մարդկանց համար պետք է նախընտրելի լինի Սերժ Սարգսյանի հեռացման յուշչենկոյական տարբերակը։ Կարծում եմ, որ բացատրելու կարիք չկա, թե ինչու։

Ամփոփում

Այն որ 20-30 ընտանիքների տնտեսական հարաբերությունները պետք է արմատական վերափոխման ենթարկվեն՝ վիճելի հարց չէ։ Բայց դա չի նշանակում, թե Հայաստանում պետք է ունենալ Սերժ Սարգսյանի պատկերով ու նմանությամբ տնտեսություն, որն ավելի կեղտոտ հարաբերություններ է ենթադրում, քան կա այսօր և կար երեկ։

Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ ակնհայտ է, որ ազգային բուրժուազիայի բոլոր շերտերը պետք է յուրօրինակ դաշինք կնքեն, քաղաքական ձևակերպումներ տան իրենց նպատակներին, նպաստեն հանրային լայն կոնսոլիդացիային ու գնան ազգային–դեմոկրատական հեղափոխության՝ ստեղծելով Նոր Հայաստան։ Հինը վաղուց սպառել է իրեն։

ՀՀ այսօրվա նախագահին ու երիտսերժականներին պետք է թողնել հին Հայաստանում և շարժվել առաջ։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը