Հարցազրույց

27.04.2009 14:34


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Արմենպրես» լրատվական գործակալությանը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը  «Արմենպրես» լրատվական գործակալությանը

- Բարեւ Ձեզ, պարոն նախարար:

- Բարեւ Ձեզ, պարոն Զորյան:

Հարց. - Պարոն նախարար, նախ կուզեի շնորհակալություն հայտնել մեր հարցազրույց տալու խնդրանքն ընդունելու համար: Ձեր ղեկավարությամբ բավական ակտիվացել է Հայաստանի  արտաքին քաղաքականությունը:

Պատասխան. -Ներողություն, պարոն Զորյան, որ ընդհատում եմ Ձեզ, որովհետեւ կուզեի ընդգծել, որ մեր արտաքին քաղաքականությունը ղեկավարում է հանրապետության նախագահը, իսկ ես ղեկավարում եմ արտաքին գործերի նախարարությունը, որի գլխավոր առաքելությունն է իրականացնել այն խնդիրները, որոնք մեր առջեւ դնում է հանրապետության նախագահը:

 Հարց. - Լինելով գործող նախագահ  տարբեր միջազգային կազմակերպություններում, Դուք բազմաթիվ հյուրեր եք ընդունում, տարբեր այցեր եք կատարում: Հայտնի է անվանի դիվանագետներից մեկի արտահայտությունը, որ եթե մի երկրի արտգործնախարար այցեր չի ունենում, ուրեմն այդ երկիրը արտաքին քաղաքականություն չունի: Լայն է Ձեր այցերի աշխարհագրությունը, որտեղ ներառվել է անգամ Թուրքիան, որը, կարծես թե, նորություն է մեզ համար:

Պատասխան. - Չեմ կարծում դա նորություն է, չեմ կարծում դա նորույթ է, որովհետեւ տարիներ շարունակ Հայաստանի  անկախությունից հետո միշտ էլ եղել են շփումներ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, եղել են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ այցելություններ, եւ Հայաստանը միշտ էլ ձգտել է հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ առանց նախապայմանների:

 Հարց. - Ինչպե՞ս կգնահատեք հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը, հատկապես հաշվի առնելով այն կարծքիները, որ երբեք մեր հարաբերություններն այսքան հեռու չէին գնացել:

Պատասխան. - Ես կասեի այդքան չէին մոտեցել երբեւէ, իսկապես, որովհետեւ Հայաստանի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ, երբ Թուրքիայի նախագահ Գյուլը հրավիրվեց այցելելու Հայաստան' միասին դիտելու ֆուտբոլի խաղը, դրանով որակական նոր փուլ մեկնարկեց հարաբերությունների կարգավորման գործընթացում: Շատ կարեւոր հանդիպումներ կայացան Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ, նաեւ կարեւոր հանդիպում կայացավ Դավոսում մեր երկրի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի միջեւ, բազմաթիվ, մոտ տասը հանդիպումներ են կայացել նաեւ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Եւ այսօր մենք եկանք այն հայտարարությանը, որը արվեց ամսի 22-ին, որով նշվում է առաջընթացի մասին բանակցությունների ընթացքում:

 Հարց. - Կան կարծիքներ, որ այդ հայտարարությունն անակնկալ էր, նույնիսկ հնչում են կարծիքներ խաբված լինելու մասին:

Պատասխան. - Բայց ինչ անակնկալի կամ խաբվածության մասին կարող է խոսք լինել: Գիտեք, ամիսներ շարունակ հանրապետության նախագահը, արտաքին գործերի նախարարը, բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը ձգտում է լիակատար հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանների, եւ այսօր այդ հայտարարությամբ, մենք եւս նշում ենք, որ մենք գնում ենք հարաբերությունների կարգավորմանը, սահմանների բացմանը առանց որեւէ նախապայմանների: Ապա, ինչ խաբվածության կամ ինչ նորության մասին է խոսքը:

 Հարց. - Դուք ասում եք, որ նախապայմաններ չկան, բայց Թուրքիայից տարբեր այլ մեկնաբանություններ, կարծիքներ են հնչում, իսկ Հայաստանում կարծիքներ կան, որ մենք զիջումների ենք գնում

Պատասխան. - Գիտեք, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք չենք հավատում մենք մեզ, թերահավատություն ունենք մեր ուժերի նկատմամբ, մեր հնարավորությունների նկատմամբ, չենք հավատում, որ Հայաստանը, իսկապես, կարող է ինչ-որ առաջընթաց արձանագրել, միշտ մտածում ենք, որ եթե ինչ-որ մի լավ բանի ենք հասել, ուրեմն տակը ինչ-որ մի վատ բան է թաքնված: Այսինքն, եթե ծառն ենք բարձրացել, անպայման պետք է ընկնենք քարին: Կամ մտածում ենք, որ մեզ անպայման պետք է խաբեն: Ո՞վ է խաբելու, եթե Թուրքիա՞ն է մեզ խաբելու, առաջին հերթին Թուրքիան խաբելու է ինքն իրեն, խաբելու է միջազգային հանրությանը, խաբելու է Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին, Եվրամիությանը: Մեր ձգտումը անկեղծ է եւ հաստատակամ. Հայաստանը ձգտում է լիակատար հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանների: Եւ կարծում եմ, մեր մոտ այն տպավորությունը կա, որ Թուրքիայի ղեկավարությունն էլ ունի ցանկություն գնալ առաջ եւ հարաբերությունները կարգավորել երկու երկրների միջեւ:

 Հարց. - Հայտարարությունը հրապարակվեց ապրիլի 22-ին՝ Մեծ Եղեռնի տարելիցի նախօրեին, ինչը նույնպես տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք:

Պատասխան. - Երբ որ ասում ենք առանց նախապայմանների ենք կարգավորում   հարաբերությունները, մենք նկատի ունենք որեւէ նախապայման չկա Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված եւ որեւէ նախապայման չկա ցեղասպանության ճանաչման հետ: Եվ հարաբերությունների կարգավորումը որեւէ կերպ հարցականի տակ չի դնում ցեղասպանության իրողությունը, եւ դրա մասին բազմիցս ասել է հանրապետության նախագահը, արտաքին գործերի նախարարը: Գիտեք, ես հուսով եմ, որ երբ որ մենք բարելավենք, կարգավորենք մեր հարաբերությունները, ապա ոչ միայն մեր երկրի' Հայաստանի ղեկավարները կգան Ծիծեռնակաբերդ ծաղիկներ դնելու, այլեւ Հայաստանի ղեկավարներին կմիանան Թուրքիայի ղեկավարները: Ինչո՞ւ մենք չենք կարող անել այն, ինչ-որ արեցին Շառլ դը Գոլը եւ Ադենաուերը: Ես վստահ եմ, որ կգա այդպիսի օր, եւ այդ քայլը կանեն նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները: Եւ ե՞րբ հարմար կլինի այդպիսի քայլ անել, եթե այդ օրվան մենք հասնենք, միգուցե, հենց ապրիլի՞ն: Դրա մեջ, կարծեմ, նաեւ ինչ-որ խորհրդանիշ կարող է լինել: Եվ ամսի 22-ին այդ հայտարարությունը անելու մեջ էլ, միգուցե, այդ խորհուրդ կա:

Հարց. - Այդուամենայնիվ, ինչո՞ւ ապրիլի 22-ի գիշերը:

Պատասխան. - Նկատի ունեք՝ գիշե՞րը: Գիտեք, դիվանագիտության մեջ չկա ո՛չ ցերեկ, ո՛չ գիշեր, ո՛չ առավոտ, ո՛չ երեկո հասկացողությունները: Ընդհանրապես, բանակցություններն ունեն իրենց տրամաբանությունը, որոնք բերում են որոշ հանգրվանների, համապատասխան առաջընթացների, եւ որոնց մասին իրազեկվում է հանրությունը: Ես հիշում եմ' Ֆրանսիայում, երբ ճանաչվում էր ցեղասպանությունը, երբ Սենատում ընդունվում էր ցեղասպանության ճանաչման օրենքը, այդ քննարկումները գնում էին կեսգիշերին, եւ որոշումն ընդունվեց առավոտյան ժամը 4-ին: Եվ ոչ մեկը ոչ զարմացավ, ոչ էլ հարցրեց. «ինչու՞ քննարկումները գիշերն էին, եւ առավոտյան ընդունվեց այդ որոշումը»:

Հարց. - Կարծիք կա, որ Հայաստանը գնում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, քանի որ Վրաստանում անցյալ տարի տեղի ունեցած իրադարձությունները եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանին այլ ելք, կարծես թե, չեն թողել, եւ Հայաստանը ստիպված է լեզու գտնել Թուրքիայի հետ

Պատասխան. - Դուք շատ լավ գիտեք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի նախաձեռնությունն արվել է ամիսներ առաջ, Օսեթիայի շուրջ այդ իրադարձություններից ամիսներ առաջ եւ նաեւ երբ որ արվել էր այդ նախաձեռնությունը, Հայաստանի տնտեսությունը զարգանում էր երկնիշ թվերով, ինչպես եւ նախորդ տարիներին' 7-8 տարվա ընթացքում: Այնպես որ, այդպես չէ. այդ որոշումը արվել է ամբողջ գիտակցությամբ, որ մենք պետք է կարգավորենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ:

 Հարց. - Ճանապարհային քարտեզ հասկացությունը մի տեսակ շփոթություն է առաջացրել, ի՞նչ է իրենից ներկայացնում այդ փաստաթուղթը: Ինչ դրույթներ, սկզբունքներ է պարունակում:

Պատասխան. - Գիտեք ինչ, սա շատ պարզ համաձայնություն է. ճանապարհային քարտեզ' դա ժամանակային ուղեցույց է, այն քայլերի, որոնք պետք է իրականացնեն կողմերը, որպեսզի ձեռք բերվելիք պայմանավորվածությունները ուժի մեջ դրվեն եւ սկսեն իրականացվել, եւ այդ քարտեզի մեջ որեւէ դրույթ կամ սկզբունք չկա: Դրույթները եւ սկզբունքները կլինեն այն պայմանագրի կամ պայմանագրերի մեջ, որոնք պետք է ստորագրվեն երկու կողմերի միջեւ:

Հարց. - Ինչպե՞ս կմեկնաբանեք միջազգային արձագանքները հայ-թուրքական հարաբերություններին:

Պատասխան. - Գիտեք, եթե մենք ապրեինք Սովետական, Խորհրդային Միության օրերին, կասեինք, որ ամբողջ առաջադեմ մարդկությունը ողջունում է Հայաստանի քայլերը: Բայց այսօր մենք, իսկապես, կարող ենք ասել, որ բազմաթիվ երկրներ, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Շվեյցարիան, որը միջնորդի դերէ կատարել, կարծում եմ, կարելի է ասել' համարյա երկիր չկա, որը ոչ միայն չի ողջունում, այլ նաեւ ամբողջ իր աջակցությունը չի ցուցաբերում այս գործընթացին: Միգուցե, մի երկիր կա, որը մի փոքր վերապահումներ ունի, միգուցե, եւ ոչ փոքր. դա Ադրբեջանն է: Դա էլ կարծում եմ, սխալ մոտեցում է, որովհետեւ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ մեր ամբողջ տարածաշրջանի վրա, իսկ Ադրբեջանը մասնիկ է այդ տարածաշրջանի:

Հարց. - Ինչպե՞ս եք մեկնաբանում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հայերին ուղղված ուղերձում «Մեծ Եղեռն» արտահայտության օգտագործումը:

Պատասխան. - Նախ եւ առաջ ասեմ, որ նախագահ Օբամայի հայտարարությունը քայլ էր առաջ Միացյալ Նահանգների մյուս նախագահների կողմից այդ կապակցությամբ արված հայտարարությունների համեմատությամբ: Այդ հայտարարության մեջ շատ ուժեղ դրույթներ կան: Նախագահ Օբաման ասաց, որ ինքը բազմիցս արտահայտվել է 1915թ. դեպքերի վերաբերյալ եւ ինքը չի փոխել իր կարծիքը: Նախագահ Օբաման օգտագործեց □Մեծ Եղեռն□ բառակապակցությունը, մենք ինքներս' հայերս, օգտագործում ենք թե □գենոցիդ□, թե «Մեծ Եղեռն» հասկացողությունները: Բայց իհարկե, հայությունը սպասում էր, որ Միացյալ Նահանգների նախագահը կօգտագործի □գենոցիդ□ բառը: Քանի որ խոսում ենք Միացյալ Նահանգների նախագահի մասին, ես կցանկանայի նաեւ շեշտել այն կարեւոր անձնական աջակցությունը, որը Միացյալ Նահանգների նախագահը ցուցաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Հարց. - Վերջին շրջանում բավական ակտիվացել է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Համանախագահներն ամիսը մեկ անգամ այցելում են տարածաշրջան. Երեւան, Ստեփակարետ, Բաքու, նաեւ առանձին այցեր են ունենում: Այդուամենայնիվ, տպավորություն կա, որ գործընթացը դոփում է տեղում: Դուք համաձա՞յն եք այդ կարծիքին:

Պատասխան. - Ես համաձայն եմ այն կարծիքին, որ այո, այսօր էլ համանախագահները Երեւանում են   գտնվում, գործընթացը շարունակվում է, գիտեք, որ ամիսներ շարունակ Ադրբեջանը մերժում էր բանակցություններ վարել Մադրիդյան առաջարկների, սկզբունքների հիման վրա եւ փորձում էր պարտադրել այն բանաձեւը, որն ընդունվեց ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից Ադրբեջանի առաջարկով:  Բայց, գիտեք նաեւ, որ եռանախագահող երկրները քվեարկեցին դեմ, Եվրամիության որեւէ երկիր չաջակցեց այդ բանաձեւին, եւ 192 անդամ երկրներից միայն 39-ը քվեարկեցին կողմ:

Այդ բանաձեւը Ադրբեջանն ամիսներ շարունակ փորձում էր պարտադրել որպես բանակցությունների հիմք: Ադրբեջանը միայն մեկ սկզբունքի մասին էր խոսում ամիսներ շարունակ. տարածքային ամբողջականության, Ադրբեջանից հնչում էին ռազմատենչ հայտարարություններ:

Վերջին շրջանում ամիսներ շարունակ բազմաթիվ հայտարարություններ են ընդունվել միջազգային կազմակերպությունների կողմից, տարբեր ատյաններում, որոնք համահունչ են մեր դիրքորոշումներին: Վերջին ամիսների ընթացքում որեւէ բանաձեւ չի ընդունվել Ղարաբաղի հարցի վերաբերյալ, որը չհամապատասխանի մեր դիրքորոշումներին. լինի դա Մոսկվայի հռչակագիրը, որի տակ դրված են ստորագրությունները Հայաստանի Հանրապետության նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ նաեւ Ռուսաստանի նախագահի, չնայած դրան' մի քանի օր անց Ադրբեջանը հարցականի տակ դրեց մի քանի դրույթներ այդ հռչակագրի, երեք հռչակագիր ընդունվեց Հելսինկիում դեկտեմբերի սկզբին. դա ԵԱՀԿ 56 նախարարների կողմից, նաեւ եռանախագահող երկրների արտգործնախարարությունների ղեկավարների կողմից եւ Եվրամիության կողմից: Եվ այդ երեք հայտարարությունները, հռչակագրերը համահունչ են մեր դիրքորոշումներին, եւ մենք լիովին կիսում ենք այն կարծիքները, որ արտահայտված են այդ հայտարարությունների մեջ եւ աջակցում ենք, եւ գտնում ենք' եթե շարժվենք համահունչ այդ ընդունված փաստաթղթերին, ուրեմն միգուցե մենք առաջընթաց կունենաք: Տարվա սկզբին Ադրբեջանը փորձեց եւս որոշ քայլեր անել ՄԱԿ-ում, ապակառուցողական քայլեր, սկսեց տարածել հուշագրեր' չորս հուշագիր, որոնք փաստորեն, եւս մեկ կարեւոր խոչընդոտ ստեղծեցին բանակցային գործընթացում: Եռանախագահող երկրները դատապարտեցին այդ քայլերը: Այսօր որոշ դրական միտում կա Ղարաբաղի գործընթացի մեջ, որովհետեւ նույն Ադրբեջանի նախագահը հայտարարում է արդեն Ղարաբաղի հիմնախնդրի լուծման մասին միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, այսինքն' բոլոր սկզբունքների հիման վրա: Եվ դա իսկապես, կարեւոր դրական միտում է: Երեք հանդիպում է կայացել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում եւ նաեւ Ցյուրիխում եւ մոտակա ժամանակ միգուցե դա կլինի մայիս ամսին եւս մեկ հանդիպում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Մենք հուսով ենք, որ այդ հանդիպումը դրական ու կառուցողական կլինի եւ հնարավորությունըկստեղծի ակտիվացնել բանակցությունները, գնալ առաջ եւ մոտակայում մոտեցնել դիրքորոշումները հակամարտության կողմերի միջեւ:

Հարց. - Տարբեր մեկնաբանություններ, վերլուծություններ են հնչում հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան խնդրի  կարգավորման առնչությամբ, ինչը խառնաշփոթությունների առիթ է տալիս, ես հուսով եմ, որ մեր այս հարցազրույցը բավական հարցերի պարզաբանում տվեց:

 

Պատասխան. - Եթե թույլ տաք, կցանկանաի ասել, որ բավական ուշադրությամբ եմ մոտենում բոլոր այն կարծիքներին, որոնք արտահայտում են վերլուծաբանները, եւ փորձում եմ օգտագործել  այն դրական առաջարկները, գաղափարները, որոնք պարունակվում են այդ վերլուծությունների մեջ: Բայց նաեւ կան վերլուծություներ, որոնց մեջ ասվում է. չգիտենք' ինչ եք անում, բայց ինչ- որ անում եք, սխալ եք անում: Սխալ եք անում, որովհետեւ մենք չենք այդ անում: Իսկ ինչ մենք կանեինք, մենք ձեզ չենք ասի: Դա նմանացնում է, գիտեք, այն մարդուն, որն ասում է ես ջրի մեջ չեմ մտնի, մինչեւ լողալ չսովորեմ: Եվ այդպես էլ լողալ չսովորելով' ափին կանգնած խորհուրդներ է տալիս կամ դատողություններ է անում խեղդվելու վտանգների մասին:

 

Պետության ղեկավարությունը պետք է համարձակություն ունենա պատասխանատվություն վերցնել իր վրա եւ կարեւոր որոշումներ ընդունել եւ իրականացնել այդ որոշումները: Այսօր միջազգային հանրությունը հարգանքով է մոտենում Հայաստանին:  Ես ասում եմ հարգանքով եւ չեմ օգտագործում հուզական խոսքեր' մեզ սիրում են, կամ մեզ չեն սիրում, հարգանքով են մոտենում: Հարգանքով են մոտենում, եւ դա գիտեք, բնական է, բնական է այն իմաստով, որ մենք պետություն ենք, մենք ունենք մեր շահերը, ունենք մեր խնդիրները, եւ նաեւ փորձում ենք հասկանալ այլ երկրների խնդիրները, շահերը:  Եվ փորձում ենք, համադրելով այդ շահերը, այնպիսի լուծումներ գտնել, որ բոլորի համար լինեն լավ: Եվ առաջին հերթին մեզ համար, կարեւորը' որ դրանք արդյունավետ լինեն  եւ բարենպաստ լինեն, եւ ի շահ լինեն մեր ժողովրդի, մեր պետության: 

- Շնորհակալություն, պարոն Նալբանդյան, հարցազրույցի համար:

- Շնորհակալություն, պարոն Զորյան:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը