Լրահոս

27.09.2011 15:38


ՏՄՊՊՀ. «Հանձնաժողովի կողմից կայացված որևէ որոշում դատական ակտով անվավեր չի ճանաչվել»

Զգալիորեն բարձրացել է ՏՄՊՊՀ գործունեության արդյունավետությունը: 2010 թվականից մեծապես ակտիվացել են աշխատանքները մրցակցային օրենքի խախտումների դեմ պայքարի ուղղությամբ:

Մասնավորապես, եթե 2008 և 2009 թվականներին ՏՄՊՊՀ-ը կայացրել է տնտեսվարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու 31-ական որոշումներ, ապա 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել է 107 որոշում, իսկ 2011 թվականի առաջին ինն ամիսների տվյալներով` 87 որոշում: Ինչ վերաբերում է կիրառված ֆինանսական տուգանքների բացարձակ մեծություններին, ապա միայն 2011 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում տնտեսվարող սուբյեկտները հակամրցակցային գործողությունների համար տուգանվել են մոտ 227 միլիոն դրամի չափով, 2010-ի 37 միլիոնի, 2009-ի 10 միլիոնի և 2008-ի 9 միլիոնի համեմատ:

Հարկ է նկատել, որ  ՏՄՊՊՀ-ի 2010 և 2011 թվականներին կայացված և դատական կարգով բողոքարկված որոշումներից և ոչ մեկը վերջնական դատական ակտով անվավեր չի ճանաչվել, ինչը խոսում է կայացված որոշումների հիմնավորվածության, հետևաբար նաև ՏՄՊՊՀ-ի գործունեության արդյունավետության մասին: Մասնավորապես, 2010 թվականին բողոքարկվել է ՏՄՊՊՀ-ի թվով 34 որոշում, որոնցից 22-ով առկա Է ՏՄՊՊՀ-ի օգտին կայացված դատական ակտ, իսկ 2011 թվականին բողոքարկվել է ՏՄՊՊՀ-ի թվով 19 որոշում, որոնցից 8-ով դատարանը վճիռ է կայացրել ՏՄՊՊՀ-ի օգտին, մնացած գործերով դատավարությունը շարունակվում է:  Ներկայումս ՏՄՊՊՀ-ում առկա են հարուցված և չավարտված թվով 2 վարչական վարույթներ՝ գերիշխող դիրքի չարաշահման և թվով 40 վարչական վարույթներ անբարեխիղճ մրցակցության դրսևորումների վերաբերյալ:

ՀՀ ՏՄՊՊՀ Մամուլի քարտուղար` Գայանե Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը