Խմբագրական

31.12.2022 17:24


Գլորելով 2022–ը և դիմավորելով 2023–ը

Գլորելով 2022–ը և դիմավորելով 2023–ը

Հարգելի՛ ընթերցողներ,

Ահա և գլորվեց ևս մեկ տարի։ Գլորվեց զուտ օրացուցային տարբերակով։ Իրականում մենք տեղում դոփում ենք։ Ավելի ճիշտ՝ հետ ենք գնում։

Մենք ամեն օր հետ ենք գնում դեպի 2020 թվականի սեպտեմբերի 27։ Այդ օրն արձանագրեց 2018–ի մայիսի 9–ից սկիզբ առած խայտառակ քաղաքականության արդյունքները։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, միտումնավոր կամ հիմարության պատճառով, տապալվեց։ Տապալեց Նիկոլ Փաշինյանը։ Դա հնարավորություն տվեց թուրք–ադրբեջանական տանդեմին հարձակվել։ Մնացածն արդեն գիտեք։

Մենք հիմա ունենք հակաանկախական, հակաղարաբաղյան, հակահայկական իշխանություն։ Սա ատելությունից բխող գնահատական չէ։ Սա մեր դաժան իրականությունն է։

Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է Ղարաբաղյան շարժման արդյունքում։ Մեր պետության հիմքում 88–ի շարժման հռչակած գաղափարները, սկզբունքները, կարգախոսներն են։ Դրանք, ցավոք սրտի, դավաճանվեցին հենց սկզբից։ Քաղաքական կյանքը դրանից հետո դարձավ անբարոյական։ Այդ անբարոյականության հետևանքներն ենք հիմա տեսնում։

Որպեսզի 2023–ը գա ոչ թե օրացուցային, այլ իրական տեսքով,

որպեսզի մենք դուրս գանք այս նվաստացուցիչ վիճակից,

որպեսզի թշնամին չլկտիանա և վռնդվի մեր տարածքներից,

որպեսզի ունենանք պետություն ու նոր ցեղասպանության չենթարկվենք,

որպեսզի Արցախը մնա հայկական ու երբեք չհայտնվի Ադրբեջանի կազմում,

որպեսզի մեր երկրի ներսում վերանա թշնամանքի ու պառակտվածության մթնոլորտը,

որպեսզի Հայաստանը «հոլանդական» աճուրդով չվաճառվի,

որպեսզի ․․․

Որպեսզի զուտ ամանորյա կենաց չստացվի, պետք է բոլորս ջանք գործադրենք, հասնենք ներքաղաքական փոփոխության, ձևավորենք նոր, ազգային իշխանություն։

Այս պահին դժվար է լիաթոք ուրախանալ, տոնել ու հանգստանալ, քանզի Արցախը շրջափակված է (Նիկոլ Փաշինյանն այս հարցում ունի մեղավորություն և պատասխանատվություն, ինչից փորձում է խուսափել՝ հայ–ռուսական հարաբերությունները դավադրաբար հասցնելով թշնամության մակարդակի), հայ զինվորների մարմինները սեպտեմբերի 14–ից հետո դեռ մարտի դաշտում են՝ անթաղ։ Դժվար է, քանզի ունենք գերիներ, Հայաստանի գլխին կախված է վերանալու վտանգը, Հայաստանին ու Արցախին սպառնում են դրսից՝ Թուրքիան, Ադրբեջանը և ներսից՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը։

ՀՀ ամեն մի քաղաքացու ու հատկապես քաղաքական ընդդիմության համար 2022–ը պետք է անբավարար գնահատել, որովհետև սրանք դեռ իշխում են ու սպառնում մեր պետականությանը։

Գալիք տարում պետք է ամեն ինչ անել, որ վիճակը փոխվի։ Պետք է ձևավորել հանրային լայն համախմբում և ընդդիմադիր արդյունավետ ձևաչափ։

2023–ը ծանր է լինելու։ Բոլորիս համբերություն, կամք ու վճռականություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը