Խմբագրական

24.09.2011 18:39


Լևոն Տեր–Պետրոսյանը կրկին ինքնաառաջադրվեց որպես գործիք

Լևոն Տեր–Պետրոսյանը կրկին ինքնաառաջադրվեց որպես գործիք

ՀԱԿ վերջին հանրահավաքում ելույթ ունենալիս՝ Լևոն Տեր–Պետրոսյանը բաց տեքստով պատրաստակամություն հայտնեց դառնալ ԱՄՆ–ի (ենթատեքստում նաև շահագրգիռ այլ երկրների ու կառույցների, օրինակ՝ ԵՄ, Թուրքիա, Ադրբեջան և այլն) գործիքը՝ հայ–թուրքական հարաբերությունները շուտափույթ կարգավորելու, և հետևաբար նաև Ղարաբաղի հարցում բեկում արձանագրելու հարցում (գաղտնիք չէ, որ ՀՀ առաջին նախագահն այդ ամենը պատկերացնում է Հայոց ցեղասպանության մոռացության ու Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ներառելու տարբերակով, այդ իսկ պատճառով էլ կարելի է միանշանակ պնդել, որ սույն հարցում նրան պոտենցիալ օգտագործողների թվում կարող են լինել մեր հանդեպ թշնամաբար տրամադրված երկու հարևան պետությունները)։

Ներկայացնեմ մի ընդարձակ մեջբերում Տեր–Պետրոսյանի խոսքից, որն ամբողջովին կբացահայտի այս գործչի բարոյական նկարագիրն ու քաղաքական հավատամքը։

«Ամերիկան Հայաստանում որեւէ այլ ռազմավարական հետաքրքրություն չունի, բացի, թերեւս, Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը, որը, սակայն, նույնպես նրա կողմից հիմնականում արժեւորվում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման դիտանկյունից։ Կարելի է, ըստ այդմ, վստահաբար պնդել, որ ԱՄՆ-ը եւ ընդհանրապես Արեւմուտքը Հայաստանին վերաբերող որեւէ այլ քաղաքական կնճռի լուծման ոլորտում այնքան ջանք ու եռանդ չեն ներդրել, որքան հայ–թուրքական հաշտեցման գործընթացում։ Նշելով այս ամենը, ես չեմ կասկածում Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Եւրոմիության առաջատար երկրների հետապնդած նպատակի ազնվությանը եւ, ի տարբերություն շատերի, ամենեւին հակված չեմ դրա ետեւում դավադիր մտադրություններ, էգոիստական շահագրգռություններ կամ երկակի ստանդարտներ փնտրելու։ Որովհետեւ լիովին համոզված եմ, որ հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է ոչ միայն միջազգային անվտանգության ու համագործակցության, այլեւ, առաջին հերթին, տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների, այդ թվում առանձնապես Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից։ Թեեւ ակնհայտ է, որ այդ հիմնական խնդիրների կարգավորմամբ Արեւմուտքը միաժամանակ փորձում է լուծել նաեւ որոշ այլ հարցեր, ինչպես, օրինակ, Այսրկովկասում ռուսական եւ իրանական ազդեցության թուլացումը, Միջին Ասիայից դեպի Եւրոպա էներգակիրների անխափան փոխադրման ապահովումը կամ թեկուզ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Սփյուռքի ճնշման չեզոքացումը, սակայն միեւնույն է, այդ նկատառումները որեւէ չափով չեն կարող նսեմացնել հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման կարեւորությունը,– գործիք դառնալու իր նպատակի ազնվության ալիբին է փորձում ապահովել Լ. Տեր–Պետրոսյանը և ապա անցնում բուն թեմային, – Հայաստանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Եւրոմիության երկրների վարած քաղաքականության սխալը, հետեւաբար, ոչ թե նրանց հետապնդած նպատակի, այլ այդ նպատակին հասնելու ճանապարհի մեջ է։ Հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նրանք բացառիկ խաղադրույք են կատարել իրենց իսկ կողմից ոչ օրինակարգ, կոռումպացված եւ հանցագործ համարված Սերժ Սարգսյանի վրա, հաշվի չառնելով հասարակական կարծիքի կարեւորությունը եւ այդ գերզգայուն խնդիրների լուծման գործում ժողովրդի բավարար աջակցության անհրաժեշտությունը»։

Կարճ ասած՝ դրսի ուժերին հղած Տեր–Պետրոսյանի մեսիջը կամ նրանց առաջարկվող գործարքի էությունը հետևյալն է՝ «Հարգելիներս, եթե ուզում եք Հայաստանից զիջումներ կորզել, ապա դա արեք ի՛մ միջոցով, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի, քանի որ նրա հետևում ժողովրդի բավարար աջակցություն չկա։ Ինձ բերեք իշխանության և ես պատրաստ եմ ծառայել ձեր շահերին»։

Ինչ վերաբերում է հանրահավաքի եկածներին ուղղված մեսիջին, ապա այն հետևյալն էր. «Դուք պետք է գլխաքանակ ապահովեք, որպեսզի Արևմուտքը խաղադրույքն իմ վրա կատարի և ես կարողանամ իշխանության գալ, այլապես պարտությունը երաշխավորված է, քանզի առանց դրսի աջակցության հնարավոր չէ Սերժին փոխել ու մեզ կմնա միայն «Եղիազարի» հլու–հնազանդ «էջմիածնական միաբան» դառնալը»։ Մառազմն այն էր, որ այս մտքին կոնգրեսական շարքերից արձագանքեցին «Այո՜» վանկարկումով։ Ասել է թե՝ հանրահավաքի մասնակիցներն իրենց հերթին պատրաստ են դառնալ գործիքի գործիքը. կողմերը միմյանց արժանի են։ Ինչևէ։

Ի դեպ, «հիմնադիրն» իր «գործիքավորվելու» նպատակին հասնելու հարցում այնքան հեռու գնաց, որ նախապես պատրաստած հանրահավաքային ելույթի տեքստից շեղվելով դիմեց Արևմուտքին՝ պահանջելով չուշացնել և Հայաստանի հետ հենց հիմա վարվել այնպես, ինչպես, օրինակ, Լիբիայի։

Այսպիսով ևս մեկ անգամ հաստատվեց, որ ի դեմս ՀԱԿ–ի մենք գործ ունենք թուրք–ադրբեջանական շահերին համահունչ մոտեցումներ ունեցող և Հայաստանի անվտանգությանը սպառնացող կառույցի հետ։ Իսկ դա այլ կերպ, քան 5-րդ շարասյան ֆունկցիա չես որակի։

Ուշագրավ է, որ «ազատ, բայց սերժատու» հեռուստաընկերություններն այս անգամ ևս լայնորեն լուսաբանեցին 5–րդ շարասյան հանրահավաքը՝ մանրամասն ներկայացնելով Տեր–Պետրոսյանի խոսքը, ինչը վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանի նեղ թիմն ամեն ինչ անելու է, որպեսզի կոնգրեսականները պահպանեն իրենց դիրքերն ու հանրության մեջ ընկալվեն որպես տիտղոսային ընդդիմություն, քանի որ նման «ընդդիմության» ֆոնին «ֆուտբոլասերները» պետականակենտրոնության մարմնավորումների են վերածվում։ Բացի այդ՝ տերպետրոսյանական բնույթի «միաբանական» ուժը մշտապես կարող է ծառայեցվել «կայունության երաշխիքի» դերում, ինչին մենք բազմիցս ականատես ենք եղել։ Հետևաբար՝ ներքաղաքական այս «ստատուս քվոն» փոխելու և դաշտը սերժալևոնական մարգինալ ուժերից մաքրելու համար հանրային լայն կոնսոլիդացիա է պետք։ Հակառակ պարագայում՝ Ազատության հրապարակը կդառնա Հայաստանի անվտանգության հարցերը դրսի ուժերին աճուրդով վաճառքի հանելու առևտրային կենտրոն։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը