Լրահոս

19.09.2011 13:32


«Սարդարապատ» շարժում. «Այլընտրանքային նոր որակի գործընընթաց սկսելու համար ասպարեզ են գալիս նոր ուժեր»

Անկախության հանրաքվեի և Հայաստանի հանրապետության 20-ամյակը պատեհ առիթ է հասկանալու համար հայոց պետականության ներկա վիճակը և հեռանկարները:

Երրորդ հանրապետությունը լույս աշխարհ եկավ դառնալու համար այն անցումային միավորը, որը պետք է խորհրդային կայսրության փլատակների տակից հաներ Խորհրդային Հայաստանը, ստեղծեր հայկական բանակ և ազատագրեր Արցախը,` դարձնելով Հայաստանը միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ:

Սակայն Հայաստանի Հանրապետության իրար հաջորդող վարչախմբերը միայն արտաքնապես ձևափոխեցին խորհրդային կառավարման համակարգը, և ոչ միայն չմաքրեցին երկիրը կոռուպցիայի ժանգոտ շերտից, այլև այն զարգացնելով հասցրեցին բարոյա-հոգեբանական «փտախտային» վիճակի` կանգնեցնելով ժողովուրդը վերոհիշյալ պատմական ձեռքբերումների ճակատագրական կորստի իրական վտանգի առջև: Արդյունքում, հանրապետությունը այս տարելիցը նշում է ոչ որպես ուժերի ծաղկման շրջանում գտնվող «երիտասարդ», այլ որպես «զառամյալ ծերունի», որի  «վայ» վերնախավը ոչ միայն  անկարող գտնվեց անկախ երկիր ստեղծելու, այլև  իր հանցավոր կառավարմամբ հայրենիքը հասցրեց  սնանկության այնպիսի մի եզրի, որից փրկվելու միակ միջոց է թվում Հայրենիքից արտագաղթ-փախուստը:

Մեծ հաշվով ամբողջ հայրենաբնակ ժողովուրդը պատրաստ չեղավ դիմագրավելու մահաբեր ճառագայթների նման անտեսանելի և գլոբալիզացիացման նոր «շորեր» հագած հին թշնամուն` նյութապաշտությանը: Այդ պայմաններում ազգային արժեքային ավանդական համակարգը դրսևորեց իմունային անբավարարություն և չկարողացավ պայքարել վայրի ընչաքաղցության, անմարդկային դաժանության և մարտնչող տգիտության վարակների դեմ: Արդյունքում Հայաստանի հասարակությունը ոչ միայն չհասավ  իրական անկախության, այլև գլորվեց օտարման «ճահիճը»`  քաղաքա-տնտեսական «վերնախավի» օտարում երկրից, պետականությունից և ժողովրդից, հասարակության օտարում իշխանությունից, հասարակության անդամների օտարում մեկը մյուսից եւ ի վերջո ամենավտանգավորը` հասարակության օտարում իր հայրենիքից։

Սակայն այլընտրանքային նոր որակի գործընընթաց սկսելու համար ասպարեզ են գալիս նոր ուժեր: Նոր ուժեր, որոնք արտահայտվում են օրեցօր ավելացող և թափ հավաքող բազմազան քաղաքացիական նախաձեռնությունների տեսքով, որոնց հաջողությունները վկայում են Չորրորդ հանրապետությամբ հղի նոր իրականության մասին: Այս նոր որակը շեշտակիորեն հակադրում է իրեն նյութապաշտության, հակամարդկայնության և ապազգայնության մարմնավորում դարձած` քրեածին օլիգարխներից բաղկացած, և դրսերում օտար հովանավորող փնտրող  իշխող խառնուրդին:

Երրորդ hանրապետության «խավարի» խտանալուն հետևելու է նրա «ձմեռվա» ավարտը: Ու ծնվելու է Չորրորդը և դեռ գերելու է իր ծննդյան «գարնանային» ողջ հմայքով և  մեր ժողովրդի նորանալու հավերժական կարողությամբ, վերջ տալու համար արտագաղթին, տնտեսական անկմանը, և հալածանքներին: Չորրորդ hանրապետության ժողովուրդը ոչ միայն ազատվելու է իր վզին փաթաթվող ճորտի կարգավիճակից, այլև ներշնչվելով իր մոտ և հեռու անցյալի լավագույն զավակների ցուցաբերած արծվային վարքով` լինի դա Արցախյան հերոսամարտ, Սարդարապատ թե Ավարայր, տեր է դառնալու  իր նորացող երկրին ուղղակիորեն մասնակցելով իր ճակատագրին առընչվող բոլոր որոշումների կայացմանը: Հայը, լինի նա հայրենաբնակ թե աշխարհասփյուռ, իրավամբ հյուր չի լինելու իր հայրենիքում, և իր ճակատագիրն ինքն է որոշելու …

Շնորհավորելով Հայաստանի և սփյուռքի բոլոր առողջ ուժերին անկախության 20-ամյակի կապակցությամբ այդուհանդերձ դատապարտում ենք ներկա ողբերգական վիճակից ուշադրությունը շեղող և տոնակատարությունը “ժանտախտի ժամանակ խրախճանքի“ վերածող բոլոր փորձերը և կոչ ենք անում ընդլայնել պայքարը կեղեքող իշխանավորների դեմ` հասնելու համար նրանց հեռացմանը։

«Սարդարապատ» շարժում

Այս խորագրի վերջին նյութերը