Խմբագրական

18.09.2011 16:12


Հերթական թամաշան չստացվեց

Հերթական թամաշան չստացվեց

Նախագահ դառնալուց ի վեր Սերժ Սարգսյանի հանրային կառավարման և սեփական քաղաքական դիմագծի կերտման կարևորագույն գործիքը դարձավ թամաշաների կազմակերպումը, կամ այլ կերպ ասած՝ «նախաձեռնողականությունը», որն ընդամենը կարճաժամկետ արդյունք տվեց՝ ի վերջո վերածվելով տարատեսակ անեկդոտների թեմայի։

«Եթե հաց չենք կարողանում ապահովել, ապա գոնե խրախճանքներով կերակրենք ժողովրդին»,– ամենայն հավանականությամբ մտածում է Սարգսյանն ու անցնում գործի՝ չկարողանալով որակ ապահովել անգամ այդ հարցում։

Դատելով ամենից՝ կեվորկովյան կուսպրոպագանդայի դպրոցն անցած Սարգսյանը կարևորում է միայն քաղաքական գործընթացների արտաքին փայլը և ընդունվող որոշումների խորաթափանցության իմիտացիան։ Այսինքն՝ ցանկացած երևույթի կամ քաղաքական քայլի ձևը նրա մոտ ավելի կարևոր տեղ ունի, քան բովանդակությունը, իսկ շատ հաճախ ձևն ընդհանրապես բովանդակազուրկ է։ Որպես հետևանք՝ Սարգսյանը պարբերաբար տապալվում է, բայց քանի որ ունի սովետական նախկին ցածրակարգ չինովնիկներին բնորոշ հնամաշ պատկերացումներ և կարծրացած մտածողություն, ուստի՝ «նախաձեռնողականությունը» շարունակական բնույթ է կրում։

Սարգսյանին դուր է գալիս նաև «աննախադեպության» էֆեկտի ապահովումը, մանավանդ եթե ինքն է դառնում նախաձեռնած թամաշայի «աննախադեպ» հերոսը։ Պատահական չէ, որ ՀՀԿ «ճկուն» նախագահի այս կամ այն քայլը ներկայացնելիս՝ «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցների մատուցած տեղեկատվական արտադրանքում հաճախ ենք հանդիպում «առաջին անգամ», «աննախադեպ» և այլ նմանատիպ բնորոշումների։

«Նախաձեռնողական» թամաշայի առաջին սերիան հայ–թուրքական «ֆուտբոլն» էր։ Այն իրոք աննախադեպ էր իր հակապետական բնույթով ու դիլետանտատիզմի վառ դրսևորմամբ։ Բայց դա հարցի երկրորդական կամ նույնիսկ երրորդական կողմն էր իշխանական թիմի համար, քանզի նրանք կարևում էին այն, որ Սարգսյանը հայտնվել էր միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Նախագահականի սազանդարներն այդ օրերին խոսում էին Հայաստանի «նյուզմեյքեր» դառնալու մասին ու, բնականաբար, նրանցից որևէ մեկին չէր հետաքրքրում գործընթացի բովանդակային կողմը. գլխավոր խնդիրը Սարգսյանի աթոռը պահելն էր ու «աննախադեպության» ապահովումը։

Սերժսարգսյանական թամաշաների շարքին կարելի է դասել նաև Մարզահամերգային համալիրում կազմակերպվող նախագահի հանդիպումները Հայաստանում գրանցված մի քանի տասնյակ հայտնի և անհայտ կուսակցությունների հայտնի ու անհայտ ղեկավարների հետ։ Համալիրում 5-6 ժամ ձգվող դատարկախոսությանը հաջորդեց Հանրային խորհրդի նիստերի փոքր դահլիճում մեկնարկած, իսկ հետագայում արդեն Կառավարության ընդունելությունների տանը շարունակված գյալաջին՝ իշխանություն–ՀԱԿ «երկխոսության» տեսքով։

«Երկխոսությունն» այդ, ինչպես հայտնի է, չդիմանալով առանց դնչկալի ման եկող շան փորձությանը, առկախված է և Սարգսյանին մի նոր՝ աննախադեպ բան էր պետք եկել, և օրերս նա հրավիրել էր Ռոբերտ Քոչարյանին ու Լևոն Տեր–Պետրոսյանին՝ մասնակցելու ՀՀ անկախության 20–ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին, բայց վերջիններս ուղղակի կամ անուղղակի ձևով չընդունեցին այդ հրավերքը և չցանկացան դառնալ Սարգսյանի «նախաձեռնողականության» մասնակիցները։ Ասել է թե՝ Բաղրամյան 26–ի պատերի ներսում պլանավորված քարոզչական հերթական պղպջակը պայթեց, ու տակը մնաց միայն աննախադեպ հրավերքը։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Մի փոքր զարմանալի էր, որ ՀԱԿ առաջնորդը չընդունեց Սերժ Սարգսյանի հրավերքը և որպես Գերագույն խորհրդի նախկին նախագահ չի մասնակցելու Հովիկ Աբրահամյանի կազմակերպած միջոցառմանը։ Չէ՞ որ Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական հիմնական նպատակը «Եղիազար Այնթապցու» հլու–հնազանդ «էջմիածնական միաբան» դառնալն է, և շանսը ձեռքից բաց թողնելն անհեռատես քայլ էր։

Կարծում եմ, որ ձևականություններն ավելորդ են, և երկխոսամոլ Տեր–Պետրոսյանն առանց չեմուչում անելու պետք է գնար ԱԺ, համ էլ՝ ձեռքի հետ տեղում կծանոթանար այն տարածքին ու մի պահ կհայտնվեր պետական իշխանության այն ճյուղում, որտեղ ինքը, 2012–ին սպասվող խորհրդարանական հերթական ընտրություններին մասնակցելով, միգուցե կարողանա 5-6 հոգանոց խմբակցություն ունենալ։

Այս խորագրի վերջին նյութերը