Խմբագրական

20.08.2011 10:37


Սերժ Սարգսյանը և 5–րդ շարասյունն ընդդեմ պետականության

Սերժ Սարգսյանը և  5–րդ շարասյունն ընդդեմ պետականության

Կարծում եմ արդեն բոլորն են համոզվել, որ Սերժ Սարգսյանը «նախաձեռնողական» գործիչ է։ Նա նախաձեռնեց հայ–թուրքական «ֆուտբոլն» ու այնքան էր տարվել Գյուլի հետ «երկխոսելու» գաղափարով, որ մեկ գիշերվա մեջ «մեյդան» հանեց տխրահռչակ արձանագրություններն ու ձեռքի հետ էլ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի տարբերանշանի վրայից անհետացրեց Արարատի պատկերը։ Դրանից հետո տեղի ունեցած Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային խաղի ընթացքում Ծիծեռնակաբերդի լույսերն անջատել տալն արդեն լրիվ տեղավորվում էր Սարգսյանի «երկխոսական» տրամաբանության մեջ։ Թե ինչ եղավ «ֆուտբոլի» արդյունքում՝ մանրամասնելու կարիք չկա։

Անփառունակ ավարտելով արտաքին քաղաքական «նախաձեռնողականությունը»՝ Սարգսյանն այժմ էլ անցել է ներքին «նախաձեռնողականությանը»։

Չգիտեմ ուզում է, թե չի ուզում ՀՀԿ «ճկուն» ղեկավարը, բայց Գյուլ–Սարգսյան «երկխոսությանը» փոխարինած սերժալևոնական «երկխոսության» թիրախը կրկին մեր պետականությունն է դարձել։ Այս փուլում հարվածի տակ է հայտնվել ոստիկանական համակարգը, որին հետևողականորեն վարկաբեկում են՝ զուգահեռաբար վարկաբեկելով նաև Հայաստանի Հանրապետությանը։

Հարցն այն չէ, թե ՀՀ ոստիկանությունը կատարյալ կառույց է և չունի արմատական բարեփոխման կարիք, բայց երբ մեր երկրում 5–րդ շարասյան ֆունկցիա կատարող ուժերը, օգտվելով Սարգսյանի «երկխոսամոլությունից», դառնում են արտոնյալ շերտ ու համապատասխան վարքագիծ դրսևորում ոստիկանության հետ հարաբերվելիս, ապա պարզ է դառնում, որ  «շախմատային» դիվանագիտությունը շարունակելու է «ֆուտբոլայինի» ավանդույթները։ Արդյունքում՝ տուժելու են հա՛մ Սարգսյանը, հա՛մ Հայաստանը։  Սարգսյանն, ինչպես ասում են, «գլուխը քարը», նրա տուժելուց վնաս չկա, բայց, դատելով զարգացումներից, նախևառաջ տուժում է մեր երկիրը՝ դառնալով դասական ավազակապետություն, որտեղ օրենսդիր, գործադիր և դատական մարմիններին ու Սահմանադրությանը փոխարինելու է գալիս գողական «սխոդկա» հիշեցնող «երկխոսությունը»։ Պետական մարմինների որոշումներն արդեն կայացվում են «երկխոսական» նպատակահարմարությունից ելնելով և հաշվի առնելով Ս. Սարգսյանի «հանդուրժող» իմիջի ապահովման հանգամանքը։

Չեմ զարմանա, եթե վաղը (հանուն «երկխոսության») արդեն թիրախ դառնա հայկական բանակը և «երկխոսողների» քննադատության առարկայի վերածվեն մեր ազատամարտի բոլոր մասնակիցները, որոնց շուտով երևի կմեղադրեն պատերազմի տարիներին Ղարաբաղի վրա հարձակված ադրբեջանցի զինվորների կյանքի իրավունքը ոտնահարելու մեջ։

Նկատենք, որ 5–րդ շարասյան համար Հայոց պետականության հետ առնչվող բոլոր կառույցներին վարկաբեկելը մեծ դժվարություն չի ներկայացնում, մանավանդ որ նրանք ի դեմս Սերժ Սարգսյանի ունեն դաշնակից ու հովանավոր։

Այնպես որ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այնքան էլ ամբողջական չի ձևակերպում իր միտքը, երբ խոսում է ոստիկանաորսի մասին։ Որս կա, բայց դա ոչ միայն ոստիկանաորս է, այլ մի ամբողջ պետության որս։

Որսն այդ, կամա թե ակամա, սկսել է ի պաշտոնե մեր երկրի ուժային կառույցների գլխավոր հրամանատար համարվող Սերժ Սարգսյանը, ով արդեն, պատկերավոր ասած, պետականությանը սպառնացող  չարորակ ուռուցքի է վերածվել։ Հետևաբար՝ կա՛մ ուռուցքը պետք է հեռացնել, կա՛մ հետևել, թե ինչպես է մետաստազներ տալիս հիվանդությունը և նպաստում պետության փլուզմանը։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Եթե այսպես շարունակվի, ապա վաղը հայ զինվորը, շառից ու փորձանքից հեռու մնալու նպատակով, կարող է գերի չվերցնել սահմանախախտ ադրբեջանական դիվերսանտին։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիևի հետ էլ կարող է «երկխոսական» քիրվայություն նախաձեռնել ու հանուն այդ գործընթացի շարունակականության՝ վարկաբեկել պաշտպանության նախարարությանը և պատասխանատվության ենթարկել դիվերսանտին համապատասխան վերաբերմունք ցույց տված մեր սահմանապահին։ Ադրբեջանին այդ ամենին հասնելու համար պետք կլինի ընդամենը հետևյալ հայտարարությունը տարածել. «Օգտվելով Սերժ Սարգսյանի Հայաստանում չլինելու հանգամանքից՝ հայ զինվորը գերի է վերցրել ադրբեջանցու։ Չի բացառվում, որ Հայաստանի զինված ուժերում կան որոշ ուժեր, որոնք ցանկանում են վիժեցնել հայ–ադրբեջանական երկխոսությունը։ Եթե Սարգսյանն ուզում է շարունակել մեզ հետ հանդիպումները, ապա պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի ու պատժի այդ հանդուգն հայ զինվորին և ազատ արձակի Հայաստան այցելած ադրբեջանցի զբոսաշրջիկին»։

Այս խորագրի վերջին նյութերը