Խմբագրական

09.08.2011 16:14


Պարտված գաղափարախոսության վերջին մոհիկանները

Պարտված գաղափարախոսության վերջին մոհիկանները

Հայաստանի հանրությանը վերջերս մի հրապարակմամբ իր մասին հիշեցրեց տխրահռչակ Ժիրայր Լիպարիտյանը։

ՀՀ նախկին նախագահի նախկին խորհրդականն ամերիկայն հեռավորությունից մտահոգվել էր արտագաղթով։  Այնքան էր մտահոգվել արտագաղթով ու միևնույն ժամանակ ոգևորվել սերժալևոնական «երկխոսությամբ» ու սեփական գաղափարական գիծն անցկացնելու հնարավորությամբ, որ շտապել էր արտագաղթը կապել Ղարաբաղի հարցի գոյության հետ և հույս հայտնել, որ «երկխոսողները» կհանգեն այն բանին, որ պետք է կամք դրսևորել, կատարել Իլհամ Ալիևի ու Էրդողանի պահանջները։ Դրանից հետո, ըստ Լիպարիտյանի, միջին հայաստանցին կսկսի լավ ապրել ու չարտագաղթել։

Թողնենք այն հարցը, թե արդյոք բարոյակա՞ն է արտագաղթի թեմայով խոսելն այն դեպքում, երբ ինքդ Հայաստանում ես գտնվել միայն որպես նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին կից պաշտոնյա, իսկ վերջինիս իշխանությունից զրկվելուց հետո անմիջապես ճողոպրել ես ԱՄՆ և Հայաստանի տեղը կրկին հիշել այն ժամանակ, երբ 2008–ի նախագահական ընտրության արդյունքում իշխանության վերադառնալու շանս ես տեսել, կամ էլ հարկ ես համարել գոյությանդ մասին հիշեցնելու, երբ սկսվել է Հայաստանի անվտանգությանն սպառնացող «ֆուտբոլային» դիվանագիտությունը, որի բուռն շրջանում նախկին շեֆիդ հետ միասին աջակցել ես Սերժ Սարգսյանի անհեթեթ «նախաձեռնողականությանը»։

Հարցի բարոյական կողմը շրջանցենք և տեսնենք, թե քաղաքական առումով ի՞նչ է ասում և ի՞նչ կոչ է անում ամերիկահպատակ քաղաքագետը։

Ըստ Լիպարիտյանի՝ Հայաստանի արտագաղթի պատճառն այն է, որ Հայաստանն ունի փակ սահմաններ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Նրա առաջարկած լուծումը հետևյալն է. Հայաստանին «երկխոսության» միջոցով անհրաժեշտ է ձևավորել այնպիսի իշխանություն (իր համար ցանկալին Տեր–Պետրոսյանի նախագահությունն է, իսկ եթե չստացվի, ապա Սերժ Սարգսյանն էլ պակաս Լևոն չէ), որը կամք կդրսևորի ու կբավարարի թուրք–ադրբեջանական նախապայմանները։ Այսինքն՝ Լիպարիտյանն առաջարկում է գնալ նվաստացուցիչ ու միակողմանի զիջումների, իսկ, ավելի ճիշտ, կապիտուլյացիայի։ Այս ամենի անունը դրել են պրագմատիզմ, այնինչ սա հակապետական մտածողության և ինքնաոչնչացման տանող ճանապարհ է։ Ճիշտ այնպիսի ճանապարհ, ինչպիսին առաջարկում էին իրենց ազգային «ես»–ից փախչող և քեմալական Թուրքիայով հիացած հայ բոլշևիկները, ովքեր, ի վերջո,  նպաստեցին Կարսի անկմանը։

«Եթե Հայաստանը ցանկանում է գոյություն ունենալ իբրև կենսունակ պետություն, և եթե հայերը ցանկանում են լինել և ապրել այս երկրում, պետք է մեր ունեցած հարևանների հետ հաշտ ապրենք, պետք է լուծենք նրանց հետ ունեցած հակամարտությունները»,– մի փոքր այլ նախադասություններով ներկայացնելով Տեր–Պետրոսյանի «սերգոջանային» թեզերը՝ խելք է խրատ տալիս Լիպարիտյանը։

Ինչպես հայտնի է՝ և՛ Լիպարիտյանը, և՛ Տեր–Պետրոսյանը «հարևանների հետ հակամարտությունների լուծում» ասելով հասկանում են Ղարաբաղի մասով փուլային տարբերակի կիրառումը, որի արդյունքում Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում է հայտնվելու, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը տերպետրոսյանական շրջապատն ու կից գործող գաղափարական սազանդարները տեսնում են, ըստ էության, ցեղասպանության հարցը մոռացության տալու գնով։

Լիպարիտայնն իր հոդվածում այնքան է ցանկացել առաջ տանել հոգեհարազատ քաղաքական գիծը, որ նույնիսկ դիմել է էժանագին դեմագոգիայի՝ կեղծ հակադրություն դնելով բարեկեցիկ կյանքի ու ՀՀ անվտանգության խնդիրներին հետամուտ լինելու միջև։

«Ժամանակն է հատկապես, որ նրանք, ովքեր սփյուռքում ու Հայաստանում Ցեղասպանության ճանաչումն ամենաառաջնահերթ հարցի են վերածել, որոշեն, թե արդյո՞ք այս պահին ավելի կարևոր է այն, որ ԱՄՆ կամ որևէ այլ երկրի նախագահ գործածի Ցեղասպանություն տերմինը, թե՞ այն, որ Հայաստանում մի գյուղ բավարար ենթակառուցվածք ձեռք բերի, որպեսզի գյուղացիները կարողանան կանգուն տնտեսություն ստեղծել, ինչը նրանց համար իրենց սեփական երկրում մնալն ավելի տանելի կդարձնի, քան Սիբիր արտագաղթել»,– նշում է Լիպարիտյանը՝ սոցիալական խնդիրների տակ կքած հայաստանցուն դնելով ստամոքսով մտածող անհայրենիք բոմժի և դեպի պանրով լի թակարդը շտապող մկան տեղ՝ չնկատելով, որ նման մտածողությամբ ինքն է քաղաքական բոմժի վերածվում։

Թե որքանո՞վ են օգտակար ու հայաստանակենտրոն Լիպարիտյանի հեռուներից տրվող գնահատականները, խորհուրդներն ու առաջարկները՝ կարող ենք դատել նաև Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության» բացասական արդյունքներով։  Ճշմարտության չափանիշը պրակտիկան է, իսկ պրակտիկան ցույց տվեց, որ նույնիսկ կես քայլ անելով տերպետրոսյանների ու լիպարիտյանների դավանած գաղափարախոսության ուղղությամբ՝ Հայաստանը հայտնվում է այնպիսի անմխիթար վիճակում, ինչպիսին առկա է այսօր։

Սերժ Սարգսյանը խայտառակ ձևով պարտվեց «ֆուտբոլում»՝ իր ճակատագրին արժանացնելով նաև Տեր–Պետրոսյանին ու նրա գաղափարական հետևորդներին։ Այսինքն՝ այժմյան «երկխոսությունը» պարտված գործիչների յուրօրինակ ակումբ է, որի օգնությամբ ՀՀԿ «ճկուն» ղեկավարը փորձում է ապահովել իր վերարտադրությունը, իսկ տերպետրոսյանականները ձգտում են Սարգսյանի օժանդակությամբ խուսափել քաղաքական աղբանոցում վերջնականապես հայտնվելու հեռանկարից։

Այլ կերպ ասած՝ Ժիրայր Լիպարիտյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը և մյուս «ֆուտբոլասերները» Հայաստանի համար 5–րդ շարասյան ֆունկցիա կատարող սուբյեկտներ են, ովքեր լինելով պարտված քիրվայական գաղափարախոսության վերջին մոհիկանները, փորձում են իրենց քաղաքական գոյությունը երկարաձգել «երկխոսության» օգնությամբ, սակայն լինելով ոչ հայաստանակենտրոն՝ նրանք դատապարտված են։ Համատեղ պարտվեցին «ֆուտբոլում», պարտվելու են նաև «շախմատում»։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը