Կարծիք

23.02.2022 09:40


Եթե Ադրբեջանը մաս կազմեց ԵԱՏՄ-ին, ապա ՀՀ-ի ողջ տարածքը վերածվելու է միջանցքի. քաղաքագետ

Եթե Ադրբեջանը մաս կազմեց ԵԱՏՄ-ին, ապա ՀՀ-ի ողջ տարածքը վերածվելու է միջանցքի. քաղաքագետ

Նախագահ Պուտինի հայտարարությունից հետո Հայաստանում ամենաքննարկվող հարցն այն է, թե ՀՀ-ն նույն կերպ չէ՞ր կարող ճանաչել Արցախի անկախությունը 44-օրյա պատերազմի ընթացքում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից Լուգանսկի և Դոնբասի անկախությունը:

«Երեսուն տարիների ընթացքում Հայաստանի իշխանություններն ունեցել են հնարավորություն ճանաչելու Արցախի անկախությունը: Առաջինը՝ 1994 թ., որը ամենակարևոր ժամանակն էր, քանի որ Հայաստանը հաղթել էր Ադրբեջանին և այդ հաղթանակով լեգիտիմացրել էր Արցախի անկախության ճանաչումը: Երկրորդը՝ 2016 թ., թեև այդ ժամանակ իշխանությունն ասաց, որ, եթե շարունակվի պատերազմը, ապա իրենք կճանաչեն Արցախի անկախությունը: Իսկ երրորդը՝ 2020 թ.: Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորություն մենք ունեցել ենք, այլ խնդիր է՝ չենք ցանկացել: Իսկ երեկ Պուտինը «մաստերկլաս» ցույց տվեց, թե ինչ է պետք անել. ճանաչել անկախությունը, փոխօգնության պայմանագիր կնքել և համապատասխան գործողություններ իրականացնել, որպեսզի տեղի բնակչությունը չենթարկվի ցեղասպանության: Ոչ ոք հստակ չի կարող ասել, թե այս իրադարձություններն ինչպե՞ս կանդրադառնան, ի՞նչ հետևանքներ կունենան մեր տարածաշրջանի վրա: Ռուսական կողմը ճիշտ է ասում՝ անկախ նրանից՝ Ռուսաստանը կճանաչի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը, թե ոչ, Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառեր Ռուսաստանի դեմ: Եվ եթե պատժամիջոցներն է կոշտ արձագանք, ապա Ռուսաստանը կշարունակի վարել այն քաղաքականությունը, ինչ վարում է ներկայում: Երեկ Պուտինը բառացիորեն ասում էր, որ խորհրդային հանրապետություններն ինչ կազմով, ինչ օժիտով մտել են ԽՍՀՄ-ի կազմի մեջ, ապա այդ օժիտը պետք է թողնեն: Մասնավորապես՝ նույն Ադրբեջանի մասով, եթե չլիներ ԽՍՀՄ-ը, ապա իրենք չէին ստանա Արցախը և Նախիջևանը»,-ասաց Բենիամին Մաթևոսյանը:

Ըստ քաղաքագետի՝ ռուսական քաղաքականությունը նույն տրամաբանությամբ շարունակվելու է. երեկ մենք ականատես եղանք այդ քաղաքականության մի փոքր արարի: Արդյո՞ք Հայաստանի ներկայիս իշխանությունները կկարողանան այնպիսի քաղաքականություն վարել, որ ապագայում Ռուսաստանը ճանաչի Արցախի անկախությունը. Բ. Մաթևոսյանի կարծիքով՝ այս իշխանություններն իրենց ձեռքերը լվացել են Արցախից: Շուշիի թուրք-ադրբեջանական տխրահռչակ հռչակագիրը ցուց տվեց, որ այդ համաձայնագիրը եռակողմ էր. հայկական կողմը դրական գնահատեց՝ առանց հստակ քաղաքական գնահատականներ տալու:

«Խոսել՝ հայկաական կողմը հետագայում քայլեր կանի՞, որ ռուսական կողմը ճանաչի Արցախի անկախությունը, ապա դա ֆանտաստիկայի ժանրից է: 44-օրյա պատերազմի ընթացում Ռուսաստանից գալիս էին ազդակներ, որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, պետք է դիմել Ռուսաստանին, որ գա տարածաշրջան և հակաահաբեկչական գործողություններ իրականացնի: Ռուսական կողմը հստակ ուղերձներ էր հղել, բայց այս իշխանությունների նպատակը ոչ թե Արցախի անկախության ճանաչումն էր, այլ, ամեն գնով թուրքերի հետ հարաբերություններ հաստատելը: Այժմ ակնկալել, որ այս իշխանությունները պատերազմի ընթացքում այդ ուղղությամբ ոչինչ չանելուց հետո ինչ որ քայլ կանեն, դա անհնար է: Ինչ վերաբերում է ռուս խաղապահներին, ապա այդ բոլոր քայլերը Ռուսաստանն է անում: Ստացվում է այնպես, որ, երբ Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը, Ալիևը առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով այցելում է Ռուսաստան: Ինքը չի ճանաչելու այդ հանրապետությունների անկախությունը, բայց Ռուսաստանը քայլեր է կատարում, որպեսզի Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազաներ չլինեն»,-ասաց Բենիամին Մաթևոսյանը:

Հիշեցնենք՝ այսօր ընթանում է Պուտին-Ալիև հանդիպումը, ըստ որի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագիր կստորագրվի: Իսկ թե ինչ բովանդակության հռչակագիր կստորագրեն կողմերը, ըստ քաղաքագետի՝ տարբերակներից մեկը այն է, որ Ադրբեջանը մաս կազմի ԵԱՏՄ-ին, ինչը կարող է ձևակերպվել «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանության մեջ:

«Եթե Ադրբեջանը մաս կազմի ԵԱՏՄ-ին, ապա «Զանգեզուրի միջանցքի»՝ առանց մաքսակետերի հսկության անցնելու խնդիրը կլուծվի: ԵԱՏՄ-ի շրջանակներում Ադրբեջանը կարող է ձևավորել «Զանգեզուրի միջանցք», որը կլինի ոչ թե Սյունիքով, այլ ՀՀ-ի ողջ տարածքով: Սա ոչ միայն ՀՀ-ի շահերին է դեմ, այլև այն քարոզչությանը, որ այս իշխանությունները տանում են: Հայաստանի շահերի հաշվին ինչ որ գործողություններ իրականացվելու են, բայց սա տրամաբանական է. եթե դու քեզ դրել ես ոչ թե սյուբեկտի, այլ օբյեկտի կարգավիճակում, ապա քո շահերի հաշվին Ռուսաստանն էլ իր խնդիրները կլուծի, Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ, հնարավորության դեպքում Իրանն էլ: Սա է իրականությունը: Մենք տեսնում ենք, որ մեր տարածաշրջանում հիմնական խաղացողը Ռուսաստանն է, որը կարողանում է հողի վրա ամուր մնալ և առաջ տանել իր շահերն այլ երկրների շահերի հաշվին»,-եզրափակեց Բենիամին Մաթևոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը