Խմբագրական

21.04.2009 18:13


Իրականություն և համառություն

Իրականություն և համառություն

Կառավարման մեջ՝  համառությունը   լավ  հատկանիշ  է,   եթե  այն   արդարացված  է   և  ժամանակի  ընթացքում  որոշակի  արդյունքներ  է  ապահովում։ Իսկ  եթե  համառությունը  վերածվում է   «կողի  ընկնելու»,    ապա  հետևանքները   կարող   են  ցավալի  լինել ինչպես կառավարման սուբյեկտի, այնպես էլ՝ օբյեկտի համար։

Հայաստանում  տնտեսական  ռեցեսիայի  փուլ է։ Այլ  խոսքերով՝  տնտեսական   անկում։ Երկրում առկա է ստագֆլյացիա կոչվածը՝ ինչը նշանակում է գների և գործազրկության մակարդակների միաժամանակյա աճ։ Նորմալ պայմաններում կամ գործազրկությունն է գլխացավանք դառնում իշխանությունների համար, կամ՝ գների աճը։ Հիմա երկու «երնեկ» մի տեղ է ու դրա համար էլ ճգնաժամ է կոչվում։  

 Պաշտոնական  վիճակագրությունն  այս տարվա հունվար-մարտին   արձանագրել  է   ՀՆԱ-ի  աճի տեմպի 6,1%  նվազում։ Ընդ  որում՝  վերջին  տարիների  տնտեսական  աճի   լոկոմոտիվներ  հանդիսացող   շինարարության   և  ծառայությունների  ոլորտների  աճի  տեմպերը  կազմել  են   համապատասխանաբար՝ 78,1  և  99,3  տոկոս։  Այսինքն մեր  տնտեսության  երկնիշ տնտեսական աճի  «կանյոկները»՝ է՛լ  նախկին   «փայլը»   չունեն,   և  այդ  միտումները, թերևս,   կպահպանվեն։

Մինչև  2008  թվականը՝  նույն  շինարարության  ոլորտում  բազմամիլիոնանոց  գումարներ  էին  ներդրվում։  Ճիշտ  է,   այդ  գումարների  մի  մասը  կասկածելի  ծագում  ունեին,  բայց  մտնելով  տնտեսության  մեջ՝  մուլտիպլիկատիվ  էֆեկտներ  էին  առաջանցում՝ աշխատավարձերի,   շինանյութերի  առքուվաճառքի  աշխուժացման  և  այլնի տեսքով։ Այժմ  այդ  շինարարական  «փուչիկը»  պայթել  է։ Սրան  էլ  եթե  ավելացնենք  դրսից   ուղարկվող  գումարների  նվազեցումը,  որն  այս  տարի,  նախորդ  տարվա  նույն  ժամանակահատվածի  համեմատությամբ,  ավելի  քան  20%  է  կազմում,  ապա  պարզ  կդառնա,  որ  տնտեսության  մեջ  փողի  դեֆիցիտի  խնդիրը  դառնում  է անկյունաքարային։ Իսկ    փողի  դեֆիցիտը    հասարակության  լայն  շերտերի  մոտ՝  դա նշանակում  է  սպառման  ծավալների  անկում,   որն  էլ  արդեն  իր  արտացոլումն է   ստանում  արտադրության  և  առաջնային սպառման ապրանքների ներմուծման  ծավալների  կրճատման  տեսքով։ Այս   տարվա  հունվար-մարտ   ամիսներին   արձանագրվել  է  արտաքին   առևտրաշրջանառության  անկում՝ 27,7%-ով։ Նվազել  է    և՛  արտահանումը, և՛  ներմուծումը։

Հետաքրքրական է, որ արդյունաբերական արտադրանքի,  գյուղատնտեսության, շինարարության,  ծառայությունների,  արտաքին    առևտրաշրջանառության  և  այլ  ցուցանիշների  անկման  ֆոնին՝   աճ   է   արձանագրվել (3,9%)  մանրածախ  առևտրի  շրջանառության  մեջ։ Սա,  ենթադրաբար,  պայմանավորված  է  ՀԴՄ-ների   ներդրման  գործընթացով,   որի  օգնությամբ  ֆիքսվող ծավալների ավելացում է ապահովվել  և  զուտ  թվերի   առումով    աճ   է  ստացվել,   բայց   առևտրի  փաստացի  անկման  մասին    կարող  են    հավաստել   բոլոր  տնտեսվարող  սուբյեկտները։

Հիմա   «կառավարման    համառության»  մասին։  2009 թվականի  պետբյուջեն   ընդունելիս՝   կառավարությունը՝  9,2 %   տնտեսական  աճ   էր  կանխատեսել  և,  ըստ  այդմ,  2008-ի  համեմատ  ավելացվել  էր  բյուջեի  և՛ ծախսային,   և՛ եկամտային  մասը։ Մինչ  այդ,  նախագահական  ընտրություններից  հետո  ձևավորված  նոր  կառավարությունն  իր  գործունեության  ծրագրով՝  2008-2012 թվականներին  ակնկալել  էր  ՀՆԱ-ի    8-10%  իրական  աճ։ Եթե  հիշում  եք՝  ծրագրի  ներկայացումը   «կենացների»  շքերթով  էր   ուղեկցվում.  Է՛լ  միջազգային  տարատեսակ  կենտրոնների ստեղծում,   է՛լ  սիլիկոնային  հովիտներ,  է՛լ օֆշորային   «դաշտավայրեր» ու «պոստինդուստրիալ արոտավայրեր» և  այլն։  Մի  խոսքով,  «նյուվասյուկիզմն»   ազգային   դրսևորում    էր   ստացել։

Այդ  փուլն  անցանք։ Այսօր  Դիլիջանի   անշարժ  գույքի  շուկայում  «հետմիջազգային»   անդորր  է,   իսկ   «միջազգայնացման»  օրերին,  երբ  տարբեր  պաշտոնյաներ  անընդհատ  այցելում  էին   «դեպքի  վայր»,    դիլիջանցիները  «շշկռվել»  էին    և   սպասում  էին,   որ  շուտով  Դիլիջանի  անշարժ  գույքի  գները  կբարձրանան՝  Երևանի  կենտրոնի  գների չափով։ Սկսվել  էր   ակտիվ   առքուվաճառքի   ու   շինարարական  ներդրումների   փուլ։ Մարդիկ  իրենց  գումարները  ներդնում  էին  շինարարության  մեջ  և  նույն  երևանյան  «փուչիկը»  փչվում  էր  գողտրիկ  Դիլիջանում՝  «Հեսա  գները  «թռնելու»  են»  թեմայով։ Գները  «չթռան»,   միջազգային  ֆինանսական  կենտրոն՝  Դիլիջանը  չդարձավ,   բայց  ահագին  մարդ  «քաշվեց»՝  սպասվող  «գլոբալացման»  արդյունքում։

Փաստորեն,   կառավարությունը  դրական  ազդակներ  փոխանցեց  Դիլիջանի  ժողովրդին  ու  հիմա  մոռացել  է   այդ  մասին։ «Ճգնաժամ  է», - կարող  են  արդարանալ   նանոտեխնոլոգիաների  մեծ  սիրահարները։  Բայց այդ  դեպքում  պետք  է  վերանայել  բոլոր  ծրագրերը,  պետբյուջեն  և  տնտեսական  քաղաքականությունն  ընդհանրապես։  Սակայն  դա չի  արվում։  Համառորեն  չի  արվում։ Չեմ  կարող  ասել,  թե  ինչու։

Իշխանության  տնտեսական  բլոկում,   թերևս,  միակ  իրատեսությանը  մոտ  կառույցը,   համեմատության մեջ,  Կենտրոնական  բանկն  է,  որն  իր  «ՀՀ 2009 թ.   դրամավարկային  քաղաքականության  ճշգրտված   ծրագրում»   ներկայացրել  է  իրավիճակի  գնահատականի   վրա  հիմնված  ճշգրտված  կանխատեսումներ,  ըստ  որի՝  2009  թվականին  ՀՆԱ-ն,   իրական  արտահայտությամբ,  կնվազի  շուրջ   3%-ով։  Սրան  ավելացրած  Ազգային  վիճակագրական  ծառայության  ընթացիկ  տվյալները,   որով  էլի  արձանագրվում  են, բացասական  իմաստով,  շեղումներ՝  պլանայինից։  Եվ  այս  պայմաններում,  կառավարությունը  և  ԱԺ -ում  ներկայացված  կոալիցիոն  ուժերը  չեն  ուզում  վերանայել  պետբյուջեն  և սոցիալիստ-ուտոպիստների «գիգանտ»  ծրագրերը։ Իսկ  դա  անհրաժեշտ է։ Չ՞է  որ  կառավարությունն  իր  կազմի ու  ծրագրի  «դաբրոն»  ԱԺ-ում  ստացել  է  լրիվ  ուրիշ  բանի  համար,   իսկ  այժմ  լրիվ  այլ  վիճակ  է։  

Գործադիր  իշխանությունը,   հաշվի  առնելով  հարկային  մուտքերի  ցածր  մակարդակը,   որոշել  է  հետաձգել  պետբյուջեով  նախատեսված  ծախսերը  3-րդ,  կամ  4-րդ  եռամսյակ։ «Սեկվեստր»  երևույթից  ուզում  են  փախչել,  ինչպես  սատանան  խունկից։ Բայց  սեկվեստրը   դա  որևէ  մեկի  ուրախության  առարկան  չէ՝   այլ  անհրաժեշտություն։ Կառավարությունում  երևի  մտածում  են,   որ  եթե  սեկվեստրի  մասին  խոսեն,  ապա   «զապադլո» կլինի ու  «ինադի»  են  ընկնում։

Եթե  սեկվեստր  չանելը  թասիբի  հարց  է,  ապա   այդ  դեպքում  թող  բյուջեի  եկամտային   մասի  ապահովումը   նույնպես համամասնորեն   հետաձգեն 3-րդ  կամ  4-րդ  եռամսյակ։  Ինչևէ։

Այսօր  անհրաժեշտ  են  հետևյալ   հրատապ    քայլերը.

1.      Կառավարության   գործունեության   ծրագրի  (ընդունված  2008 թվականի  ապրիլի 28-ի  կառավարության  որոշմամբ)  պլանավորված  ցուցանիշների  և  որոշ  թիրախային  նպատակների  վերանայում,

2.      2009  թվականի  պետբյուջեի  փոփոխություն՝  ծախսերի  և  եկամուտների  համամասնական  կրճատմամբ,

3.      պետբյուջեում  ԱԱՀ-ի մասով կուտակված  տնտեսվարող  սուբյեկտների  կատարած  գերավճարների  վերադարձելիության  ապահովում՝  հարկային  հաշվանցումների  միջոցով,   այսինքն՝  երբ  խոսվում  է    բիզնեսին   ուղղակի  ֆինանսական  օգնություն (վարկի  տեսքով)  տրամադրելու  մասին,   ապա  ավելի  լավ է  այդ  սուբյեկտների  գումարների  վերադարձման  հարցը  գոնե այդ ձևով լուծել,

4.       փոքր  բիզնեսի  խոցելի խմբերի  համար  հարկային   արձակուրդների  տրամադրում՝  նպատակ   ունենալով   զբաղվածության  ապահովումը   և  տվյալ   սուբյեկտի  գոյատևումը,   որպեսզի  լրացուցիչ  սոցիալական  լարվածություն  չառաջանա,  

5.        ՀԴՄ-ների  կիրառմանը  զուգահեռ ու  նախևառաջ՝   մեծածախ  կամ   խոշոր  բիզնեսի  դաշտի   գործունեության  փաստաթղթաշրջանառության  ապահովում   և  նոր  միայն  «հարձակում»   բիզնեսի փոքր  ու  միջին  շերտի  վրա,   քանի  որ  չկարողանալով  հիմնավորել  ծախսերը՝ մանրածախում ՀԴՄ-ներ  տրամադրողներն  ընկնում  են   փաստացի  ավելի  մեծ  հարկային  բեռի  տակ։

Անշուշտ   լուծման  կարիք  ունեն  նաև մեր  տնտեսության  համակարգային  խնդիրները (մրցակցության   ապահովում, հակամենաշնորհային քաղաքականություն,  իշխանության   և  բիզնեսի  տարանջատում   և  այլն),  սակայն  այս  փուլում   նմանատիպ  խնդիրների  լուծումը  իրատեսական  չէ  և  նման   խնդիր,  կարծես,  դրված էլ  չէ։ Ուստի  անհրաժեշտ  է   ընթացիկ  հարցերը  կարգավորել  և    չխուսափել սեփական հայացքների բարեշրջումից։

Անդրանիկ  Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը