Կարծիք

15.12.2021 22:07


Իշխանության զավթման փաշինյանական նոր զանգվածային փորձը

Իշխանության զավթման փաշինյանական նոր զանգվածային փորձը

Այն, ինչ կատարվում է այս օրերին Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, ամբողջովին տեղավորվում է փաշինյանական իշխանազավթման գաղափարախոսության մեջ։

2018-ին, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունը զավթելու համար առաջադրեց «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» երկընտրանքը՝ բացառելով ընտրության որեւէ հնարավորություն։ Իշխանազավթման երկրորդ փորձն արդեն 2018-ի հոկտեմբերի 2-ին էր, երբ կեղծ պատրվակով գրավեց Ազգային Ժողովը։ Մյուսը՝ դատական համակարգի զավթման փորձն էր 2019-ի մայիսի 15-ին, երբ նրա կոչով շրջափակվեցին դատարանների շենքերը։ Հետո՝ արդեն 2020 հունվար-փետրվար, երբ գրավվեց Սահմանադրական դատարանը։ Այս միջակայքում Արցախը հանձնեց թշնամուն։ Հիմա արդեն լիակատար իշխանության զավթման նոր մի փուլը տարածքային կառավարման մարմիններն են, երբ ժողովրդի քվեով ընտրվել են տեղական իշխանություններ։ Բայց իշխանությունը, փաշինյանական ռեժիմը մեծ կորւստներ ունի, որը փոքրիկ դիկտատորը չի կարողանում հանդուրժել։

Արտաքին ճակատում իր պարտությունները, նվաստացումը, ձախողումները փորձում է փոխհատուցել երկրի ներսում մանր բռնատիրական «հաճույքներով»։
Այն, ինչ կատարվում է այս օրերին Հայաստանի տարբեր համայնքներում, իշխանության բռնությամբ զավթման փորձից բացի ոչ մի այլ կերպ չես կոչի։ Որտեղ պարտվել են ժողովրդական քվեին, շան պես վազեցնում են իրավապահներին (հատուկ ու գիտակցաբար եմ այդ բառն օգտագործում, բնավ չուզենալով վիրավորել իրավապահ, քննչական համակարգերում աշխատող շատ պարկեշի մարդկանց), նրանց ձեռքով առաջադրելով շինծու, անգամ թեկուզ հիմքեր ունեցող մեղադրանքներ, որոնք, վստահաբար, քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ միայն հիմա են առաջադրվել։

Իշխանությունը, վարչական, պետական, քննչական, հարկային, քրեական ողջ ռեսուրսը զորաշարժի ենթարկելով, խաթարում է իրեն ոչ հաճո տարածքային ինքնակառավարման մարմինների գործունեությունը, տեղական մարմինների ձեւավորումները, համայնքային ղեկավարների ընտրությունները թույլ չտալու համար։

Սողացող դիկտատուրա, որն հաստատում է թշնամու հետ անարժանապատիվ հարաբերվող, երկրի շահը չգնահատող, պարտության տարած ու անդադար զիջումների գնացող փաշինյանական վարչակազմը։

Վստահ գալու է դատաստանի եւ արդարադատության ժամը։ Ու այդժամ, ոչ ոք չի կարող միայն մատնացույց անել Նիկոլ Փաշինյանին, թե նա էր հրահանգում։ Հրահանգողի առկայության դեպքում լինում են անօրինական հրահանգ կատարած, օրենքի դեմ գնացած մարդիկ՝ նախարարներ, որոնք գոռոզ պտտվում էին ՏԻՄ ընտրությունների օրերին բնակավայրերում, տարբեր տրամաչափի պաշտոնյաներ, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն նորաստեղծ կոմիտեի, դատախազության, ոստիկանության տարատեսակ ծառայողներ, ՊՎԾ, ՊԵԿ ու փողոցի խուժան։ Բոլոր նրանք լինելու են նույն շարքում։ Անուններն էլ կան։ Նոր գնած, թանկարժեք եւ ծավալուն բնակարաններում ապրողներից սկսած մինչեւ դեռ փայփլող նոր ուսադիրներ փորձողները։

Լինելու է պատասխանատվության ժամը։

Հիմա էլ են պատասխան տալու։

• Հասարակական այն կազմակերպությունները, որոնք դարձել են GONGO. ասել է իշխանահաճո, իշխանությանը սպասարկող հասարակական կազմակերպություններ։ Ու հենց վաղվանից նրանց բոլորի ոչ քաղաքացիական դիրքորոշման, իշխանության համար գործելու, իշխանության անօրինականությունները սպասարկելու մասին վկայող բազում փաստերով ՀՀ Ազգային Ժողովից գրություններ են հղվելու միջազգային կազմակերպությունների գլխադասային կենտրոնակայաններ, հայաստանյան գրասենյակներ, Հայաստանում հավատարմագրված դեսպանատներ, այլ պետությունների ԱԳՆ աշխատակազմեր։
• Անուն առ անուն։ Այդ կազմակերպությունների դեմքը պարզվելու է, որ հետո իշխանության համար լոբբինգ չանեն տարբեր միջազգային հարթակներում՝ երկկողմանի ֆինանսապես սնվելով ու լռելով Հայատանում շարունակվող անօրինականության, կոռուպցիայի, բռնությունների մասին։

• Պետք է խոսի վերջապես Հայաստանի համայնքների միությունը, նախագահ Էմին Երիցյանը։ Նա Հայաստանի հարյուրավոր համայնքների ներկայացուցիչն է, ու այդ հանգամանքով ընտրվել է միջազգային մի շարք կառույցների ղեկավար, խորհրդատվական հանձնախմբերի, նախագահությունների անդամ։
• Հայաստանի ստանձնած պարտավորությունները մոնիտորինգի տակ պահող կառույցները շատ արագ ստանալու են այս բռնատիրական դրսեւորումների մասին լիարժեք ու համապարփակ զեկույցներ, որ հետո պսպղուն աչքերով եվրոպացի զեկուցողների խոսքը Հայաստանի ներկայիս իշխանությունը չդարձնի մատի փաթաթան։

ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ՊԱՀԸ ԳԱԼՈՒ Է։
Պետական բազմափուլ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁՆ ԷԼ ԿԱՍԵՑՎԵԼՈՒ Է ու ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ Է ԼԻԱՐԺԵՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ։
ՀԱՅՐԵՆԱԶՐԿՄԱՆ ՈՒ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ մասին չեմ գրում։ Դա այլ ՎՃԻՌ կունենա

Լուսանկարը հետո կարող է այլ տարբերակ ունենալ, երբ ասի՝ ես չէի մեղավորը, բոլոր այս թվարկած պաշտոնյաններն ու քննիչները զեկուցեցին։ ՀԿ-ները չահազանգեցին, նա անմեղ է։ Մեղավոր են բոլորը։ Հիմա էլ է ասում նույնը պատերազմի մասին։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը