Կարծիք

12.12.2021 19:24


Ե՞րբ է վերանում պետությունը

Ե՞րբ է վերանում պետությունը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր էջում գրում է․

Ցանկացած ժամանակակից քաղաքակիրթ պետություն գոյություն ունի իր քաղաքացիների կյանքը և նրանց միջև հարաբերությունները որոշակի օրենքներով կազմակերպելու համար։ Ցանկացած պետության համար ամենաբարձր արժեքը քաղաքացին է, ու եթե չկա նման ըմբռնում, ուրեմն չկա քաղաքակիրթ պետություն։ Պետությունը, որը հրաժարվում է պաշտպանել իր քաղաքացուն, թերի է։ Պետությունը, որը հրաժարվում է իր քաղաքացուց, ըստ էության մեռած է։

Պետությունը սկսում է վերանալ նաև, երբ իր քաղաքացիների կրթվածության (գրագիտության հետ չշփոթել) մակարդակը տագնապալի ցածր է։ Բայց այդ դեպքում ակտիվանում են ազգային ինքնապահպանման մեխանիզմները՝ վերնախավերի ու ազգի ավելի կիրթ հատվածի մոբիլիզացիայի ձևով։ Եթե այդ մեխանիզմը միացված չէ, ապա պետությունը վերածվում է կա՛մ կիսաֆեոդալական պետական կազմավորման, կա՛մ այլ պետության կցորդի ու աստիճանաբար կորցնում է իր գոյության իմաստը։

Մենք ականատեսն ենք ապապետական հասարակական էվոլյուցիայի հայկական մոդելի. գործարկվում է քաղաքացու՝ պահանջարկված լինելու և կարևորության զգացողության վերականգնման զանգվածային մեխանիզմը: Դա հանգեցնում է համընդհանուր, բայց «արդար» անպատասխանատվության ձևավորմանը: Միաժամանակ անջատվում է համարժեքության և օգտակարության մեխանիզմը նրանց մոտ, ովքեր բնականորեն պետք է պատասխանատվություն զգան ազգի և հայրենիքի ճակատագրի համար: Արդյունքում հայտնվում է պետություն, որը կարող է հրաժարվել այն քաղաքացուց, որին վերջերս արժևորել էր և դարձրել «նոր երկրի» փայատեր: Հետո սկսվում է իրադարձությունների այնպիսի զարգացում, որը տեղավորվում է 18-րդ դարի հայտնի բանաձևի մեջ՝ «հեղափոխությունը խժռում է իր զավակներին»։

Ժամանակն է վերջապես բացել 21-րդ դարի դռները՝ պետությունը վերակենդանացնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը