Լրահոս

06.07.2011 11:51


ՀՌԱԿ ատենապետ. «Իշխանությունն ու ՀԱԿ-ն իրար հրապարակավ ծաղրում են»

ՀՌԱԿ ատենապետ. «Իշխանությունն ու ՀԱԿ-ն իրար հրապարակավ ծաղրում են»

Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի արտահայտություններին, որ իրենք Հայ ազգային կոնգրեսին հրավիրում են «Օջախ» ռեստորան կամ էլ Սևան և այլն, ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը «7օր»–ին ասել է.

–Մինչև վերջերս երկու կողմից էլ բացականչում էին, որ ընդդիմադիր դաշտի մնացած կուսակցությունները նախանձում են երկխոսության իրենց հաջողություններին, ու այդ չարախոսությունները հենց դրա արդյունքն են: Հիմա, որքան տեսնում ենք, իշխանությունն ու ՀԱԿ-ը իրար հրապարակավ ծաղրում են. յուրաքանչյուր միտք երկխոսող գործընկերոջ հասցեին պարուրված է հեգնական արտահայտություններով ու դիմացինին նվաստացնելու փորձով: Հազիվ թե այս վիճակին նախանձողներ գտնվեն:

ՀՌԱԿ ատենապետը ցավում է, որ այս հարցում էլ իրենց հորդորներին ականջալուր չեղան, ու քաղաքական գործընթացների նշաձողն այսչափ իջեցրին.

–Ստացվում է այնպես, որ երկխոսողների որ կողմն էլ հաղթի, արդյունքում տուժելու են ժողովուրդն ու քաղաքականությունը գաղափարական ու արժեհամակարգային տեսանկյունից դիտարկող կուսակցություններն ու դրանց լիդերները: Երիցս ճիշտ էր մեծ մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա Բլեզ Պասկալը. «Լավ սրախոսը հիմար մարդ է» (Хороший острослов дурной человек):– Եթե մարդն ունի կյանքի մեծ փորձ, գրագետ է, կարդացած ու հաջողակ է կյանքում, ապա նրա համար հումորի զգացումն անպակաս է, և նա ճիշտ տեղում ճիշտ ասելիքը կգտնի, անհրաժեշտության դեպքում՝ նաև հումորով ու սրախոսությամբ։ Բայց եթե ամբողջ ասելիքը կառուցված է ընդամենը հումոր անելու վրա, արդյունքում թեմա էլ չկա, ուրեմն սա հենց երջանկահիշատակ Պասկալի նշած տարբերակն է: Կարծում եմ՝ մեր քաղաքական դաշտում քիչ չեն անվանի փիլիսոփայի դիպուկ ներկայացրած կերպարները:

Իսկ «Օջախ» կամ Սևան հրավիրելն, ըստ Էդվարդ Անտինյանի, խոսում է այն մասին, որ իշխանությունն ավելի լուրջ չի վերաբերվում այն ընդդիմությանը, որն ինքնամոռաց կերպով իր ծառայությունն առաջարկեց իշխանություններին ժողովրդական ընդվզումը զսպելու հարցում։

Ավելին՝ այն ընդդիմությանը, որը կարող է ասել՝ եթե այսօրվա ավազակը վաղն արդար ընտրությամբ ընտրվի, ապա դա ավելի լավ է, քան իրենք բազմեն իշխանական աթոռներին: Եվ սա ասում է այն ընդդիմությունը, ով դեռ 3 տարի առաջ հայտարարում էր, որ այս հանցագործ իշխանավորները յոթ պորտով պատասխան են տալու: Դե, սեփական քաղաքականությունն այսքան անլրջացնելուց հետո դիմացինից ինչպե՞ս կարող ես լուրջ վերաբերմունք ակնկալել,–ավելացրել է ՀՌԱԿ ատենապետը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը