Կարծիք

01.10.2021 10:56


Պատմական պատահականությո՞ւն, թե՞ տրամաբանական աղետ

Պատմական պատահականությո՞ւն, թե՞ տրամաբանական աղետ

Այն, ինչ կատարվեց մեր ժողովրդի և մեր պետության հետ, պատմական պատահականությա՞ն, թե՞ տրամաբանական զարգացման հետևանք էր։ Սա հարց չէ անցյալի մասին, սա հարց է ապագայի մասին։ Մինչև այս հարցի պատասխանը մենք չհասկանանք, մենք ապահովագրված չենք լինի կրկնությունից։ Մենք պետք է հասկանանք՝ ինչ կատարվեց, որպեսզի կարողանանք մեզ ապագայում ապահովագրել նույնից։

Պատասխանը մեկ օրում չենք գտնելու։ Բայց սրա շուրջ պետք է խոսենք։

Առաջարկում եմ այդ խոսակցությունը սկսել ամենավերջից։ Պրոֆեսոր Չարչյանին բանտում պահելը ոչնչով չի տարբերվում թալիբների պատիժներից։ 21-րդ դարում ձեռք կտրելը, կանանց ճիպոտով ծեծելը ինչո՞վ է տարբերվում ոչ մի բանի համար հայտնի բժշկին առողջական լուրջ խնդիրներով անազատության մեջ պահելուց։

Աֆղանական հասարակությունը, ընդունված է մտածել, հանդուրժում է, քանի որ թերզարգացած է, բայց եկեք տեսնենք՝ հայկական հասարակությունն արդյո՞ք էապես տարբերվում է։ Ի պաշտպանություն Չարչյանի կա՞ հասարակական ընդվզում։

Աֆղանստանում քաղաքացիական հասարակություն չկա, իսկ կա՞ արդյոք Հայաստանում։

Աֆղանստանում պատժում են շարիաթի օրենքներով, Հայաստանում էլ իշխանական շարիաթ է։ Չարչյանը բանտում է որովհետև «այդպես են ուզում»։ Բայց որպեսզի մեկ հոգու ցանկությունը դառնա իրականություն, ներգրավվում են բազմաթիվ մարդիկ և ինստիտուտներ՝ քննիչ, դատախազ, դատավոր։ Սա է հիմնական պրոբլեմը։ Մեկ հոգին կգնա, կփոխվի, բայց իշխանական շարիաթը կմնա։ Այն տարբեր սրություններով գործել է միշտ։ Ինչո՞ւ տապալվեցին 2018-ի հարյուր հազարավոր մարդկանց սպասումները. որովհետև նոր իշխանությունը խնդիր էր դրել ոչ թե փոխել վատ համակարգերը, այլ՝ այդ վատ համակարգերը ծառայեցնել արդեն իրեն՝ սկսած դատաիրավական համակարգից մինչև պետական գնումներ։

Հնարավոր չէ պատկերացնել, որ թալիբների շատ ներկայացուցիչներ դեմ արհատայտվեն իրենց իշխանության վայրենություններին։ Բայց նույնքան անհնար է, փաստորեն, որ Հայաստանում իշխող խմբակցության անդամներ հրապարակայնորեն ասեն՝ Չարչյանի հետ կատարվողը անօրինական է, անմարդկային։ Չեն ասում և չեն ասի, նույնիսկ եթե նրանք կրթություն ստացել են արևմտյան բուհերում և սիրում են գովերգել արևմտյան արժեհամակարգը։

Անլեզու քաղաքացու/գործչի ավանդույթն ունի շատ հին պատմություն՝ թե´ իշխանության մեջ, թե´ ընդդիմադիր համակարգերում։ Այդ ավանդույթը գործել ու գործում է ստեղծագործական միություններում, կուսակցություներում, ֆեդերացիաներում, բուհական կյանքում՝ ամենուր, որտեղ պետք է լիներ հակառակը։

Եզակի բացառություններից է փաստաբանական համայնքը, որն այս պահին գուցե Հայաստանի ամենաառաջադեմ միավորն է։ Մենք ունենք խորքային խնդիրներ, որոնց մասին չէինք խոսում թե´ մինչև պատերազմը, թե´ դրանից հետո։

Այդ դեպքում եր՞բ ենք խոսելու, էլ ո՞ր աղետից հետո։

Հայաստանի այլասերման հիմքերից մեկը ֆեոդալականությունն է՝ անհատական և ինստիտուցիոնալ։ Մենք 21-րդ դարի դռները ազգովի փակել ենք, չենք թողնում գա մեր երկիր։ Մենք ուզում ենք մնալ «ֆեոդալ-ֆիդայի ազգ», երբ հաջողությունը ազգային պրոգրեսիվ պետություններինն է։

Շարունակելի:

Այլընտրանքային նախագծեր խումբ

Վահե Հովհաննիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը