Կարծիք

08.07.2021 21:59


Որքան Քյարամյանն արի է, այնքան Նիկոլը՝ վարչապետ

Որքան Քյարամյանն արի է, այնքան Նիկոլը՝ վարչապետ

Արցախի Հանրապետության իշխանությունը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, իսկ այժմ Քննչական կոմիտեի փոխնախագահ Արգիշտի Քյարամյանին պարգևատրել է Արիության մեդալով:

Նիկոլն ու Արայիկը պարգևատրում են, արիի կոչում են տալիս Քյարամյանին։ Գնահատեցի՞ք, թե ուր ենք հասել։ Սա շարունակական ծաղրանք է մեր պետականությանը, մեր իսկական հերոսներին: Մնում է մեր իսկական հերոսներին, որոնց մարմինն ամփոփված է Եռաբլուրում, հայտարարեք ազգի դավաճան։ Դե եթե Քյարամյանն արի է, ապա մեր տղերքն էլ ... Եթե Քյարամյանն է արի, ապա ովքե՞ր են Աբգարը, Մխիթարը, Կարենը, Հայկազը, Գոռը, Վարդանը, Հարությունը, մյուս, մյուս տղերքը, որոնք իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար, ովքեր կռվեցին և վիրավորվեցին կամ հրաշքով ողջ մնացին:

Ո՞վ է Քյարամյանը: Ի՞նչ է արել: Ասում են՝ կազմակերպել է Շուշիի պաշտպանությունը: Իրո՞ք: Լավ, եթե դա նույնիսկ այդպես է, ապա Շուշիում այսօր ադրբեջանցիներ են: Քյարամյանին հանգիստ խղճով կարող են պարգևատրել ադրբեջանցիները:

Ի՞նչ է կատարվում մեր երկրում, որքա՞ն է տևելու այս հոգեխանգարմունքը: Մի՞թե ոմանք խաբվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հրապարակած արդյունքներից: Մի՞թե ձեզ թվում է, որ մոռացանք պատերազմ ու պարտություն բերողների, Շուշին հանձնողների, բանակը կազմաքանդողների, մեր տղերքին սպանածների մասին: Չշշկռվեք:

Ոչինչ չի մոռացվել։ Ոչինչ չի մոռացվելու։ Ձեզ չեն փրկելու ո՛չ ապօրինի կալանավորումները, ո՛չ համատարած բերման ենթարկումները։ Սա էլ կանցնի, բայց ձեր արած չարիքի համար մանրամասնորեն պատասխան եք տալու։ Չկասկածեք։ Առայժմ այսքանը:

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը