Կարծիք

25.06.2021 18:20


Թիկունքից խփում եք ընդդիմությանը որ ի՞նչ անեք...

Թիկունքից խփում եք ընդդիմությանը որ ի՞նչ անեք...

Ընտրություններից հետո շատ վտանգավոր մի բան է նկատվում հանրության ընդդիմադիր, ասել է թե` մտածող հատվածում, հատկապես սոցիալական ցանցերում։

Մի կողմից` տարածվում է իրականության հետ կապ չունեցող ակնհայտ կեղծ թեզը, թե տարբեր պատճառներով խորհրդարանում սպասվածից համեստ ներկայություն ապահոված ընդդիմադիր ուժերը պետք է հրաժարվեն մանդատներից և փաստի առաջ կանգնեցնեն ծանոթ ու անծանոթ ամենաբիրտ մեթոդներով վերարտադրված կապիտուլյանտին։ Այն է` ստեղծեն «հակասահմանադրական իրավիճակ», երբ խորհրդարանում չկա ընդդիմություն, հասնեն նորաստեղծ ԱԺ-ի լուծարմանը և նոր ընտրությունների անցկացմանը, քանզի, միևնույն է, չեն կարող ազդել որոշումների վրա։

Այս թեզի կողմնակիցները «մոռանում» են, որ կապիտուլյանտների իշխանությունը խորապես թքած ունի Սահմանադրության և օրենքների վրա` նախորդ 3 տարիներին ինքն է անընդմեջ ստեղծել «հակասահմանադրական իրավիճակներ» և կացնային հակասահմանադրական մեխանիզմներով դուրս եկել այդ իրավիճակներից, ասես ոչինչ չի եղել. սկսած ՍԴ դատավորների կազմը փոխելու հակասահմանադրական գործողությունից, վերջացրած բանկային գաղտնիքի փաստացի վերացման, «կուլակաթափության» օրենքների ընդունմամբ, որ հանգիստ կարելի էր կանխել, եթե ընդդիմությունն ընդդիմություն լիներ` ԲՀԿ-ն ու «Լուսավորը» տարբեր պատրվակներով չխուսափեին ՍԴ դիմելու և դրանց սահմանադրականությունը վիճարկելու պատասխանատվությունից։

Սրանց համար թքելու պես բան է` հայտարարել, որ ոչ մի հակասահմանադրական իրավիճակ չկա, ամեն ինչ օքեյ է, և շարունակել խաղալ «մի դարպասի» վրա, ինչպես ընտրություններից առաջ էր։ Ընդ որում`շատ ավելի «կոմֆորտ» պայմաններում, առանց ընդդիմադիր խմբակցությունների գոնե «առերևույթ» դիմադրության։ Կամ ասել` ոչինչ չի խանգարում, որ հրաժարվածների փոխարեն առավելագույն ձայներ ստացած մյուս ուժերը, օրինակ` նույն ԲՀԿ-ն, արամ զավենիչի կուսակցությունը մտնեն խորհրդարան, ու գեղական կարգով լուծել «սահմանադրական ճգնաժամը»։

Մյուս ակնհայտ կեղծ թեզը, որով պապից ավելի կաթոլիկ ընդդիմադիր կամ այդպիսին ներկայացող որոշ շրջանակներ կամա-ակամա ջուր են լցնում կապիտուլյանտների ջրաղացին, քավության նոխազների փնտրտուքն է` ի դեմս «նախկինների»։

Խնդիրը, որ դրված էր «Հայաստան» դաշինքի առաջ` վերցնել իշխանությունը, չի լուծվել, և մարդիկ սկսել են մեղավորներ ման գալ. թե բա` նախընտրական ցուցակները «ճիշտ չեն կազմվել», ընտրողները, «նախկինների» շողքից վախեցած, գնացել ու ընտրել են 5000 զոհի, հազարավոր հաշմանդամ տղաների արյան գնով Արցախը հանձնած, Հայաստանն աճուրդի հանած, կամաց-կամաց մաշեցնող համազգային փորձանքին։ Այն, որ դրանով ընդամենը թուլացնում են հանրային դիմադրության ռեսուրսը և ծառայություն մատուցում դավաճան վիժվածքին, «կարևոր» չէ։ Կարևոր չէ նաև, թե պետականակործան պատուհասն ինչ ստոր սև տեխնոլոգիաների, ռեպրեսիաների, վարչական լծակների և այլ կեղտոտ մեխանիզմների գործադրմամբ է վերարտադրվել։

Ասում են` ուզում եք թե չեք ուզում, դա «արձանագրված փաստ է», որի դեմ խաղ չկա։ Ասել կուզի`կապիտուլյանտը ճիշտ է, ընտրություններն անցել են արևմտյան կույր ու խուլ ժողովրդավարության ամենաբարձր չափանիշների համապատասխան` ազատ, արդար, թափանցիկ, առանց «չեպեների». միաժամանակ 6-7 մարզերում և խոշոր քաղաքներում զանգվածային հոսանքազրկումներ`մի բան, որերբևէ չէինք տեսել անգամ ամենախնդրահարույց ընտրությունների ժամանակ, չեն եղել, չաքուջով շանտաժ և անթաքույց սպառնալիքներ, ընդդիմության շտաբների պատասխանատուներին անհիմն կասկածներով բերման ենթարկելու, ձերբակալելու, զինվորների բացահայտ ուղղորդված քվեարկությունների փաստեր նույնպես չեն եղել...

Արձանագրողն էլ ո՞վ է` կապիտուլյանտ իշխանությունը, աշխարհաքաղաքական նկատառումներով խախտումների վրա աչք փակող միջազգային դիտորդները, սորոսական ծագման տեղական «դիտորդները», որոնց միակ գործառույթն այս ընտրություններում իշխանական ընտրազեղծարարության գործիքները կոծկելն էր և ընդդիմության վրա կեղտ բռնելը (Արմեն Չարչյանի վրա սարքած «դոնոսի» փաստը` ձեզ օրինակ)։ Մեկ էլ` հայրենիքը հանձնածներին ձայն տված ժեխը, որ թուրքի լուծը գերադասում է 20 տարի շարունակ հայրենիք պահած «նախկինների» վերադարձից։
Ո՞ւմ է ձեռնտու` երեք տարի շարունակ հասարակությունը պառակտելուց, սև-սպիտակի բաժանելուց հետո հիմա էլ ընդդիմության և ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկած քաղաքացիների մեջ պառակտման ցեց գցել, էս գլխից անվստահություն սերմանել խորհրդարանական փոքրամասնության նկատմամբ, որ իր այդ կարգավիճակով արդեն շատ ավելի մեծ հնարավորություն ունի` կռիվ տալու ներքին թուրքի դեմ, պաշտպանելու ազգային շահը և հակազդելու Հայաստանի թրքացման ներսուդրսի «շահառուներին», թերևս պետք չէ բացատրել...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը