Կարծիք

28.05.2021 17:53


Պաթոլոգիկ ստախոսն իր «ամպլուայի» մեջ է

Պաթոլոգիկ ստախոսն իր «ամպլուայի» մեջ է

Հայկական երկրորդ պետությունն «ուգրոբիտ արած», հայոց պետականությունը լինել-չլինելու ռեալ սպառնալիքի առաջ դրած դավաճան վիժվածքը հերիք չէ պղծեց Հանրապետության տոնը Սարդարապատի հուշահամալիր իր այցելությամբ, դեռ մի բան էլ հավաքեց իր ազդեցության գործակալ ոչնչություններին ու լիկբեզ անցկացրեց հետները` «Ինչպես խաբել էյֆորիայից դուրս եկող հպարտ քաղաքացիներին ու վերադարձնել նիկոլավիրուսային պանդեմիայի ակունքներին» թեմայով։

Հազարերորդ անգամ փորձելով արդարանալ` մաքրվել դավաճանի խարանից ու Արցախի անկման, 5000 զոհերի, 10 հազար հաշմված ճակատագրերի գնով ստորագրված կապիտուլյացիայի մեղքը նորից բարդել նախկինների վրա, մի առանձին փութաջանությամբ անդրադարձավ իր հավերժական սարսափ, ուղեղի մորմոք և մղձավանջային երազների խորհրդանիշ Ռոբերտ Քոչարյանին։ Թե բա` եթե 1998-99 թթ. Հայաստանի ղեկավարը «Թուրքիայի գործակալ» լիներ, Ղարաբաղը դուրս կթողներ բանակցային ձևաչափից, կլիներ «Հոկտեմբերի 27»-ը, կստորագրվեր Ստամբուլյան խարտիան, որտեղ իբր` սևով սպիտակի վրա գրված է, որ Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է, և այլն, և այդպես շարունակ...

Այն, որ Արցախը երբեք չի եղել բանակցությունների լիարժեք կողմ` անգամ եթե մեկ-երկու անգամ մասնակցել է բանակցային գործընթացին, ապա` որպես «ԼՂ հայկական համայնքի ներկայացուցիչ», «ադրբեջանական համայնքի ներկայացուցչի» հետ հավասար կարգավիճակով, գիտի ցանկացած մեկը, ով ծանոթ է բանակցությունների էպոպեային։ Ավելին` այդ փաստը միանշանակ ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնադիր փաստաթղթերում։ Այլ բան է, որ կապիտուլյանտը կա՛մ անտեղյակ է (չմոռանանք, որ «կիրթ և կառուցողական» ալիևից էր «ծանոթանում» բանակցային գործընթացի պատմությանը), չի կարդացել այդ փաստաթղթերը, կամ կարդացել է, բայց չի հասկացել, կամ իրեն, ինչպես միշտ, շլանգի տեղ է դնում։

«Հոկտեմբերի 27»-ի մասին շատ է խոսվել. դավաճան վիժվածքն ու իր ընտանեկան թերթը տասնամյակներ շարունակ հարյուրի վրա շահարկել են այդ թեման` մատը տնկելով Ռոբերտ Քոչարյանի վրա, և եթե գոնե մի փոքր «բռնելու տեղ» ունենային, 2018-ի իշխանազավթումից հետո հարյուր անգամ գործ էին կարել երկրորդ նախագահի վրայով։ Ավելին` մի պահ փորձեցին առաջ տանել այդ վարկածը. իրենց կից գործ տվող դասալիք պատգամավորին գործուղեցին ԱԱԾ մեկուսարան` ահաբեկչության պարագլուխ նաիրի հունանյանին համոզելու, որ ազատության դիմաց ցուցմունք տա նախագահի դեմ, բայց ապարդյուն։ Դե, իսկ դավաճանի թիմակից Գագիկ Ջհանգիրյանը, որ 20 տարի առաջ խոստանում զինդատախազի պաշտոնից ազատվելուց անմիջապես հետո բացահայտել «ողջ ճշմարտությունը» հոկտեմբերի 27-ի մասին, ինչպես տեսնում եք, առ այսօր համեստորեն լռում է` ասելիք չունի։

Ինչ վերաբերում է Ստամբուլյան խարտիային, այնտեղ, բնականաբար, որևէ ակնարկ չկա Արցախի մասին` խոսքը պետությունների տարածքային ամբողջականության մասին է, որ Հայաստանը երբեք չի վիճարկել, չէր էլ կարող վիճարկել։ Առավել ևս, որ, ինչպես բազմիցս արձանագրել է նույն Ռոբերտ Քոչարյանը, այդ թվում`ԵԽԽՎ ամբիոնից, Արցախի անկախության ճանաչումը որևէ կերպ չի հակասում ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. պարզ պատճառով` Արցախն իր ինքնորոշման իրավունքն իրացրել է այն ժամանակ գործող ԽՍՀՄ սահմանադրության տառին և ստորակետին համահունչ` համաժողովրդական հանրաքվե անցկացնելով և հռչակելով իր անկախությունը։

Բայց կապիտուլյանտը բանակցություններին նայում է ալիևի պատուհանից` եթե ալիևն ասում է, որ մածունը սև է, ուրեմն`սև է, և վերջ։ Այդ պատուհանից, անդրադառնալով կամ վերադառնալով «Մեղրին տալու» ի սկզբանե կեղծ, ստահոդ վարկածին, հղում է անում «վերջերս հրապարակված մի թղթի», որով Մեղրին իբր «Ղարաբաղի, Շուշիի և Լաչինի» դիմաց փոխանցվում էր Ադրբեջանին։ Դա ներկայացնում է որպես կատարված փաստ` «իրեղեն ապացույց», որ նախ` Քոչարյանն ուզում էր Մեղրին փոխանակել Արցախի հետ, երկրորդ` Շուշին միշտ, բոլոր ժամանակներում «առանձնացվել է Ղարաբաղից», որպես օտարման` անվերապահորեն Ադրբեջանի վերահսկողությանը ենթակա տարածք։ Այն, որ դա սուտ է` բացահայտ կեղծիք, այդ մասին պաշտոնապես ասվել է ոչ միայն ՌԴ, այլև ՀՀ ԱԳՆ-ների մակարդակով (որից հետո, եթե հիշում եք, Զոհրաբ Մնացականյանը պաշտոնանկ արվեց)։

Ով, երբ և որտեղ է «հրապարակել» թերևս ալիևի գզրոցներից հանված այդ «թուղթը», ինչու պաշտոնապես չի հրապարակվել, եթե, իհարկե, նման «թուղթ» երբևիցե դրված է եղել բանակցությունների սեղանին, անգամ արժանացել նախագահի հավանությանը, կապիտուլյանտը «հեռատեսորեն» շրջանցում է. հո չէր ասելու, որ նկատի ունի «Քիվեստյան» տարբերակը Մեղրին Նախիջևանին միացնող սուվերեն ճանապարհի դիմաց Արցախը Լաչինով հանդերձ Հայաստանին միավորելու մասին, որ շատ մոտ էր ստորագրման, բայց այդպես էլ գրավոր պայմանավորվածության ձև չստացավ, որովհետև հայր Ալիևը Բաքու վերադառնալուն պես հրաժարվեց դրանից` ասելով, որ նույնիսկ իր ընտանիքը չհասկացավ նման «ցավոտ կարգավորման» գնալու իր պատրաստակամությունը։

Պաթոլոգիկ ստախոս է, ու սրա հետ ոչինչ չես կարող անել...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը