Կարծիք

22.04.2021 10:28


Տնտեսագիտության հարցերի հարցը այդպես էլ մնում է անպատասխան

Տնտեսագիտության հարցերի հարցը այդպես էլ մնում է անպատասխան
Մեկ անգամ ևս...
Ազգային պետություն
Ազգային տնտեսություն
Հարցերի հարցը
Ինչպե՞ս վարել տնտեսությունը, ինչպե՞ս կազմակերպել այն, որպեսզի այն լինի արդյունավետ, արդյո՞ք կա որևէ ունիվերսալ լուծում, մոդել, «դեղամիջոց»:
Անթիվ, անհամար ուսումնասիրություններ և մեկը մյուսից արժեքավոր գիտական աշխատություններ կան, սակայն վերջնական և բոլորի համար ընդունելի և հասկանալի սպառիչ պատասխան կարծես թե չկա, որովհետև առկա չէ տնտեսագիտության գլխավոր հարցի սպառիչ ու հիմնավոր պատասխանը` իսկ ո՞րն է արդյունավետության չափանիշը: Բազմաթիվ ցուցանիշներ կան, իսկ ո՞րն է չափանիշը:
Տնտեսագիտության հարցերի հարցը այդպես էլ մնում է անպատասխան:
«Տնտեսագիտությունը` մաթեմատիկա չէ...»
Ամբողջ աշխարհը և բոլոր երկրները ձգտում են գտնել տնտեսության ինչ-որ մի ունիվերսալ արդյունավետ մոդել, որն անշեղորեն ամենուրեք կապահովի մարդու բոլոր կենսական պահանջները և կերաշխավորի հաջորդ սերունդների անվտանգ ու կայուն զարգացումը:
Ի թիվս այլ պատճառների, սա նույնպես դրդել է, որպեսզի դարեր շարունակ փոփոխվեն հասարակարգեր, քաղաքական համակարգեր, տնտեսական քաղաքականություններ, քաղաքական ղեկավարություններ, և լինեն պատերազմներ, հեղափոխություններ ու հեղաշրջումներ: Դրան զուգահեռ` տնտեսագիտական միտքը նույնպես չի դադարում արդյունավետ ունիվերսալ տնտեսության մոդելի փնտրտուքը: Ստեղծվում և տարածվում են նոր գաղափարներ, գաղափարախոսություններ, մոդելներ, շարքեր, գործակիցներ, պարզ ու բարդ բանաձևեր, ցուցանիշներ ու ցուցիչներ, վարկանիշներ ու համեմատություններ: Այդ ընթացքում իրականում շատ արժեքավոր, բացառիկ գիտական աշխատություններ են գրվել, բացառիկ հայտնագործություններ են արվել:
Այս հրաշք գիտությունը այսօր էլ հարստանում է նոր գաղափարներով, մտքերով, մոտեցումներով: Նույնիսկ գերհզոր պետությունները այդպիսի մոդելների ու մոտեցումների կիրառման փորձարկումներ են կատարել առավել թույլ զարգացած շատ երկրներում, և երբեմն հաջողել են:
Այդուհանդերձ, դեռևս գոյություն չունի որևէ մի ունիվերսալ ցուցիչ, ցուցանիշ, մի պարզ, կամ բարդ մաթեմատիկական բանաձև, մի գործակից, կամ` ինչ-որ մի հստակ գիտականորեն հիմնավորված ձևակերպում, որը վերջնական կսահմանի, թե ինչպես չափել արդյունավետությունը: Այսինքն, ո՞րն է այն միակ ցուցանիշը ( կամ թեկուզ մի քանիսը ) որը կարելի է համարել, և հիմնավորված ընդունել, որպես արդյունավետության չափանիշ, ինչպես հաշվել այն: Հայտնի է, որ ընդհանրացված պարզագույն սահմանումը հետևյալն է. արդյունավետությունը` հնարավորինս նվազ ծախսով (ռեսուրսների, միջոցների, ֆիզիկական և մտավոր էներգիայի) առավելագույն արդյունքի հասնելն է: Ըստ որում` շատ կարևոր է տարանջատել արդյունավետությունը երկրի կտրվածքով, և արդյունավետությունը` տնտեսության ճյուղի, կամ մեկ տնտեսական միավորի կտրվածքով:
Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ համարյա բոլոր մոտեցումների, մոդելների, բանաձևերի, գործակիցների, վարկանիշների, համեմատությունների մեջ հիմնականում անտեսվել է մարդ էակի բուն էությունը:
Նշվածը չի վերաբերվում տնտեսությունը արդյունավետ վարելու բնատուր ձգտմանը, այլ առավելապես վերաբերվում է` մշակութաբանական, ազգային, պատմականորեն ձևավորված առանձնահատկություններին:
Այնքան է այդ բանաձևերում ու մոդելներում ամեն ինչ «հեռացել» մարդուց, մարդ էակից, այնքան է մոռացվել մարդը` իր էությամբ, որ տնտեսագիտության մեջ փաստորեն, գործնականում մեծամասամբ հաշվի չի առնվում այդ նույն տնտեսությունը կազմակերպողի, կարգավորողի, կառավարողի, արդյունք ստեղծողի և բաշխողի ներքին բնույթը, տեսակը. այն է` ազգությունը, պատմությունը, մշակույթը, կրոնը, ազգային առանձնահատկությունները, և դրանք ընդհանրացնող` էթնիկ հոգեբանությունը, դրանցից բխող և դրանցով կանխորոշվող գործողությունների յուրահատկությունները: Այսինքն, այն վարքագիծը, որը որոշ դեպքերում` համընկնում, որոշ դեպքերում` սահմանափակում, իսկ որոշ դեպքերում ընդլայնում է այս կամ այն տնտեսական, կամ իրավական համակարգի գործնական կիրառումը:
Արդյո՞ք դրանք ոչ մի ազդեցություն չունեն առանձին վերցրած մեկ երկրի (մանավանդ ազգային պետություն հանդիսացող), տնտեսության զարգացման հեռանկարների կանխորոշման, տնտեսությունը վարելու, տնտեսական հարաբերությունները կարգավորելու, մարդու աշխատանքը կազմակերպելու, և ընդհանրապես` արդյունք ստեղծելու և այն բաշխելու ընթացքում ծագող բոլոր այն հարաբերությունների վրա, որոնք բնորոշում և ուղղորդում են տնտեսվարման ամբողջ ընթացքը:
Իսկ միգուցե տնտեսագիտության մեջ հենց մարդու տեսակի, ազգի, ցեղի յուրահատկությունները հաշվից դուրս թողնե՞լն է պատճառը, որ մի քանի հարյուրամյակ է չի գտնվում այդ «չարաբաստիկ» արդյունավետ ունիվերսալ տնտեսության մոդելը:
Կամ` միգուցե այն ( տնտեսության ունիվերսալ մոդելը ) պետք չէ՞... և չարժե այլևս փնտրել:
Չի բացառվում, որ վերջինս էլ, այսինքն` ազգային առանձնահատկությունների և էթնիկ հոգեբանության հաշվից դուրս թողնելն է, որ ստիպել և հանգեցրել է արհեստական բանականության ստեղծման ու լայնորեն կիրառման օրակարգին, և ոչ միայն դրան: Սակայն նույնիսկ այս գաղափարի գործնական լայնորեն կիրառման պարագայում հնարավոր չի լինի խուսափել էթնիկ ազդեցություններից և մարդկային գործոնից: Հավանաբար այդ ազդեցությունից հնարավոր կլինի խուսափել միայն այն դեպքում, երբ մարդու կողմից ստեղծված որևէ «մեքենա», կամ մի քանի «մեքենաներ» համատեղ` ի զորու կլինեն ստեղծել իրենցից ավելի կատարյալ մի «մեքենա», բայց արդեն ինքնուրույն` առանց մարդու միջամտության: Սակայն նշված դեպքում կսկսվի արդեն ընդհանրապես մարդկության գոյությունը կասկածի տակ դնելու փուլը: Կարճ ասած, դա` կլինի մարդկության վերջի սկիզբը:
Այնուամենայնիվ, կա մասնագետների մի շերտ, որոնք համոզված են, որ նշված էթնիկ գործոնները անտեսելով, և տնտեսությունը վարող գլխավոր դերակատարի, այսինքն` մարդ էակի վրա զուտ արտաքին գործոնների ազդեցությամբ (բարոյական, տնտեսական, իրավական, և այլ նորմերի կիրառմամբ ) հնարավոր կլինի հասնել նաև` ունիվերսալ, միատիպ մարդու արարմանը:
Գուցե հենց ա՞յս նպատակի իրագործմանն են ուղղված եղել դեռևս Մակեդոնացու ժամանակից սկսված և 20-րդ դարի սկզբից լայն թափ ստացած «...ազգերի միջև պատնեշները վերացնելուն...» ուղղված Լենինյան ջանքերը: Չէ՞ որ հենց այդ ժամանակ ըստ էության ազդարարվեց անսահման գլոբալիզացիայի առավել բուռն դարաշրջանի սկիզբը:
Այսպիսով, վերոնշյալը հաշվի առնելով` առաջ են գալիս առանձին վերցրած մեկ երկրի (մանավանդ ազգային ընդգծված մեծամասնություն ունեցող) տնտեսության կազմակերպման համար որևէ առավել նպատակահարմար մոդել կիրառելու խնդրի լուծման տրամաբանական և ընդհանրական երկու մոտեցումներ:
Առաջին մոտեցումը.
քանի որ դեռևս հնարավոր չէ տնտեսական մոդելների մեջ ներառել և հաշվարկել էթնիկ յուրահատկության գործոնը, (տարբեր տնտեսա-մաթեմատիկական մոդելների մեջ կիրառվող նույնիսկ էմպիրիկ գործակիցը շատ սուբյեկտիվ է), ապա` պետք է աշխարհով մեկ ստեղծել մի ունիվերսալ մարդու մոդել, առանց ազգային, մշակութային, լեզվական, արժեքային և էթնիկ հոգեբանական առանձնահատկությունների և տարբերությունների: Այլ կերպ ասած` արհեստական, թվայնացված, ամբողջովին ռոբոտացված պարզագույն կենսաբանական անհոգի միավորների բազմություն: Բնական է, որ միայն այդ դեպքում տեսանելի կլինի տնտեսության կազմակերպման, կարգավորման ու կառավարման այնպիսի միատեսակ բանաձևումը, որի դեպքում գլխավոր գործող անձի, գլխավոր արդյունք ստեղծողի, այսինքն մարդու` հոգևոր, ազգային առանձնահատկություններից բխող հատկանիշները այլևս ոչ մի ազդեցություն չեն ունենա նրա վարքագծի, հետևաբար, նաև տնտեսական արդյունքի վրա: Մոդելավորելը կդառնա շատ դյուրին գործ:
Երկրորդ մոտեցումը.
այնուամենայնիվ` տնտեսագիտական մոդելները, մոտեցումները տեղայնացնել` հաշվի առնելով, համադրելով, ադապտացնելով ու ներդաշնակեցնելով վերը նշված առանձնահատկությունների հետ:
Ստացվում է, որ առկա է երկու ուղի.
առաջին`
բոլոր երկրները, հատկապես ազգային պետությունները հրաժարվում են իրենց պատմությունից, մշակույթից, լեզվից, կրոնից, մնացած ազգային արժեքներից և միանում են «ունիվերսալ մարդ» ստանալու համաշխարհային «շարժմանը», և հայտնի չէ, թե երբ են սկսում զարգանալ առաջարկվող մոդելներով ու մաթեմատիկական բանաձևերով;
երկրորդ`
պահպանում են արժեքները, և ընտրում են իրենց ուրույն զարգացման ուղին, օգտվելով այդ նույն` արդեն փորձարկված տնտեսագիտության ստեղծած հարուստ ռեսուրսից:
Ցանկացած բանական և բարոյական մարդու պատասխանը պիտի որ միարժեք լինի, այն է` պահպանում ենք ազգը և փորձում ենք տնտեսապես զարգանալ:
Տնտեսությունը մշակույթ է։
Առանց մանրամասնելու պետք է նշել, որ ասվածին կարող են և հակադրվել, հատկապես նրանք, ովքեր ներքուստ դեմ են` ազգ, պետություն, հայրենիք, լեզու, կրոն, ազգային մշակույթ, բարոյականություն, և վերջապես` էթնիկ հոգեբանություն ասածին: Նրանց, չափազանց մեղմ և պայմանական անվանենք «մոդելապաշտներ»:
Այժմ մի քանի հռետորական հարց բոլոր «մոդելապաշտներին».
հնարավո՞ր է առանձին վերցրած մեկ երկրում, մանավանդ եթե այն ազգային պետություն է, թեկուզ երկարաժամկետ կտրվածքով կազմակերպել այնպիսի տնտեսություն, որի վրա ոչ մի ազդեցություն չի ունենա ազգային մշակույթը` լայն իմաստով, պատմությունը, կրոնը, և ամենակարևորը` էթնիկ հոգեբանությունը: Օրինակ` հնարավո՞ր է որ բացառապես միևնույն քաղաքական, սոցիալական, իրավական ու տնտեսական կարգավորման պայմաններում ( միևնույն սահմանադրական կարգի, հարկային, մաքսային, վարկային, ֆինանսական, բանկային, դատական, քաղաքացիական, քրեական, վարչական կարգավորումների, և այլն, և այլն, և այլն ) գործող մեքսիկացին և ճապոնացին միևնույն աշխատանքը կատարելիս դրսևորեն բացառապես միանման և իրարից իսպառ չտարբերվող վարքագիծ:
Եվ վերջապես` մի՞թե բոլոր ազգերը, մարդկային բոլոր ցեղերն ունեն միևնույն ունակությունները, նույն հակումները, նույն մոտեցումները բոլոր երևույթների և կատարվող աշխատանքի միևնույն տեսակի նկատմամբ:
Համոզված կարելի է պնդել, որ այս հարցերի պատասխանները միարժեք բացասական են: Զուտ տեսական առումով կարող են լինել նաև բացառություններ, բայց նույնիսկ դրա հավանականությունը ձգտում է զրոյի:
Որպես մեջբերում, պարտադիր պետք է նշել, որ այսպիսի հարցադրումները` թաքնված, կամ անթաքույց չեն կարող ենթադրել մեկ ազգի մյուսի նկատմամբ բացարձակ առավելության, կամ որևէ մի ազգի բոլոր առումներով բացառիկության ենթատեքստ` երբեք: Ճիշտ հակառակը` բոլորը բոլորի նկատմամբ հավանաբար ունեն` և' առավելություններ, և' թուլություններ:
Որպեսզի օրինակները ավելի պարզ մատուցվեն, անցնենք Հայաստանին: Բնականաբար` տնտեսագիտական տարրական վերլուծությունների աքսիոմատիկ պահանջն է` որոշել չափանիշներ, առանձնացնել ցուցանիշներ, կատարել համեմատություններ, գործոնային վերլուծություններ, դետալային ու առանձնահատկային եզրահանգումներ, ընդհանրացումներ, և այլն:
Դրան զուգահեռ, տարբեր քաղաքական, տնտեսական ու սոցիալական վերլուծությունների մեջ երբեմն հանդիպում են այնպիսի համեմատություններ, և դրանց վրա հիմնված ենթադրություններ ու եզրահանգումներ, որոնք ընդհանրապես համեմատվելու որևէ եզրեր չունեն և չեն կարող ունենալ: Որևէ մեկը կարո՞ղ է սպառիչ պատասխան տալ այն հարցին, թե ինչպե՞ս, և ինչու՞ են համեմատում այս կամ այն երկրների տնտեսական ցուցանիշները այն դեպքում, երբ այդ երկրները իրարից տարբերվում ոչ միայն իրենց տնտեսական ու քաղաքական նախադրյալներով, նախորդ տնտեսական դինամիկայով, աշխարհագրությամբ, տարածաշրջանային առանձնահատկություններով, և տնտեսության ընթացքի վրա ուղղակի ազդեցություն ունեցող հարյուրավոր այլ հայտնի գործոններով, այլ` նույնիսկ դեմոգրաֆիայով: Օրինակ` կառավարության կառուցվածքի, կամ պետական ապարատի աշխատողների թվաքանակի օպտիմալության հարցը քննարկելիս, վերցնում ու համեմատում են Հայաստանն ու Հնդկաստանը, Հայաստանն ու Ինդոնեզիան, Հայաստանն ու Հոլանդիան, Հայաստանն ու ԱՄՆ-ը, Հայաստանն ու ՌԴ-ը...
Այդ ինչո՞վ ենք նման... պետության կողմից իրականացվող բոլոր գործառույթնե՞րն են նույնը, թե՞ խնդիրներն են նույնական: Համեմատում են արևելյան եվրոպայի երկրների, (թերևս մեկ-երկուսի հետ մի քանի ցուցանիշներով կարելի է համեմատել), արևմտյան եվրոպայի, երբեմն էլ ամբողջ աշխարհի ինչ-որ միջինացված ցուցանիշների հետ: Պարզունակ պատասխանը կլինի` «...համեմատում ենք, որ տեսնենք, թե որ մեկն է առավել արագ զարգանում, և ինչպես անենք, որ ձգտենք ու հասնենք այդ ցուցանիշներին...»: Թերևս մի քանի ցուցանիշներ կարելի է համեմատել, բայց լավ, համեմատեցինք, իսկ հետո՞...
Պիտի կրկնե՞նք այն, ինչ նրանք են արել: Շատ հաճախ Չինաստանի, կամ Ճապոնիայի օրինակն են մեջբերում: Իսկ որևէ մեկը համեմատում և հաշվի առնու՞մ է (ի թիվս այլ ցուցանիշների) օրինակ` միջին վիճակագրական չինացու, կամ ճապոնացու միջին օրական անհրաժեշտ կենսաբանական սննդային ռացիոնի քանակն ու արժեքը միջին վիճակագրական հայաստանցու համար անհրաժեշտ նույն ցուցանիշի հետ, նաև այն, թե` նույնատիպ ռացիոնով միջին վիճակագրական հայը օրվա մեջ քանի ժամ կարող է աշխատունակ լինել: Այստեղ կարելի է հավելել, որ նույնիսկ սովորական դեղերի դոզավորումն է երբեմն բազմապատիկ անգամ տարբերվում:
Նույնիսկ ինչ-որ ցուցանիշներ են մեջբերում` «...այ, եթե հարկեր ՀՆԱ հարաբերակցությունը մոտեցնենք արևելյան եվրոպայի երկրների միջին ցուցանիշին, ասենք` հասցնենք 30-35-40%%- ի ապա` ամեն ինչ լավ կլինի...»:
Այս ամենն իհարկե, սովորաբար պարտադիր համեմված է լինում աշխարհահռչակ այս, կամ այն գիտնականի, կամ` այս, կամ այն միջազգային կազմակերպության հրապարակումներից հատվածային մեջբերումներով, աղյուսակներով, բանաձևերով, տարբեր կորերով, գծապատկերներով, օտարալեզու տերմիններով, և այլն:
Իսկ միգուցե մեզ պետք է 60-70%%... Չէ՞ որ մենք ըստ էության պատերազմող երկիր ենք, և մեզ օդի և ջրի պես անհրաժեշտ է շեշտակի բարձրացնել երկրի պաշտպանունակությունը: Կամ` այդ ո՞ր ճյուղերն ու ենթաճյուղերն են, որ այնքան կենսունակ և հեռանկարային են Հայաստանում, և տեսանելի ապագայում կարող են իրենց դիրքերը այնքան ամրապնդել, դիմանալ մրցակցությանը, որ դրա հետ միասին նաև իրենց վրա վերցնեն այսօրվա համեմատ համարյա կրկնակի հարկային բեռ, զարգանան ու ընդլայնվեն: Իսկ միգուցե մեզ անհրաժեշտ է հարկեր ՀՆԱ հարաբերակցությունը իջեցնել, ասենք` 10-15%%, իսկ հարկման բազան ընդլայնե՞լ: Թե՞ խնդիրը պարզապես նմանվելն է:
Իսկ միգուցե անհրաժեշտ է նվազեցնե՞լ հարկային բեռը, կամ ո՞ր ճյուղերինը բարձրացնել, որոնցը` նվազեցնել, կամ` ընդհանրապես փոխել հարկային համակարգը, և ինչի՞ց ելնելով...
Բացի այդ` վաղուց մոդայիկ է դարձել, ընդ որում ոչ միայն Հայաստանում` պարզունակ մոտեցմամբ մատնացույց անել այս կամ այն երկրի օրինակը (Իռլանդիա, Շվեյցարիա, Սինգապուր, Հոնկ Կոնգ, և այլն ), և հայտարարել` «... այ եթե այս երկրի պես քաղաքականություն, օրենքներ ու կարգավորումներ ընդունենք և կիրառենք, ապա` կունենանք հիանալի անշեղ զարգացում, և շատ լավ կլինի ամեն ինչ...»:
Լավ ե՞նք մտածել: Իսկ կարո՞ղ ենք կիրառել նրանց օրենքներն ու կարգավորումները, դա հնարավո՞ր է, իրատեսակա՞ն է:
Իսկ մարդի՞կ... մարդիկ, որոնք ապրում են մեր երկրում, իսկ այդ մարդկանց գործոնը հաշվի առե՞լ ենք: Հաշվի առե՞լ ենք մեր երկրում ապրող ու արարող 3 միլիոն հայ «գործոնները», որոնք ի թիվս այլ, ենթադրենք մաթեմատիկորեն ու տնտեսագիտորեն ճշգրիտ հաշվարկված գործոնների` անմիջականորեն և ուղղակի ազդում են տնտեսության վրա` իրենց կենցաղով, մշակույթով, պատմությամբ, հոգեկերտվածքով, և դրանցից բխող վարքագծով: Հաշվե՞լ ենք, կամ` ի վիճակի ե՞նք հաշվել:
Օրինակ` կարող ե՞նք պատասխանել այն հարցին, թե ինչու՞ դեռևս ԽՍՀՄ կազմի մեջ գտնվող հանրապետություններում միաժամանակ կառուցված, գործարկված բացառապես միատեսակ գործարանների արտադրանքի որակը, ըստ ԽՍՀՄ կազմի մեջ մտող հանրապետությունների` նույն ժամանակահատվածում սար ու ձորի տարբերություններ էր ունենում: Կամ` նրանցից որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե այդ ո՞ր ազգի ներկայացուցիչներն են, որ շատ արագ ( 2-5 ամսում ) , ադամանդ մշակողի, կամ ոսկերիչի աշակերտից դառնում են վարպետ, և ինչու՞...
Կամ` որքանով է կիրառելի ասենք` կորպորատիվ կառավարման շվեդական մոդելը Հայաստանի և հայերի համար: Կամ` կարո՞ղ է գերմանացին ձեռագործ մետաքսե գորգ գործել, այնպես ինչպես դա կարող է անել պարսիկը, իսկ պարսիկը` գերմանական որակի ավտոմեքենա արտադրել: Օրինակները շատ շատ են:
Ընդ որում` հենց սրա վրա է հիմնված «աշխատանքի միջազգային բաժանում» վերջերս իսպառ մոռացված, սակայն օբյեկտիվորեն գործող հասկացությունը:
Եվ վերջապես... Ի վիճակի ե՞նք հաշվել, թե ո՞ր պահին Ադրբեջանը կրկին կհարձակվի:
Այս ամենի հետ միասին, պետք է նշել, որ միանշանակ կարելի է համաձայնվել այնպիսի արդեն կիրառված ու հաջողված երկրի մոդելի ամբողջական կրկնօրինակմանն ու կիրառմանը, որը`
1. չունի ելք դեպի ծով;
2. որի սահմանակից հարևաններն են` Իրանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան, իրենց բոլոր առանձնահատկություններով;
3. որն ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմաններ;
4. որն ունի Հայաստանի հետ բացառապես նույնանման ռեսուրսային, կլիմայական պայմաններ ու աշխարհագրություն;
5. որն ունի աշխարհով մեկ սփռված, իր բնակչության համեմատ եռապատիկ քանակով ավելի Սփյուռք;
6. որն ունեցել է բացառապես նույնանման քաղաքական ու տնտեսական հետագիծ` նախորդ առնվազն երկու տեխնոլոգիական շրջափուլերի ընթացքում;
7. Եվ ամենակարևորն ու որոշիչը` որ այնտեղ ապրեն 3 միլիոն հայեր` իրենց պատմությամբ, կրոնով, լեզվով ու մշակույթով, կրթական մակարդակով:
Իսկ կա՞ այդպիսի երկիր: Եթե կա, ապա` թող ասեն «մոդելապաշտները»:
Ոչ ոք չի պնդում, և առնվազն խելամտության սահմաններից դուրս կլինի այն պնդումը, թե` մենք պետք է դեն նետենք համաշխարհային փորձը, հաշվի չառնենք գոյություն ունեցող իրողությունները, ահռելի գիտական պաշարն ու գործնական ընթացքը, այս, կամ այն հատվածում` երկրների փորձը, և այլն: Երբե'ք...
Սակայն այդ ամբողջի տեղայնացումը մեր երկրում, ներդաշնակեցումը Հայաստանի առանձնահատկություններ հետ, Հայ տեսակի էթնիկ վարքագծի և գործելակերպի յուրահատկությունների հետ` պարզապես այլընտրանք չունի: Հակառակ դեպքում մենք պարզապես կկտրվենք օբյեկտիվ իրականությունից` իր բոլոր բացասական հետևանքներով: Այդ համադրումը չափազանց կարևոր է այն իմաստով, որպեսզի առավելագույնս օգտագործվեն այդ առանձնահատկությունների առավելությունները, և միաժամանակ հաշվի առնվեն թերությունները, այսինքն` տնտեսվարման տեսանկյունից` ուժեղ և թույլ կողմերը: Պետք է պարտադիր հաշվի առնել, որ այդ առանձնահատկությունները որոշ դեպքերում` համընկնում, որոշ դեպքերում` սահմանափակում, իսկ որոշ դեպքերում ընդլայնում են այս կամ այն տնտեսական, կամ իրավական համակարգի գործնական կիրառումը:
Իսկ ինչպե՞ս հաշվի առնել այդ գործոնները, առանձնահատկությունները, ինչպե՞ս համադրել դրանք տնտեսության տարբեր մոդելների, կարգավորումների, օրենսդրության, տնտեսագիտության օրենքների, աքսիոմատիկ թվացող պնդումների հետ, որպեսզի դրան զուգահեռ` աշխարհի համար մնանք հասկանալի, ընկալելի, չափելի, և որպես պետություն` փորձենք պահպանել, ամրապնդել` վստահելի, արժանապատիվ կեցվածք և զարգացման հեռանկար ունեցող գործընկերոջ կերպարը:
Հարցերը շատ շատ են, և առաջին հայացքից շատ բարդ, սակայն լուծումները գործնականում այնքան էլ բարդ չեն:
Սակայն մինչ այդ, և այդ հարցերին առավել ճշգրիտ պատասխանելու համար, անհրաժեշտ է գիտակցել, զգալ, սահմանազատել, հստակեցնել մեր ազգային ու պետական նպատակադրումները, պարզ սահմանել դրանք:
Ըստ այդմ` ձևավորել այն գլխավոր ազգային գաղափարական առանցքը, որի շուրջ հնարավոր կլինի Սփյուռքի հետ միասին «հյուսել» հետագա զարգացման ուղին` արդյունավետ քաղաքական ու անվտանգային համակարգը, համաշխարհային գիտական ու գործնական հարուստ փորձի վրա հիմնված ու տեղայնացված տնտեսական առաջընթացի մեր` ազգային մոդելն ու դրանից ածանցվող ոլորտային քաղաքականությունները:
Ամենայն հավանականությամբ վերջինս է այն ելակետը, կամ մեկնակետը, որից սկսելը հնարավոր կդարձնի հասկանալ և պատասխանել վերը շարադրված հարցերին:
Կընկալենք այս ամենը` հավանաբար կհաջողենք, իսկ եթե ոչ, ապա` միգուցե այսպես էլ կշարունակենք ապրել` մի օր վատ, մի օր լավ, մի օր` նորից վատ, իսկ հետո` ավելի վատ...
Իսկ հետո, երբ` ինչ-որ մի օր կհասկանանք, միգուցե և` շատ լավ:
Միգուցե...
Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը